Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Եվրախորհրդարանի՝ 2019-2020 թվականների վերաբերյալ «միակողմանի ու օբյեկտիվությունից հեռու» զեկույցը: Չորեքշաբթի՝ մայիսի 19-ին, ԵԽ-ն ընդունել էր խորհրդատվական բանաձև:
ԵԽ-ում կայացած քվեարկության արդյունքներով հաստատվեց Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցը, որով կառույցը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը: Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալ որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգել հայկական մշակույթը պաշտպանելու՝ իր հանձնառությունները։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
«Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաև Արցախի հակամարտությունում Թուրքիայի բացասական դերին։
- Դատապարտվում է այն փաստը, որ Թուրքիան ռազմական գործողություններին վերջ դնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, նպաստել դրանց շարունակմանը՝ դրանով իսկ դիմելով հրահրող հռետորաբանության և նպաստելով լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը:
- Դատապարտվում է Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես դա հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից:
- Եվս մեկ անգամ կոչ է արվում Թուրքիային՝ զերծ մնալ որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող էր ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում ու աջակցել միջազգային երկխոսությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային գործընթացին:
- Խստորեն դատապարտվում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների և վարձկանների տեղափոխումը Լիբիա և ԼՂ հակամարտության գոտի:
Բացի այդ՝
- կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը՝ պաշտպանել Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները և անհապաղ ընդունել խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն,
- ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրել «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցուցակում ներառելու հնարավորությունը և արգելել դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում,
- ուշադրությամբ հետևելու նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:
Ամբողջական բանաձև-զեկույցի քվերակությունը տեղի կունենա այսօր երեկոյան»,- նշված է հայտարարության մեջ:
«Նման բանաձևի ընդունումն անընդունելի է այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունների վերականգնման համար` հիմնվելով ԵՄ-ին՝ Թուրքիայի անդամակցության հեռանկարի վրա և դրական օրակարգի շրջանակներում»,- ասել է արտգործնախարարությունը:
«Մենք մերժում ենք այս կողմնակալ տեքստը, որը ոչ միայն ներառում է կեղծ հայտարարություններ մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, մեր պետական համակարգի և քաղաքական կուսակցությունների մասին, այլ նաև Թուրքիայի արդյունավետ, խնդիրների լուծման, մարդասիրական և նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը համարում է սպառնալիք» - նշել ենարտաքին գործերի նախարարությունում:
Նախարարությունը նշել է նաև, որ փաստաթուղթը «արտացոլում է Հունաստանի և Կիպրոսի հույների լիովին անարդար և կողմնակալ փաստարկները Էգեյան ծովի, Արևելյան Միջերկրական ծովի և Կիպրոսի հարցի վերաբերյալ և սատարում է 1915-ի իրադարձությունների վերաբերյալ միակողմանի և անհամապատասխան հայկական պնդումներին»:
Նախարարությունը նաև նշել է, որ ԵՄ-ին անդամակցությունը ռազմավարական նպատակ է Անկարայի համար և օգուտ կբերի «ամբողջ Եվրոպային և դրանից դուրս»: Արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ Թուրքիան կշարունակի վճռական ջանքերը այդ նպատակին հասնելու համար: