Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը հերթական դավադիր քայլն է նախապատրաստել գյուղացու համար: Որոշել են վերացնել հակակարկտային ծառայությունը: Հավաստի տեղեկություն ունենք, որ կառույցի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ նախագիծ է շրջանառության մեջ դրվել, որով առաջարկվում է վերացնել Հայաստանի հակակարկտային կայանքները, փոխանցել գյուղապետարաններին։
Գործընթացը տեղի է ունենում ծածուկ, անաղմուկ՝ ընտրություններից առաջ գյուղացիներին չբորբոքելու նպատակով։ Հակակարկտային կայանների տարածքը գյուղացուն միշտ էլ ամենապաշտպանվածն է թվացել։ Կայանի հարեւանությամբ բերք աճեցնելը համարվել է ապահովության գրավական։ Այսօր այս ապահովությունն էլ մարդիկ կկորցնեն, եւ չի բացառվում, որ հերթական բունտը գյուղերում հասունանա։
Հակակարկտային ծառայությունն այսօր էլ լավ վիճակում չէ: Այն վերացնելու որոշումը, հավանաբար, ընդունել են դեռ 2018 թվականին:
Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի մասնագետներն են այս մասին պարբերաբար ելույթներ ունեցել, ներկայացրել, որ հակակարկտային ցանցն անարդյունավետ է, որ միլիոնավոր դոլարներ են ծախսվել դրա վրա, սակայն այն իրեն չի արդարացնում: Վերջերս էլ Փաշինյանի մոտ է քննարկում եղել: Եվ քանի որ մեզ մոտ ավանդույթ է թերությունները շտկելու փոխարեն քանդելը, վարչապետը չի առարկել եւ հանձնարարել է կարծիք ստանալ նախարարություններից՝ էկոնոմիկայի, արտակարգ իրավիճակների եւ շրջակա միջավայրի, որի կազմում էլ ներկայում գործում է հակակարկտային ծառայությունը: Սա ձեւական քայլ է, քանի որ իրականում կայանների լինել-չլինելու հարցը վաղուց է լուծված:
Ծառայության աշխատակիցները տեղեկացնում են, որ արդեն երկար ժամանակ է՝ իրենք պահեստամասեր չեն ստանում, տրանսպորտային ծախսերը դադարեցվել են։ Նրանց մոտալուտ գործազրկություն է սպասվում:
Պատկերացնելու համար, թե ինչ կարեւորություն ունեն կայանները, մի թիվ միայն նշենք՝ ամեն կարկտահարության հետեւանքով առաջացած վնասն առնվազն 10 միլիոն դրամ է կազմում։ Ըստ պաշտոնական տվյալների, այս տարի մոտ 500-700 կարկտավտանգ իրավիճակ է վնասազերծվել ծառայության կողմից։ Այն ունի մոտ 150 աշխատակից։
Հակակարկտային ծառայությունը ստեղծվել է 60-ական թվականներին։ Այն ժամանակ կիրառվել են կարկուտը ցրելու հրթիռային եւ հրանոթային մեթոդները։ Հետագայում այդ սարքավորումները փոխանցվել են բանակին, իսկ հակակարկտային ծառայությունը սկսել է օգտագործել գազագեներատորային կայաններ։
Այս մեթոդն ավելի էժան է, նվազ արդյունավետ, բայց չեղածից լավ է։ Պայթյուն է տեղի ունենում թնդանոթի մեջ, եւ ձայնային ալիքի ազդեցության շնորհիվ կարկուտի ազդեցությունը մեղմվում է, կոպիտ ասած՝ հատիկները փոքրանում են կամ անձրեւի են վերածվում:
Այսօր Հայաստանում մոտ 600 այսպիսի կայան կա։ Ունենք նաեւ երեք հրթիռային կայանքներ, որոնք բերվել են 2017 թվականին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ջանքերով: Նա հասկացել էր, որ ծառայությունը պետք է արդիականացվի, եւ քանդելու փոխարեն որոշել էր վերազինել:
Այն ժամանակ հակակարկտային ծառայությունը գործում էր ԱԻՆ համակարգում, հետագայում անցավ շրջակա միջավայրի նախարարությանը, դարձավ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի մասը։ Ըստ տեղեկությունների, հենց այս կենտրոնում է ծնվել հակակարկտային ծառայությունը վերացնելու գաղափարը։ Հակակարկտային ծառայությունն այսօր ռադիոլոկացիոն կայաններ ունի, առցանց դիտարկում է կարկտավտանգ ամպերը, տեղեկատվությունը՝ ամպի բնութագրի, շարժման ուղղության, բարձրության եւ այլն, մշակում, գնահատում է կարկուտի ռիսկը եւ գործողություններ է իրականացնում։
Ինչպե՞ս են գիտելիքահեն այս կառույցի հետ աշխատելու գյուղապետերը, որտեղի՞ց են վերցնելու այդքան ինժեներներ:
Շրջակա միջավայրի նախարարությունից չհերքեցին մեր տեղեկությունները: Նախարարի խոսնակ Էդգար Առաքելյանը «Հրապարակին» ասաց, որ հակակարկտային ծառայությունների վերաբերյալ վերջնական որոշում ընդունված չէ: «Նման վերջնական որոշում չկա կայացված, ուղղակի հանձնարարություն է եղել՝ ուսումնասիրել հակակարկտային կայանների արդյունավետությունը: Նախնական ինֆորմացիա կա, որ արդյունավետությունը զրո է, որ դրանք որոշակի անհամատեղելիություն ունեն շրջակա միջավայրի հետ, քանի որ գազ են օգտագործում: Կա դրանց լիազորություններն այլ գերատեսչության փոխանցելու, բայց դեռ վերացնելու որոշում չկա: Կա նախնական տեղեկատվություն՝ հիմնված գիտական ուսումնասիրությունների վրա»,- հայտնեց խոսնակը՝ փաստացի հաստատելով մեր տեղեկությունները,-գրում է կայքը: