կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-24 22:30
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անասնագլխաքանակի կրճատումը կնվազեցնի կաթի և մսի արտադրությունը, ինչը շղթայաբար խնդիրներ կառաջացնի. Վարդան Ալեքսանյան

Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն այս տարի 8,8 տոկոսով կրճատվել է․ սա ամենացածր մակարդակն է վերջին 12 տարում։

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վարդան Ալեքսանյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց՝ դեռ մեկ տարի առաջ Արցախի Հանրապետությունից հարկադրաբար բավականին մեծ գլխաքանակ էր տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, դրան հաջորդեց սահմանային արտովայրերի՝ թշնամու վերահսկողության տակ անցնելը, և անասնաբույծներն անգամ արոտավայրերի խնդիր ունեցան։ Նույն տարում խոշոր եղջերավորների հիմնական կերային բազա խոտի գինը կտրուկ բարձրացավ՝ 1 հակը դարձավ 2 հազար դրամ։ Կար նաև վիճակագրություն, որ վերջին 5-6 տարում էականորեն նվազել են կերային մշակաբույսերի ցանքատարածությունները․ 2020 թ-ին մոտ 27 տոկոսով պակասել էր, իսկ սա նշանակում էր, որ կերի բազան 1/3-րդով պակասում է։ Այն ժամանակ արդեն կանխատեսելի էր, որ անասնագլխաքանակը էականորեն կրճատվելու է։

«Այս պահին ինչո՞ւ շատ մեծ ծավալով գլխաքանի կրճատման պրոցեսներ չկան՝ անասնաբուծական տնտեսությունները դեռևս սպասողական վարքագիծ են ցուցաբերում, մինչև տեսնեն՝ կերի հարցն ինչպես է կարգավորվում։ Եթե այս գարնան նախաշեմին բարդությունները շարունակվեն և այդ խնդիրը չկարգավորվի, իմ գնահատմամբ, մենք կունենանք ևս զգալի թվով անասնագլխաքանակի կրճատում»,-ասաց Վարդան Ալեքսանյանը։

Հարկադրաբար մորթից շուկայում մսի քանակը կավելանա և գինը դրվագաբար կիջնի, բայց հետո տեղի կունենա ամենամտահոգիչը․ անասնագլխաքանակի կրճատումը կենթադրի երկու բան՝ կաթի և մսի արտադրության կրճատում։ Սա էլ շղթայաբար կհանգեցնի կաթ և միս վերամշակող կազմակերպություններում խնդիրների։

«Եթե հումքի առաջարկը պակասում  է՝ վերամշակող կազմակերպությունները բարձր գնով ձեռք բերված հումքի պարագայում թանկացնելու են մսամթերքը և կաթնամթերքը։ Սրանք էլեմենտար հարցեր են»,-ասաց տնտեսագետը։

Գլոբալ զարգացումների հետ կապված՝ խնդիրների պետք է սպասենք նաև ներկրման մասով։

«Անընդհատ հույսը դնել՝ պակասը ներմուծման հաշվին լրացնելու, մենք այն պետությունը չենք և ժամանակներն էլ այդպիսին չեն, որ որևէ պետություն հակված լինի ներմուծման ծավալների ավելացման։ Մինչդեռ մենք, ցավոք սրտի, դրան ենք գնում բոլոր ապրանքատեսակների առումով»,-նշեց նա։

Հիմնական խնդիրը, փաստորեն, կերի պակասն է։ Այս պահին սրվել է և հատիկային կերի խնդիրը՝ կապված Ռուսաստանի կողմից ԵԱՏՄ տարածք ներկրելը սահմանափակելու հետ։ Եվ անասնաբույծների մոտ բացասական սպասումներ են առաջացել նաև կերի դեֆիցիտի վտանգի  առումով։

Քանի դեռ անասնապահներն ավելի ակտիվ չեն սկսել վերացնել խոշոր եղջերավորներին՝ տնտեսագետն անհրաժեշտ է համարում կերի պակասը լրացնել տեղում արտադրությամբ։

«Մշտապես իմ սկզբունքն է եղել բոլոր հարցերը լուծել տեղական արտադրության զարգացման միջոցով։ Սա պարզապես այլընտրանք չունի հատկապես կենսական նշանակություն ունեցող պարենային ապրանքների գծով»,-ասաց տնտեսագետը։

Այնինչ կառավարությունը ինքնատիպ լուծում գտավ՝ որոշեց այս տարի չեղարկել գարնանացան հացահատիկային մշակաբույսերի սերմացուի սուբսիդավորման ծրագիրը․ այն  չիրականացրեց՝ պարենային անվտանգության սուր հիմնահարցի պայմաններում։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․