կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-15 14:59
Տարածաշրջան

Թուրքիան կրկին առ ոչինչ կճանաչի ԵՄ-ի զեկույցը «Ցեղասպանություն» որակման համար

Թուրքիան կրկին առ ոչինչ կճանաչի ԵՄ-ի զեկույցը «Ցեղասպանություն» որակման համար

Ապրիլի 14-ին Եվրախորհրդարանում քննարկման է դրվել և հաստատվել Եվրոպական Միության (ԵՄ)՝ 2015թ. Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ զեկույցը. տեղեկացնում է  Ermenihaber-ը:

Թուրքական Anadolu պետական լրատվական գործակալության համաձայն՝ զեկույցի հաստատումից կարճ ժամանակ առաջ ելույթով հանդես եկած` ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել էր, որ եթե զեկույցի  վերջնական, «ամենախիստ» տարբերակը հաստատվի, իրենք այն «առ ոչինչ» կճանաչեն: Թուրք նախարարը հույս էր հայտնել, որ Եվրախորհրդարանի «խելամիտ պատգամավորները» կմերժեն այդ զեկույցը: Նա նաև շեշտել էր, որ ԵՄ-ի զեկույցն ամեն դեպքում որևէ հարկադրող նշանակություն չունի: 
Բոզքըրը հիշեցրել է, որ անցյալ տարի Թուրքիան «առ ոչինչ» էր ընդունել ԵՄ հաշվետվությունն սոսկ այն պատճառով, որ այնտեղ 1915թ. կատարվածը որակվել էր որպես ցեղասպանություն: Թուրք նախարարը նշել է, որ այս տարի ևս Թուրքիան չի ընդունի զեկույցը նույն պատճառով:

Եվրամիության հարցերով նախարարն անդրադարձել է  նաև Թուրքիայի և ԵՄ-ի միջև փախստականների խնդրի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը և ընդգծել, որ եթե խոստացված` առանց վիզայի ռեժիմը չներդրվի, ապա Թուրքիան կարող է հրաժարվել այս առումով իր ստանձնած պարտավորություններից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի առաջընթացի զեկույցի պատասխանատու Քեթի Փիրին հայտնել էր, որ առանց վիզայի ռեժիմը չի կարող ներդրվել հունիսին, ինչպես խոստացվել էր ավելի վաղ:

Իսկ ԵՄ զեկույցում, մասնավորապես, շեշտված է այն հանգամանքը, որ ԵՄ-ի համար առաջնային նշանակություն ունեցող ոլորտներում Թուրքիան հեռացել է կոպենհագենյան սկզբունքներից: Խոսքը վերաբերում է հատկապես անկախ դատավարության, հավաքներ կազմակերպելու և խոսքի ազատության, մարդու իրավունքների և իրավական պետության հանդեպ հարգանքի սկզբունքներին: