Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի Կութ և Սոթք գյուղերից ահազանգեր են հնչում, որ ադրբեջանցի զինծառայողները հրդեհում են ոչ միայն արոտավայրերն ու խոտհարքները, այլ նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով հնձել, պաշարել են ձմեռվա համար։
Դրանք գյուղացիական տնտեսություններին ուղղակիորեն դնելու են փաստի առջև՝ մարդիկ, ըստ էության, իրենց միակ ապրուստի միջոցից զրկվելու են՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության փորձագետ Վարդան Ալեքսանյանը։
1 հակ խոտը, որը 1 խոշոր եղջրավորին բավարարում է ընդամենը 1-1,5 օր, մեծածախ վաճառքով արժե մոտ 2 հազար դրամ։ Երբ թշնամին հրդեհում է արոտավայրերն ու կապած հակերը, գյուղացիները ստիպված պետք է լինեն հսկայական գումար վճարել՝ անասունների ձմեռվա կերն ապահովելու համար։ Սա նշանակում է՝ անասնապահությունը դառնալու է անշահավետ գործ, և գյուղացիները նախընտրելու են ազատվել գխաքանակից։
Վարդան Ալեքսանյանը նշում է, որ խնդիրը ոչ միայն հրդեհումներն են, այլև այն, որ սահմանամերձ շատ գյուղերում գյուղացիները նաև վախենում են օգտվել իրենց արոտավայրերից, քանի որ թշնամու դիրքերն ուղիղ նայում են դրանց։
«Նրանք պարզապես թողնում են ու չեն մոտենում այդ տարածքներին, իսկ մենք չունենք վիճակագրություն՝ քանի հեկտար։ Այսինքն, դառնալու է բացարձակապես անշահավետ գործունեության ոլորտ, մարդիկ գլխաքանակը ոչնչացնելու են և սա պարզապես կաթվածահար է անելու ոլորտը»,-ասաց նա։
Խոտհարքերը նվազել են նաև Արցախի հողերի կորստով։
Բացի այս, արոտավայրերը և կերային մշակաբույսերի ցանքատարածությունները էապես կրճատվել են վերջին տարիներին։
«Եթե 5 տարի առաջ՝ 2016 թ-ին, ՀՀ-ում ունեինք 85,5 հազար հա կերային տնտեսություններ, ապա այսօրվա դրությամբ թիվը շուրջ 58 հազար հա է․ գրեթե 1/3-ով կրճատվել են կերային մշակաբույսերի ցանքատարածությունները։ Սա պայմանավորված է պետության անհեռանկարային քաղաքականությամբ կամ քաղաքականության բացակայությամբ։ Պետությունը մասնագիտացման, արտադրության տեղաբաշխման, այս կամ այն արտադրանքի պահանջարկի հետ կապված հեռանկարային հաշվարկներ, կանխատեսումներ, ռազմավարական պլանավորումներ չի իրականացնում։ Արդյունքում այս ճյուղն առանց այն էլ աղետի եզրին է։ Այդ ցանքատարածությունների կրճատումը կերի գնի առումով անհետևանք մնալ չի կարող»,-ասաց Վարդան Ալեքսանյանը։
Կերային մշակաբույսերի ցանքատարածությունների կրճատումը ենթադրում է կերի բազայի կրճատում, դա ուղիղ հավածում է անասնաբուծության ոլորտին, որն էլ շղթայական էֆեկտ է ունենում։
«Տեսեք՝ կերը պակասում է, անասնաբուծության ոլորտը տուժում է, անասնագլխաքանակը պետք է տրամաբանորեն կրճատվի, դա հանգեցնելու է անասաբուծական մթերքների կրճատմանը՝ մսի, կաթի, հիմնական արտադրատեսակների կրճատմանը, դրանից ակնհայտ է, չէ՞, որ պետք է թանկանան դրանցով արտադրվող արդյունբաերական ապրանքները՝ թթվասեր, կարագ, բուսական, կենդանական յուղ, մսամթերքի տեսակներ և այլն։ Եվ այսպես ուղիղ հարված բնակչության կենսամակարդակին։ Սա իր հերթին շղթայաբար թանկացնելու է ամենաօրյա սպառման ապրանքները՝ մսամթերքը, կաթնամթերքը, պարենամթերը, որ կարևորագույն սննդատեսակներն են։ Սա ուղղակիորեն հանգեցնում է բնակչության կենսամակարդակի անկման։ Իսկ այդ ցուցանիշները տարեսկզբից ի վեր թմբկահարում ենք»,-ասաց գյուղատնտեսության փորձագետը։
Վարդան Ալեքսանյանը նկատեց, որ Շիրակի, Գեղարքունիքի մարզերի և բարձր լեռնային գոտու այն գյուղացիական տնտեսությունները, որոնք սեփական կերային բազա չունեն, գնովի կերերի վրա է հիմնված նրանց անասնաբուծությունը, անպայմանորեն ազատվելու են գլխաքանակից, չեն կարողանալու ձմեռվա պաշարը հավաքել, որովհետև թանկուկրակ հակերը գնելով՝ ինքնարժեքի մեջ ուղիղ անդրադարձ է լինելու կաթին և մսին, իսկ մենք տեսնում ենք, որ գյուղացիական տնտեսությունները ինչպես 120-150 դրամով կաթը վաճառում էին վերամշակողներին, այնպես էլ շարունակում են վաճառել նույն գնով։
Գյուղատնտեսության փորձագետի համար ակնհայտ է, որ եթե տարեվերջին չէ, ապա մյուս տարի ձմռան սկզբին՝ հունվար-մարտ ամիսներին, մենք կունենանք անասնապահական արտադրանքի գների բարձրացում։ Իսկ պարենամթերքի գների ինդեքսում 2021 թ-ի երկրորդ եռամսյակում արդեն ունենք 8,3 տոկոս գնաճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ․ սա աղետալի ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ բնակչության շուրջ 30 տոկոսը աղքատ է։
Աննա Բալյան