կարևոր
4999 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-09 23:14
Հասարակություն

Որևէ մեկն իրավունք չունի Վեհափառին դրդել, պարտադրել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Որևէ մեկն իրավունք չունի Վեհափառին դրդել, պարտադրել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Տևական ժամանակ է նշանառության տակ են վերցված Հայ Առաքելական Եկեղեցին, անձամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Երկրում երկպառակություն սերմանելուն լծվածներին ակնհայտորեն չեն գոհացնում Եկեղեցու, Նորին Սրբության գործադրած ջանքերը, որոնք խորապես մեր ազգային, պետական շահերը սպասարկելուն միտված քայլեր են։

Առանձնակի մտահոգիչ են Հայոց Հայրապետի անձի շուրջ շահարկումները, որոնք ոչինչ դրական չեն կարող բերել։ Ավելին՝ օտարի շահերը սպասարկող ուժերի կողմից երկրում այդ կերպ առճակատման սրումն ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք է, դավադրություն։

Այս ամենով հանդերձ փաստ է, որ Եկեղեցին իր ներսում ունի խոցելի տեղեր, երևույթներ, անձեր, ինչից էլ օգտվելով վարկաբեկում, վտանգում են նրա հեղինակությունը։ Խնդրով մտահոգ՝ Եկեղեցին ինքը պիտի նախաձեռնի տեսանելի փոփոխություններ, ազատվի վարկաբեկման առիթներից, պարզ ու շիտակ խոսքով ժողովրդին ներկայացնի կուտակված խնդիրները, լուծման պատրաստակամությունը։

Երկրում ծավալվող այս ծանր իրադարձությունների հետ կապված՝ հայ հոգևորականները չպետք է լռեն, չպետք է վախենան, որ իրենց կմեղադրեն քաղաքականությամբ զբաղվելու համար։ Այս իրավիճակն այլևս քաղաքականություն չէ։ Սա երկրի, ազգի փրկության խնդիր է, և Եկեղեցին պարզապես պարտավոր է չլռել, համախմբել ու առաջնորդել ժողովրդին։ Դա՛ է նրա իրական առաքելությունը։

Որևէ մեկին իրավունք չի վերապահված, քողարկված շահեր հետապնդելով, Վեհափառին դրդել, պարտադրել հրաժարականի։ Նորին Սրբությունն այնքան հզոր, հայրենասեր անձ է, որ անհրաժեշտության դեպքում, հանուն երկրի փրկության և Եկեղեցու առաջընթացի, ինքնուրույն կարող է հանգել նման որոշման։

Եկեղեցին մերօրյա Հայաստանում աներեր մնացած փաստացի միակ կառույցն է, ու դրանում հսկայական է Վեհափառի ավանդը։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ