Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
3
Քիչ անց ավտոբուսը հոգնած արգելակեց ու կանգ առավ Արմենասարի կովերի բետոնե խմոցի՝ նովի մոտ։ Երկնափեշյանը դուրս եկավ և մարզիկի պես առույգ, բոլորին ջերմագին բարևելով, մեծ - մեծ քայլերով ուղղվեց դեպի սարվորները։ Նրա հետ մյուս ուղևորներն էլ դուրս եկան՝ կաթ, կարագ ու մածուն գնելու։ Անասնապահները նոր էին սար բարձրացել, փայտաշեն տնակներն ու մետաղե վագոնները ձյան տված վնասից նորոգել, տեղավորվել էին։ Դեռևս ցուրտ էր։ Մառախուղն էլ ծնկել էր ու ջուր էր խմում կովերի ու հորթերի հետ։ Աշխուժություն էր տիրում. կթվորուհիները շրջազգեստերը փոքր ինչ վեր քաշած, կաթից էլ ճերմակ, լույս չտեսած ազդրերով դույլերը սեղմած, կթում էին ու երազում` մայիսի վերջին դասերն ավարտվեն, երեխաներով, թոռներով լցվի Արմենասարը, կյանքը գունավորվի։ Երկնափեշյանին տեսնելով նրանց մեջ խառնաշփոթ սկսվեց. կանայք դույլերը քաշեցին, ծնկները փեշերիտակ թաքցրին։ Ինչ-որ մեկը կանչեց․
—Ախչի, Երկնափեշյանն է, Երկնափեշյանը եկավ։
Խառնաշփոթը մի քանի վայրկյան տևեց, մինչև հյուրը մոտեցավ արդեն ծանոթ մի կնոջ, բարևեց նրան, նախօրոք պատրաստած և սիրով փաթեթավորած նոր թխած հացն ու պանիրը վերցրեց, իր մի մեծ բաժակ փրփրաշատ կաթը խմելով՝ արդեն շնորհակալություն հայտնած ետ էր դառնում դեպի ավտոբուսը, երբ միջին տարիքի, փոքրամարմին, ճտպտան մի կին մի գավաթ սուրճ դրեց փայտե սեղանին, ու թե․
— Ընկեր Ֆիզիկոս, քեզ առանց սուրճի բաց թողնողը չենք։
— Չէ, ի՞նչ սուրճ, ժողովուրդ ջան, անհարմար է, ավտոբուսի մարդիկ ինձ են սպասում, չեմ կարող, Մարո՛ ջան, — մորուքից կաթի փրփուրի մնացորդները ափով մաքրելով՝ փորձեց առարկել գիտնականը՝ այնպես, կարծես Մարոյին աշխարհ գալու օրվանից էր ճանաչում։ Աստվածային նախախնամությամբ, թե այս կողմերին ծանոթ լինելու պատճառով, նա գիտեր բոլորին, և ամեն անգամ մարդիկ զարմանում էին նրա այդ հատկությունից, երբ, կարծես թե՝ ճակատին անտեսանելի գրվածից կարդում էր անունները, ապա կենսագրությունը՝ նրանց աչքերում։ Կանայք իրար նայեցին, ապա Մարոյին՝ մի տեսակ հարցադրումով, բայց Մարոն մի այնպիսի քմծիծաղ տվեց, որ նշանակում էր՝ Ինձ ո՞վ չի ճանաչում որ,— ապա շրջվեց դեպի Երկնափեշյանն ու ասաց.
— Մենք Ձեր պատվին մարդկանց էլ սուրճ կտանք։ Էհե՜յ, ավտոբուսի ժողովո՛ւրդ, եկեք, սարի սուրճ խմեք,— այն էլ, այնպես բարձրաձայնեց, կարծես այդ «Սարի սուրճ» ասածը մի աշխարհահռչակ ապրանքանիշ էր։
Ավտոբուսի ուղևորներից մի քանիսը մոտեցան ու սառնաշունչ օդից փոքր-ինչ դոդդողալով՝ հողի վրա դրված, ծխնելույզը դեպի երկինք ձգած փայտի տաք վառարանի շուրջը շրջան կազմեցին, սպասելով իրենց բաժակին։ Մինչ այդ Երկնափեշյանը կամաց, սուրճի տաքությունից զգուշանալով, փոքրիկ ումպերով վայելում էր այն, և հենց վերջացրեց, եփող կինը ճարպկորեն ձեռքից գրեթե խլեց դատարկ բաժակն ու շրջեց։
— Հիմա Ձեր բաժակը կնայենք, ընկեր ֆիզիկոս ջան, թե չէ անհայտներից գալիս եք, գնում եք, Ձեր մասին բան չգիտենք, այ տնաշեն։
Ֆիզիկոսը երբեք տուն չէր կառուցել, բայց միշտ հիացել էր մարդու՝ իր տաքուկ ու ջերմ օջախն աշխարհից առանձնացնելու, ընտանիքը պահելու, փայփայելու, պաշտպանելու և այդ տանը պատսպարվելու հատկություններից, անգամ երազել էր՝ աշխարհի մի թաքուն անկյունում սեփական տունն ունենալ, ուստի, ներքուստ շոյվեց ու ժպտաց, սակայն բաժակ նայելու մասին առաջին անգամ էր լսում ու չէր կարող չհարցնել․
— Բաժակ նայելն ի՞նչ է, ներեցեք։
— Քաղաքում Ձեր բաժակը չե՞ն նայել,— հարցրեց խորամանկ ժպիտով մի կին։
— Ես սուրճ չեմ խմում, ընդհանրապես։ Սա առաջին անգամն է։
Կանայք, չհավատալով ժպտացին։
— Մենք էլ առաջին անգամ ենք տեսնում սուրճ չխմած քաղաքից եկածի,— ասաց նրանցից մեկը,— հիմի Մարոն Ձեզ ցույց կտա, թե բաժակ նայելն ինչ է։
Մարոն ակնոցը աչքերից հանեց, գոգնոցի գրպանից զգուշորեն հանեց սուրճ նայելու ակնոցը, իմաստունի դանդաղկոտությամբ մաքրեց ապակիները, դրեց աչքերին ու շատ կարևոր մարդու տեսքով, աչքերն անբնական խոժոռած, արդեն ուշադիր զննում էր բաժակը։ Կարծես դրվագ էր փնտրում Մարոն, բայց՝ աշխարհստեղծման մի ամբողջ տարեգրության ակամա ականատեսը եղավ։ Բաժակի մեջ սև ու սպիտակ կինոյի նման պատկերներն սկսեցին շարժվել, խառնվել ու պարզ դառնալ։ Այդ շարժանակարի միջով մի օձ, ժամանակ առ ժամանակ սողոսկում էր պատկերից պատկեր, դրվագից դրվագ ու իր երկար, սարսուռ առաջացնող մարմնով կարկատում անցած գնացած ժամանակները, որպես մի հարատևող չարիք։ Մարոյի դեմքին զարմանքը քարացել էր։ Երկնափեշյանն ու կանայք հետաքրքրված էին, թե ինչ է ասելու։ Հանկարծ Մարոն խուլ ճիչ արձակեց և ճիշտն ասած, վախեցավ մի քիչ։ Ապա, պատկերները դասավորվեցին բաժակի պատերին, փոխակերպվեցին ու աստղազարդ երնքի վերածվելով՝ դադար առան։
— Երկնափեշյան ջան, էս ի՞նչ մեծ է ճանապարհդ,— մի կերպ, անսահման բարիացած արտաբերեց նա,— լուսավոր է ու լայն, ասես Հարդագողի ճամփան լինի, աստղերի միջով։ Ես այսպիսի բան դեռ չեմ տեսել։
Այս ասելիս Մարոյի հոգով ասես մի ամպ անցավ, այնպես, որ կանայք նկատեցին նրա տխրելն ու ամպոտվելը։
— Բայց ուսերիդ դրված բեռը Արարատներից էլ ծանր է, այ մա՛րդ Աստծո,— շարունակեց նա, — էս ինչքա՞ն մահկանացու կա քեզանից կախված։ Էս ինչու՞ ես՝ մեն-մենակ, մարդկության հոգսերը առել ուսերիդ։ Ու մի նենգ չարք, մի թշնամի կար էստեղ, կարծես թե օձ լինի։
Մարոն դարձյալ խոժոռվեց, կարծես կարկուտը զարկեց նրա հոգուն, ապա, միտքը չավարտած, անմիջապես փոխեց թեման։
—Եկեք, Ձեր սիրտը բացենք, տեսնենք ինչ կա նրա մեջ,— բաժակը ուղղելով մետաֆիզիկոսին՝ շարունակեց նա, որպեսզի Երկնափեշյանը մատով քերի սուրճի շերտը։
— Չի կարելի,— լսածից անհանգստացավ Երկնափեշյանը, սակայն շարունակեց երկնաքեր գագաթների հանգստությամբ,— իմ սիրտը բացել չի կարելի, սիրելի՛ Մարո, իսկ Դուք ինձ զարմացրիք Ձեր տեսնելու տաղանդով։ Հավատս չի գալիս, բայց լավ կլինի՝ էլ չնայեք։ Ես որքան հասկացա՝ այդ բաժակների հատակները Ձեր Բայղուշի Ձորի պես խորն են ու վտանգավոր։ Ես Ձեր թույլտվությամբ իմ բաժակը ինձ հետ կվերցնեմ, իսկ ետ դառնալիս՝ կվերադարձնեմ։
Մարոն, հայացքով անգամ, չառարկեց։
—Մարո՛, էս մարդու սրտից դու ի՞նչ ես ուզում, ախչի,— մի քիչ հեռվից կանչեց կաթ հյուրասիրած կինը։
— Օ՜ֆ, ոչ մի բան, ուղղակի նայեցի, էլի,— պատասխանեց Մարոն ու մտազբաղ հեռացավ։
Գիտնականի հետաքրքրությունը չափ ու սահման չուներ։ Նա չէր դադարում զարմանալ իր Աստվածային կամքի արգասիք մարդուց։ Բաժակը ձեռքի մեջ պտտացնելով, ուսումնասիրելով, առանց հասկանալու, թե ինչպե՞ս Մարոն այդ ոչինչ չասող սև սրճապատկերներից տիեզերական ճշմարտություններ ենթադրեց, Երկնափեշյանն ուղղվեց դեպի համբերությամբ սպասող ավտոբուսը։ Վերջում գրպանից անձեռոցիկ հանեց, բաժակը փաթաթեց, դրեց ուսապարկի մեջ, որպեսզի երեկոյան շարունակի իր ուսումնասիրությունը, ապա բարձրացավ ու նստեց իր տեղում։ Ավտոբուսը դանդաղ շարժվեց առաջ։ Քիչ անց նրա առջևի մի անիվն ընկավ անձրևաջրերից գոյացած մի խորը փոսի մեջ։ Բոլորը միահամուռ ճչացին վախից։ Միայն մետաֆիզիկոսն էր խաղաղ ու հանգիստ։
— Ընկեր ֆիզիկոս, ինչի՞ց է, որ միշտ այսքան հանգիստ եք,— հարցրեց մի տարեց կին, որ տուն էր դառնում Երևանում բնակվող տղային ու թոռներին այցելելուց հետո,— Ձեզ տեսնելով՝ մենք էլ ենք ակամա հանգստանում։
— Ներքև չեմ նայում, հարգելի՛ Վարսենիկ, և ամեն բան Աստծո ձեռքերում է։ Եւ հետո, վիհերը քաշելու հատկություն ունեն։ Երկնքին նայեք ու հանգիստ եղեք, քանի որ հավատ ունեք, — ասաց ու մտազբաղ նայեց սարերի գագաթներին։
— Երևի հոգնել եք քաղաքից, գյուղում էլ Ձեզ են սպասում և գյուղապետի կարգադրությամբ Ձեր տունը կարգի են բերել։
— Ես ինձանից եմ հոգնել, իմ սխալներից, բայց որ Ձեզ հետ եմ լինում, իրապես հանգստանում եմ ու ետ գնում՝ սխալներս ուղղելու։
— Դուք մեզ մոտ երկար մնացեք։
—Այդ ինչու՞,— հարցրեց Երկնափեշյանը, մտածելով, որ Վարսենիկը ակնարկում է թե՝ երկար մնալու դեպքում մարդ լավ կհանգստանա, ու ներքուստ՝ նրա Աստվածային ինքնասիրությունը նորից շոյվեց։
—Դուք որ գալիս եք, հավերս ձու երկու անգամ շատ են ածում, լոբիս առանց ծիլ է լինում, հիմա էլ գարուն է, ծնեբեկը հանդերում շատ կլինի,— ասաց կինն ու ժպտաց։
Երկնափեշյանն էլ լիաթոք ծիծաղեց և ասաց․
—Չեմ կարող, շատ կուզեի, բայց արձակուրդս կարճ է։ Թերևս, Վարդավառին, որ շատ եմ սիրում, կամ ձմռանը, Ծննդյան տոներից առաջ, երկու-երեք օրով։