կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-26 20:00
Քաղաքական

Կողմերից մեկին աջակցություն ցուցաբերելիս՝ ՌԴ-ն իսպառ կկորցնի մյուսին. Դ. Վանյան (մաս 4)

Կողմերից մեկին  աջակցություն ցուցաբերելիս՝ ՌԴ-ն իսպառ կկորցնի մյուսին. Դ. Վանյան (մաս 4)

Ճշմարտությունը երբեմն դառն է լինում, բայց, ինչ էլ որ լինի, մենք պարտավոր ենք սթափ լինել և ուղիղ նայել նրա սառը աչքերին։ Ոգեղեն, հաղթանակող լինելու դեպքում, անհաջողությունները ժամանակավոր բնույթ են կրում։ Մենք մի բան ունենք, որ շատ կարևոր է։ Դա մեր անպարտելի զինվորն է ու նրա մարտական ոգին։ Եթե իշխանությունը հոգեպես պարտվող եղավ ու մտքում միայն «Տարածքներ կարգավիճակի դիմաց» կարգախոսի տրամաբանությաամբ առաջնորդվեց, ապա մենք ամբողջն ենք տալու։ Այսպիսին է այս պատերազմը, որտեղ մենք՝ մնացինք մեզ հետ։

Եւ այսօր ահագնացող համաշխարհային պատերազմի դրվագ ենք ապրում։ Պատերազմը վաղուց է սկսվել, ընթացել տեղային(լոկալ) ճակատներում։ Սակայն այսօր այն տարածաշրջանային բնույթ ստանալու բոլոր ախտանիշներն ունի։ Իսկ դրան հետևելու է մասշտաբների մեկ այլ ընդլայնում։

Անասելի բարդ իրավիճակի մեջ ենք, այն էլ սահմաններն անցած թագավարակի պայմաններում։ Այս փասիանսը դասավորելու համար, համաշխարհային առաջին աստիճանի ուժերի կողմից դեռ շատ ջանք է թափվելու, և հիմնականում՝ ապարդյուն, իսկ մենք կորցնում ենք մեր զավակների թանկարժեք կյանքերը։

Այսօր, ճակատամարտում ենք՝ մեր բանակի ու ժողովրդի ուժերի գերլարումի պայմաններում, առայժմ՝ լոկ Արցախի շուրջ, այսինքն, լոկ Ադրբեջանի ու Արցախի սահմաններում։ Այս ձևաչափը կարող է փոխվել, և ոչ ոք չի կարող մեզ հարյուր առ հարյուր երաշխիք տալ, որ Ռուսաստանին կհաջողվի կանգնեցնել թուրքին, երբ կհարվածեն Նախիջևանից ու Թուրքիայից նաև։ Ռուսաստանը կարող է նաև դանդաղել, կամ չմիջամտել, ինչը մեզ համար օրհասական կարող է լինել, իսկ պատճառները կարող են տարբեր լինել։ Օրինակ, կարող են մեզ մեղադրել այն բանի մեջ, թե իբրև, մենք Հայաստանի տարածքից ենք նախահարձակ եղել։ Եթե նույնիսկ սա անհնարին տարբերակ է, մենք պիտի սրան էլ պատրաստ լինենք։

Այսօր մենք ուրիշ դաշնակից, բացի Ռուսաստանից և հարևան Իրանից՝ չունենք։ Եւ արդեն հարյուրամյակներ, Ռուսաստանն է այս տարածաշրջանում որոշողը եղել։ Դա փաստ է, և բոլոր նրանք, ովքեր կփորձեն հակաառակը քարոզել, ջուր են լցնելու թշնամու ջրաղացին։ Սակայն սա չի նշանակում, որ պարտավոր ենք ամբողջությամբ տրվել աշխարհաքաղաքական մեկ վեկտորի տրամաբանությանը։

Չնայած նրան, որ Թուրքիան որոշել է, որ ինքը ոչնչով վատը չէ Ռուսաստանից և կարող է որոշիչ դեր ունենալ կովկասյան հարցերում, Ռուսաստանի ղեկավարությունը հստակ գիտակցում է, որ այս սանձազերծված պատերազմը, Արևմուտքի հովանավորությամբ Թուրքիան է սկսել, այն էլ, առաջին հերթին հենց Ռուսաստանի դեմ, և որի համար մեկ խնդիրը Ռուսաստանի տարածքում ազգամիջյան ու կրոնական բախումներ հրահրելն է։ Նախորդ հոդվածում նշել էի, որ «Ծիրանի պատերազմը» այդ բախումների հնարավորությունը ստուգելու փորձ էր։ Իսկ այդպիսի բախումները, որոնք ռուսական կայսրության պատմության մեջ իրողություն են(սևհարյուրակային շարժում, Հայ-թաթարական բախումներ և այլն), կարող են հիմնահատակ ավերել վերջին քսան տարիներում դժվարությամբ, քրտինքով ու արյամբ կառուցված ռուսական պետականությունը։

Մի խոսքով, բոլորի համար էլ խաղադրույքները շատ բարձր են, և նկաատի ունենալով Էրդողան - Պուտին ուղիղ կապը, 20-րդ դարի մեր պատմությաան դասերը, անհավանական է, սակայն չի բացառվում, որ մեր Երկրի հարցերը առանց մեր իմացության քննարկվեն Թուրքիայի հետ, կամ Թուրքիայի կարծիքը հաշվի առնվի Մինսկի խմբի աշխատանքներում։

Նախորդ վերլուծության մեջ արդեն անդրադարձել ենք այս հարցերին։ Եթե Ռուսաստանը քաղաքական կամ ռազմական աջակցություն ցուցաբերի կողմերից մեկին, ապա իսպառ կկորցնի մյուսին։ Եթե կորցնի Հայաստանը, ապա կկորցնի Հարավային Կովկասում իր ռազմական ներկայությունը, հարյուրամյակների իր միակ դաշնակցին, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքի, նաև Սիրիայի վրա ազդելու հնարավորությունները, հետևաբար՝ նաև ամբողջ տարածաշրջանը։ Իսկ եթե Հայաստանին աջակցելով՝ կորցնի իր «գործընկեր» Ադրբեջանին, ապա Ադրբեջանը վեր է ածվելու սուվերենությունը կորցրած Թուրքիայի մի մարզի, որը տարածելու է իր ծավալապաշտական նկրտումները հյուսիսային Իրանի և Հյուսիսային Կովկասի, ապա Միջին Ասիայի վրա։ Նորից եմ ասում, Ռուսաստանը շահագրգռված է «Ստատուս քվո» պահելու մեջ, և ես վստահ եմ, որ Մոսկվայում Արցախը տեսնում են առանց ազատագրված շրջանների, սակայն Ադրբեջանի կազմում, ռուսական խաղաղարարների ռազմաբազայի առկայությամբ՝ որպես հայ ազգաբնակչության կյանքի և Ադրբեջանը իրենց ձեռքերում պահելու երաշխիք։ Ես ավելին կասեմ։ Ռուսաստանի համար սա միակ եղանակն է, որտեղ նա դեռևս սին հույսեր է փայփայում Ադրբեջանը պահել իր քաղաքական-տնտեսական ուղեծիրում։

Ռուսաստանի համար կա մեկ այլ տարբերակ ևս՝ Հայաստանի սուվերենության մասնակի կորուստ, նախկին ԽՍՀՄ-ի վերականգնման փորձով։ Ես նշում եմ տարբերակները, առանց իմ անձնական նախասիրությունների ներկայացման։ Եւ եթե մենք ուզում ենք, որ մեզ օգնեն, մենք էլ բարենապաստ պայմաններով դուրս գանք այս անհավասար պատերազմից, ապա պիտի կարողանանք հաղթանակներ տանել, վերականգնել մինչ սեպտեմբերի 27-ը եղած կարգավիճակը։ Ցավոք այդպես է։

Ռուսաստանը, եթե ուզում էր խուսափել պատերազմի ծավալումից ու տարածումից, ապա պարտավոր էր անմիջապես մարել այս կրակի բռնկումը, դեռևս սեպտեմբերի վերջին։ Պատերազմը հարկավոր էր դադարեցնել անմիջապես՝ երկու կողմերին, ուժի կիրառման սպառնալիքի տակ խաղաղություն պարտադրելով։ Այլևս ուշ է։ Հարևան երկրները ներքաշված են պատերազմական տրամաբանության մեջ։ Շահգրգիռ երկրները իրենց արյունոտ ձեռքերն են տաքացնում այս աննախադեպ կրակի վրա, որտեղ Հայ ժողովուրդը միայնակ կանգնած է իր ինքնության, սուվերենության, խաղաղ ապագայի պաշտպանության, կյանքի և վերջին հաշվով՝ Քրիստոնեական, եթե կուզեք՝ Եւրոպական, եթե կուզեք՝ հյուսիսային, եթե կուզեք՝ արևմտյան, քաղաքակրթական արժեքների պաշտպանության դիրքերում։

Մեր թշնամիներին հաջողվեց մեզ թմբիրի մեջ գցել, որտեղ մենք ամեն ինչ քննարկում էինք՝ պատմության ու գրականության չափորոշիչներից մինչև սեռական փոքրամասնություններ, մինչդեռ միակ խնդիը՝ պատերազմի պատրաստվելն էր ու դրա մեջ՝ սպառազինության նորացումը, կամ բանակի վերազինումը։ Այստեղ շատերն են մեղավոր՝ նախկիններ ու նորեր, սակայն այս մասին՝ պատերազմից հետո։

Ըստ իս, Ռուսաստանի հետ համագործակցելու երկու եղանակ կա՝

ա) Այնպես, ինչպես հիմա, երբ Ռուսաստանը՝ որոշակի միջոցներով․ Սիրիայում՝ հարվածելով, դիպլոմաատական քայլերով ապահովում է մեր պաշտպանությունը, ինչը ես անվանում եմ «Արժանապատիվ պարտություն»։

բ) Հաղթանակի համատեղ հյուսում, պլանավորում, իրագործում, որի համար մենք պարտավոր ենք որոշակի քայլեր ձեռնարկել։ Սակայն, այս մասին դարձյալ մի քիչ ուշ։ Եկեք գնանք առաջ, և դիտարկենք շահագրգիռ երկրներին, նրանց կեցվածքն ու հնարավոր դաշինքները։

1. Թուրքիա․․․

Դավիթ Վանյան

Շարունակելի

26 հոկտեմբերի 2020թ․

Ամբողջությամբ՝ այստեղ: