Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցեց գյուղատնտեսության ոլորտի ներկա խնդիրների, հակակարկտային կայանների մասին: Նշենք, որ նախարարին նման հանձնարարական տվել էր վարչապետը` դեռևս անցյալ շաբաթ:
Սերգո Կարապետյանը հայտնեց, որ մայիսին հանրապետությունում տեղացած կարկտի պատճառով որոշ մարզեր վնասներ են կրել: Նախարարի խոսքով՝ առհասարակ, ապրիլից մինչև օգոստոս հավանականությունը մեծ է, որ կարկտահարություն կլինի, իսկ ինտենսիվ կարկտահարությունը սկսվում է ապրիլից մինչև հուլիսի վերջը: Նա նշեց, որ կարկտահարության պատճառով տուժել են հիմնականում ծիրանենիները և խաղողի այգիները:
«Յուրաքանչյուր մարզում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք ուսումնասիրում են կարկտահարության վնասի չափերը, դրանք պարզ կլինեն մի քանի օրից: Մեր երկրում մենք ավելացնում ենք հակակարկտային կայանները, սակայն դրանց արդյունավետությունը, պաշտպանելու տեսակետից, կազմում է 60-70 տոկոս: Մինչդեռ ցանցային եղանակով կարկտահարությունից պաշտպանվելու միջոցների արդյունավետությունը կազմում է 100 տոկոս: Ուստի Հայաստանում կսկսվել է ցանցային եղանակով` նոր տեխնոլոգիայով հակակարկտային պաշտպանության միջոցների տեղայնացումը: Հույս ունենք, որ տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին Հայաստանում կսկսվի այդ ցանցային միջոցների արտադրությունը»,- ասաց գյուղատնտեսության նախարարը՝ հավելելով, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է, դրանք են՝ կաթիլային ոռոգման համակարգը, ցրտահարությունից պաշտպանվելու նոր եղանակները, ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմոցների կիրառումը և այլն:
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հավելեց, որ Հայաստանում տեղադրված է 412 հակակարկտային կայան, սակայն պահանջվում է ընդհանուր թվով 5165 կայան:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հանձնարարեց հաշվարկել, թե որքան ֆինանսական միջոցներ են պահանջվում` հակակարկտային կայաններն ավելացնելու համար: