կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-21 13:46
Մշակույթ

Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս 1)

Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս 1)

Եվ արարեց Աստված կնոջն ի հեճուկս ամենակուլ սև խոռոչների՝ վարսազեփյուռ, շքեղ, սիրտը` կրակոտաչքերում՝ կայծեր  ու   ապրելու անսահման տենչով։  Ապա  երկնելու  գաղտնիքը  տվեց   նրան  ու համարեց   իր   գործն   այդքանով  ավարտված։  Եթե  ոչ՝ պիտի սիրահարվեր ու մարդանար նա, և արդյունքում` երկինքներից իջներ, տիեզերքը   մատնելով   խավարի  ու  բացարձակ  ունայնության։ Իսկ Աստծո փոխարեն տղամարդը տեր դարձավ կնոջը, նվաճեց նրա սիրտն ու, արդեն հազարամյակներ ի վեր, ապրում է այնտեղ։ 

Անկանոն Ավետարան ըստ Սեբեոսի

 

Եվ այդպես էլ չիմացավ Ամենատերը, թե այդ ե՞րբ ու ինչպե՞ս մարդիկ որոշեցին, թե ինքն իր աստվածային կամքով, չգիտես ինչու, առաջինը տղամարդուն է արարել ու հետո, իբրև թե նրա կողից,  ստեղծել է կնոջը։

— Ո՞վ է հորինել այս սուտը,— մտածում էր նա,— և ինչու՞ կողից:

Չէ որ պարզից էլ պարզ է, որ առաջինը՝ Աստված կնոջն է արարել, նրանով զմայլված՝ սիրահարվել է վերջինիս հողեղեն գեղեցկությանը, ապա մեղքերից հեռու լինելու և չմարդանալու պատճառով, ու նաև, կնոջ կյանքը լիարժեք դարձնելու համար, նրա կողքին հորինել - հինել է տղամարդուն ու նրանց երկուսին տվել աննկարագրելի, զարմանահրշ Երկիր մոլորակն ու միասին ապրելու, ընտանիք կազմելու տաղանդը։

Դե բայց մարդը վաղուց է ապրում իր իսկ հորինած միֆերի ու շահախնդրությունների աշխարհում, չնայած այն բանին, որ երջանիկ և ինքնաբավ լինելու համար նրան ամեն ինչ արդեն ի վերուստ տրվել էր։

Ուստի, անսահմանորեն միայնակ էր զգում ինքն իրեն Արարաիչը։ Ոչ մարդն էր իր ուզածով ստացվել, ոչ մարդկությունը, ոչ էլ աշխարհակարգը։ Ու շատ էր մտածում Ամենատերը։ Մտածում էր և ուզում հասկանալ, թե ո՞րն է իր սխալը: Ինչու՞ սիրելու, սիրվելու, բնության հետ ներդաշնակ ապրելու, ինքնաբավ ու երջանիկ լինելու փոխարեն մարդկությունը ընտրեց  տիրելու, գրավելու, թալանելու և իշխելու ճանապարհները։ Պատասխանատվության զգացումը ճնշում էր նրա Աստվածային ինքնասիրությունը։ Նա էլ, հասկանալով, որ բանը բանից անցել է, որ մարդն ինքը պիտի դուրս գա իր իսկ փորած խորխորատներից, թերևս ինքնարդարացումի համար, նաև աշխարհի բարդ տարածաշրջաններից ու մարդկանց գործած մեղքերից հոգնած, երբեմն մարդանում էր, ընտրում էր մաքուր, վիհը գլորվող աշխարհի օրենքներից  հրաշքով փրկված որևէ գյուղ կամ համայնք, որտեղ մարդկային բարքերը հեռու էին մնացել տարածվող ամենակուլ շուկայից, սերն էլ սեր էր՝ երկունքի աղբյուր։ 

Եւ հայտնվում էր նա այնտեղ, հասարակ մահկանացուի նման, ինչպես մարդիկ էին սիրում ասել՝ «Աստծո կողմից մոռացված» այդ վայրում։ Գալիս էր՝ իր հանգիստն անց կացնելու, տիեզերական հիմնահարցերից կտրվելու, ուժ ստանալու ու միաժամանակ իրեն սրտին հաճելի մարդկանց ճակատագրով, երբեմն, անձամբ զբաղվելու, ինչը համապատասխանում էր նրա հայրական զգացումին, և մի առանձին հաճույք էր պատճառում նրա Աստվածային ինքնությանը։

 

2

Գարուն էր։

Միափորի  լեռնաշղթայի փեշերի անտառները նոր էին կանաչին տվել։ Մայրաքաղաքից շրջկենտրոն մեկնող ավտոբուսը, որը կարծես վերջին շնչում լիներ, մի կերպ բարձրանում էր սարն ի վեր՝ իր փորում տանելով ճանապարհի բարդություններից ու վտանգով լի շրջադարձերից լարված ուղևորներին։ Լեռներում, նոսրացող օդի պատճառով, վերելքին զուգընթաց, ծեր մեքենայի շարժիչը կարծես, կաղկանձում, թթվածին էր պահանջում, և այդ պահանջը դողերոցքով հաղորդվում էր ղեկին, ապա վարորդի մկանուտ ձեռքերին, ու լարվածությունից գոյացած քրտինքի կաթիլի ձևով արտահայտվում նրա ճակատին։

Մի կողմում անդունդ էր ու ժայռացից, ահասարսուռ Բայղուշի ձորը՝ իր խորքերում շառաչող ջրվեժներով, մյուս կողմում դեռևս ձյունածածկ գագաթներ էին։ Ամենուր աղբյուրներ էին ցայտում, անգամ ճանապարհի վաղուց չնորոգվող երթևեկելի մասից, ապա երակ - երակ միավորվում, առվակ դարձած գալարվում էին դեպի վիհերի մթին խորքերում ձևավորվող Խնձորուտ գետը։

Միայն մի մարդ էր ավտոբուսում «Խաղաղ օվկիանոսի» պես անդրդվելի ու հանգիստ։ Խաչատուր Երկնափեշյանն էր՝ ժամանակավորապես մարդացած Աստված, սակայն, բոլորի համար՝ մայրաքաղաքից ժամանած մի գիտնական, երկրաբան ու մետաֆիզիկոս։ Նա պատկառելի տեսքով, նիհար, գեղեցկադեմ, բարձրահասակ տղամարդ էր, և եթե ալեհեր չլիներ, և ճերմակին տվող մորուք չունենար, կարելի կլիներ ենթադրել, որ երեսունհինգ - քառասուն տարեկան է։

Մետաֆիզիկոսը վարորդին արդեն խնդրել էր, որ կանգ առնի անասնապահական ամառային կայանատեղի հանդիսացող Արմենասարում, սարվորների մոտ։ Այստեղ՝ Երկնքի ու Երկրի արանքում, իր սովորությանը հավատարիմ, մի մեծ բաժակով տաք կաթ կխմի նա, փռի մեջ թխած թարմ հաց ու մի կտոր ոչխարի պանիր կվերցնի ու կշարունակեն ճանապարհը դեպի Իծաքար՝ անտառների խշշոցին ապավինած մի փոքրիկ գյուղ - դրախտավայր, որտեղ, աշխարհից կտրված լինելու պատճառով ժամանակն անգամ կանգ էր առնում, մարդկային արժեքների սղաճը դադարում էր։

Եւ այստեղ, ուսուցիչների պակասի պատճառով, Երկնափեշյանը դպրոցում մի քանի օր «Բնագիտություն» էր դասավանդելու, մի քանի օր էլ փոխարինելու էր «Հաասարակագիտության» ուսուցչուհուն։ Եւ այս ամենի համար, մարդիկ անվճար փոքրիկ տուն էին տալիս նրան։ Նա իր  նամակը նախօրոք էր ուղարկում, ապա, իր իսկ նշած ժամին գալիս, մեկ - երկու օր կամ մեկ շաբաթ մնում, աշխատում էր այստեղ։ Մարդիկ էլ ասում էին, որ այդպես նա հանգստանում է քաղաքի ժխորից ու թաքնվում՝ դրամ հայթայթելու մրցավազքից։

Շատերի համար բարեկամ դարձած «գիտնականը», իր ուսապարկով ու ձեռնափայտով, որոնք նորություն էին այս կողմերում և խնամքով դրված էին ավտոբուսի վերնամասում՝ իրերի վրա, այստեղ հետիոտն զբոսարջիկի էր նման։ Եւ նրա բարի համբավն արագ էր տարածվել մոտակա բնակավայրերում, այնպես որ ավտոբուսի ուղևորները գիտեին, որ իրենց հետ ճամփորդող օտարականը ինքը՝ Երկնափեշյանն է, ու բոլորն էլ, ակամա, հետաքրքրված՝ ժամանակ առ ժամանակ աչքերի տակով նայում էին նրա կողմը։ Իսկ Իծաքարում, որտեղ նրան «Ընկեր ֆիզիկոս» անվանեցին, արդեն ջերմորեն սպասում էին իրենց հարգելի հյուրին։ Մեկին խորհուրդ կտար, մեկին կկանգներ կլսեր, մեկի ձագուկին կգրկեր, կսեղմեր իր կրծքին ու մարդկանց կլիցքավորեր բարությամբ։ Իսկ զով երեկոներին, մոտակա բնակավայրերից սկսել էին գալ  յուղ ու մեղրով, գինով ու պանրով, միայն թե նրա տան բակում դրված սեղանի շուրջ նստեն, աշխարհի անցուդարձից հետը զրուցեն, բան հասկանան։ Նա էլ ընդունում էր մարդկանց, նրանց բերածը հետները ճաշակում կամ բաժանում հարևաներին։ Շատ էր սիրում Վերին Կարմիր Աղբյուրից բերած կարմրահյութի կիսաքաղցր գինին, Չորաթանից  բերած գոմեշի մածունը, Իծաքարի ալպիական մարգագետինների նեկտարից  քամված մեղրը, Այգեձորի հոնի օղին ու այդպես շարունակ: