կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-14 19:58
Քաղաքական

Մեր թիմը մրցունակ է. Վարդան Ալեքսանյան

Մեր թիմը մրցունակ է. Վարդան Ալեքսանյան

Այսօր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ընտրողների հետ հանդիպում են ունեցել Դաշնակցության ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա էին նաև մարզում ՀՅԴ-ի կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուները:

Տավուշի փոխմարզպետ Վարդան Ալեքսանյանը, ով ՀՅԴ ռեյտինգային ցուցակում է, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց թիմի անդամները չարատավորված մարդիկ են: «Մենք ունենք հրաշալի թիմ, թիմ, որի անդամները չարատավորված, չվարկաբեկված անձնավորություններ են, որի մեջ կան և' տարիքովներ, և' երիտասարդներ, որի մեջ կան մարզում հայտնի, Հայաստանում հայտնի մարդիկ` մտավորականներ, վարչական աշխատողներ, բժիշկներ: Մեր թիմը մրցունակ է, մենք համոզված ենք, որ այդ թիմով հաջողելու ենք»,- ասաց թեկնածուն:

Խոսելով իրենց ծրագրի մասին` նա նշեց, որ այն փորձություն է անցել: «Մեր ծրագիրն այսօրվա ծրագիր չէ, սա այն ծրագիրն է, որը հաջողությամբ փորձարկվել է աշխարհի այն երկրներում, որտեղ սոցիալիստական տնտեսակարգ կա, այն երկրներում, որտեղ սոցիալիստական կուսակցություններն են անցել իշխանության, և մերը նույն այդ սոցիալիստական տնտեսակարգը քարոզող ծրագիր է»,- ընդգծեց փոխմարզպետը:

Երիտասարդ թեկնածու Սուրեն Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մարզում խնդիրները շատ են, և չցանկացավ առանձնացնել որևէ մեկը: Նա կոչով դիմեց ընտրողներին` նշելով, որ իր կարգախոսը` «Ես ձեր ընկերն եմ», հատուկ է ընտրել, որպեսզի մարդիկ, իրեն ընտրելով, հասկանան, որ ձայն են տվել իրենց ընկերոջը:

Այնուհետև Մանուկյանը նշեց, որ իրենց թիմում մրցակցություն չկա: «Բացարձակապես չկա մրցակցություն, մենք միմյանց հանդեպ հարգանք ունենք, բոլորս ընկերներ ենք, իսկ ընկերը չի կարող մրցակից լինել»,- ասաց նա: