կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-05 22:09
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սննդամթերքի երկնիշ գնաճ ունենք՝ անգամ կարտոֆիլի, մանր եղջերավորների մսի և բանջարեղենի մասով․ Վարդան Ալեքսանյան

Կենտրոնական բանկի նախանշած 5,5 տոկոսի փոխարեն պարենամթերքի սպառողական գինն աճել է շուրջ 8,9 տոկոսով՝ հունվար-սեպտեմբերի ամիսներին, իսկ ալկոհոլային խմիչքը հանած՝  սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը երկնիշ թվով է՝ 15,8 տոկոս:

«Սա որևէ մեկս ամենավատատեսական կանխատեսումներով էլ չէինք պատկերացնում, թեպետ մենք որոշ փորձագետներով, տնտեսագետներով հակված էինք, որ գնալով  գնաճի տեմպն ավելանում  է և դա լավ բանի չի հանգեցնելու»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության փորձագետ Վարդան Ալեքսանյանը։

ԿԲ-ն այս գնաճը չկարողացավ զսպել։ Իշխող թիմը պատճառը համարում է արտաքին շոկերը, ներկրման խնդիրները, բերում է տարբեր երկրների օրինակներ, որ՝ այս կամ այն երկրում նույնպես այդ գնաճը կա։

«Նինչդեռ սպառողական գների կազմում պարենամթերքի գնի աճը ՀՀ-ում ավելի աննախադեպ է, քան այլ երկրներում։ Սակայն, ըստ էության, ԿԲ-ն դրամավարկային քաղաքականության բոլոր լծակներով, գործիքակազմով, չկարողացավ այս անասելի գնաճի դեմն առնել։ Գնաճի զսպման մեխանիզմները կապում ենք ԿԲ-ի հետ, սակայն այս աննախադեպ իրավիճակը ես կկապեի ավելի տնտեսական մեխանիզմների հետ․  մենք գործ ունենք արտասովոր տնտեսական իրողության հետ ՀՀ-ում արդեն  ոչ թե ամիսներ, այլ վերջին մի քանի տարում»,-ասաց տնտեսագետը։

Առանձին ոլորտներում, նրա համոզմամբ, տնտեսական քաղաքականության բացակայության պայմաններում այսպես էլ պետք է լիներ․ կոնրետ պարենամթերքի մասով գնաճը դեռ սկիզբն է, որովհետև շատ ոլորտներ ձախողված են, տապալված է ոլորտի քաղաքականությունը, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի։

«Չէ՞ որ պարենամթերքի գները ձևավորվում են արտադրվող արտադրանքի ծավալով՝ տվյալ շուկայում տեղական արտադրանքի առաջարկով, և նաև ներկրմամբ պայմանավորված։ Այն արտադրաքները, որոնցով տեղական արտադրությամբ ինքնաբավ էր մեր երկիրը ավանդաբար՝ կարտոֆիլը, մանր եղջերավորների մսի, խաղողի և բանջարեղենի որոշ տեսակների գծով, այս տարի մենք տեսանք, որ ավանդաբար ինքնաբավությամբ 100 և ավելի տոկոս ունեցող կարտոֆիլի մասով ունեցանք խայտառակ գնաճ»,-փաստեց Վարդան Ալեքսանյանը։

Ոլորտի պատասխանատուն, կարծես, հակառակ դիտակետից է այս հարցին մոտենում՝ կապելով արտահանման հետ, ընդ որում դա արվում է հպարտությամբ՝ ասելով, որ այս տարի պատմական ռեկորդ ենք սահմանել կարտոֆիլի՝ այսպիսի ծավալով արտահանման, կարտոֆիլի արտահանումը շուրջ 30 տոկոս երբեք չի եղել ՀՀ-ում։ Մինչդեռ բոլորն ենք հասկանում, որ կարտոֆիլը «երկրորդ հաց» լինելով՝ Հայաստանում ուներ իր կենսական կարևոր նշանակությունը։ Այդ տեսակետից պետությունը պետք է որոշակի մեխանիզմներ առաջադրեր՝ նախապես ուսումնասիրեր վիճակը, որովհետև ՀՀ-ն առանց այն էլ ոչ սովորական իրողություներում է գտնվում՝ հետպատերազմյան երկիր է, գումարած համաճարակով պայմանավորված աննախադեպ պայմանները։

«Այս իրավիճակով պայմանավորված՝ պետությունը պարտավոր էր այն մի քանի ստրատեգիական նշանակության պարենամթերքի գծով իր աչքը չորս արած հետևեր, որ կարգավորեր շուկան, արտադրությունը, պահանջարկ-առաջարկի հարաբերակցությունը և ըստ դրա արտահանման քաղաքականություն ծավալեր։ Մինչդեռ այս ամենը բարձիթողի վիճակի մատնելով՝ նախարարի կողմից հակառակն ենք լսում, որ 30 հազար տոննա արտահանել են, իսկ եթե 100 հազար տոննա դառնա արտահանումը, մենք ո՞ր երկրից ենք ներկրելու․ սա էլեմենտար հարց է»,-ասաց Վարդան Ալեքսանյանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրուցը՝ տեսանյութով․