կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-14 13:31
Հասարակություն

Պետք է բացատրեն՝ ինչո՞ւ են մեկին աշխատանքից հանում, իսկ մյուսին՝ պահում. կրթության ոլորտի փորձագետ

Պետք է բացատրեն՝ ինչո՞ւ են մեկին աշխատանքից հանում, իսկ մյուսին՝ պահում. կրթության ոլորտի փորձագետ

Պետք է լինի որոշակի սկզբունքային և թափանցիկ մոտեցում` պետք է բացատրեն, թե ինչու որոշվեց ԲՈԿ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանին աշխատանքից ազատել, իսկ գիտության պետական կոմիտեի նախագահին` պահել: Լրագրողների հետ զրույցում, խոսելով Սամվել Հարությունյանի՝ գիտության կոմիտեի նախագահի պաշտոնում վերանշանակման մասին, ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ թե' ԲՈԿ-ից, թե' գիտության պետական կոմիտեից կային դժգոհություններ, իսկ տարիներ առաջ նաև կոնֆլիկտ եղավ վերոհիշյալ կառույցների ղեկավարների միջև: Դրա համար էլ, Խաչատրյանի կարծիքով, պետք է նշանակումների և ազատումների պահով որոշակի թափանցիկություն լինի, բացատրվի՝ այսինչը մնում է պաշտոնին, քանի որ այսինչ խնդիրները պետք է շարունակի լուծել:

«Ես դեմ չեմ, որ նախկին կադրերը մնան, ավելին՝ որոշ տեղերում դա անհրաժեշտություն է, որպեսզի շարունակականություն լինի: Համաձայն չեմ, որ բոլորին հանում են, ի վերջո, կա համակարգ, ինստիտուցիոնալ հիշողություն, և միանգամից բոլորին հանելը կարող է անջրպետ ստեղծել: Սկզբունքի մեջ խնդիր չեմ տեսնում, որ գիտության պետական կոմիտեի նախագահը մնացել է իր պաշտոնին, բայց գիտենք, որ կային բազմաթիվ հրապարակային դժգոհություններ կոմիտեի աշխատանքից: Դժգոհությունների պատճառն էլ հասկանալի է, քանի որ կոմիտեն դրամաշնորհներ է բաժանում, և Հայաստանում միշտ ինչ-որ մի բան, երբ մրցույթով է լինում, մրցույթը չհաղթահարածները դժգոհելու իրավունք են ունենում: Ուղղակի պետք է հասկանալ՝ դժգոհողներն իրավացի՞ են, թե՞ ոչ»,- ասաց Խաչատրյանը:

Ըստ նրա՝ շատ կարևոր է ոչ միայն անցյալում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտումը, այլև, եթե այս ընթացքում էլ կան մարդիկ, ովքեր փորձում են ինչ-ինչ կոռուպցիոն գործարքներ անել, դա էլ բացահայտվի:

Խաչատրյանը նշեց, որ իշխանափոխությունից հետո շատ մարդիկ, ովքեր կոռուպցիոն գործարքներով էին զբաղվում, հնարավոր է հրաժարվեն, քանի որ շատ բան կախված է նրանից՝ վերևից ինչ խաղի կանոններ են թելադրում:

Ինչ վերաբերում է գիտության պետական կոմիտեում արվելիք փոփոխություններին, ապա, կրթության փորձագետի խոսքով, նախ պետք է վերահսկողությունն ուժեղացվի, ու սկզբունքային լինեն՝ կոռուպցիոն ռիսկերը բառացելու համար: «Գիտության պետական կոմիտեի հետ կապված խոսակցություններ կան, թե պետք է այն լուծարեն: Ես կողմնակից եմ, որ ինչ ունենք՝ պետք է ավելի աշխատեցնել: Գիտության պետական կոմիտեի հետ կապված կան բազմաթիվ հաստատված թեմաներ, որոնք չեն կիրառվում: Կուզեի, որ գիտության պետական կոմիտեն սկսեր աշխատեցնել գիտություն-քաղաքականություն-պրակտիկա եռանկյունին: Իսկ մեզ մոտ այդ եռանկյունին լրիվ խզված է, այսինքն՝ գիտական հետազոտություններն արվում են, կրթության նախարարությունը մշակում է իր անկախ քաղաքականությունը տարբեր ոլորտներում, դպրոցներն ու բուհերն էլ իրենց համար իրենց գործն են անում: Կուզենայի, որ գիտության պետական կոմիտեն փորձեր աշխատեցնել այս եռանկյունին»,- ասաց Խաչատրյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում կրթությունն արժեզրկված է, դրա համար էլ պետք է արմատական փոփոխություններ արվեն: Խաչատրյանը նշեց, որ կրթությունը սկսել է սոցիալական ֆունկցիա կատարել՝ վատ ուսուցչին և դասախոսին աշխատանքից չեն ազատում՝ ասելով, որ մեղք է, ընտանիք է պահում: «Ի՞նչ է, երեխաները մեղք չե՞ն:  Ստացվում է՝ ինչ-որ մարդկանց սոցիալական խնդիրները գերադասում ենք երեխաների ապագայից ու կրթության որակից»,- ասաց նա: