ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը գրում է.
«2018 թ. իշխանափոխությունից հետո Հայաստանում բոլոր քաղաքական ուժերն ու ողջ հանրությունը մերժել են նախկին արատավոր երևույթները և բացառել վերադարձը դրանց, սակայն քաղաքական բանավեճը տեղափոխվել է մեկ այլ կարևոր հարթություն՝ իսկ ո՞րն է Հայաստանի արդիականացման ուղին: Այս հարցում պայքարն ազգային ուժերի և գլոբալիստների միջև է. վերջիններս ունեն նաև ընդգծված արևմտամետ կողմնորոշում: Եթե ազգային ուժերի գերակշիռ մասը Հայաստանի արտաքին-քաղաքական հարցերում ելնում է բացառապես Հայաստանի շահերից թեալադրված՝ հավասարակշռված, բազմավեկտոր արտաքին քաղաքականության անհրաժեշտությունից, ապա գլոբալիստները Հայաստանի զարգացման հարցում ունեն ընդգծված հակառուսական և արևմտամետ արժեհամակարգային-քաղաքական կողմնորոշում: Իշխանությունը լինելով վերջինիս կրողը՝ Հայաստանը կանգնեցրել է փակուղու առջև. քանզի դժվար է համոզել Ռուսաստանին, որ չնայած ամբողջովին արևմտյան կողմնորոշում ունենք, բայց Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է: ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը տրամագծորեն հակառակն է փաստել. վերջիններիս հետ մեր համագործակցությունը ռազմավարական է, իսկ Արևմուտքի հետ մեր հարաբերությունները գործընկերային, որն ուղված չէ որևէ մեկ դեմ: Ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս վարել արդյունավետ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, քանզի ստեղծել է անվստահություն ռազմավարական գործընկերների շրջանում, իսկ գործող իշխանությունները չեն կարող լուծել այս խնդիրը, քանզի փորձում են նստել մեկ այլ աթոռի, բայց իրենց կողքին պահել նախկին բազկաթոռը:
Սրան զուգահեռ, Հայաստանի իշխանությունները, իրենց «առաջադիմական» ծրագրերը խցկում են Հայաստանի ներազգային դաշտ, մասնավորապես կրթության, գիտության, մշակույթի, հոգևոր և ընտանեկան ոլորտներ, փորձելով ջարդել ազգային-ավանդական հիմնասյուները՝ «քաղաքացուն» փորձելով հակադրել «հայ քաղաքացու» հետ. երբ թուլացնում ես քաղաքացու ազգային ընկելումների բաղադրիչը, տեղ է բացվում այլ արժեհամակարգերի ներմուծման համար. սա երկարաժամկետ կտրվածքով ստեղծում է ենթակա հասարակություն, նման «սովետական քաղաքացուն»: Բանավեճը մեկ նախադասությամբ կարելի է ձևակերպել այսպես՝ արդի համաշխարհայնացման դարաշրջանում Հայաստանն ու հայությունը պետք է զարգանան ազգայի՞նն արդիականացնելու, թե՞ ազգայինը հետին պլան մղելու միջոցով: Այս բանավեճը գործող իշխանությունը փորձում է ձևակերպել, որպես հետադիմականների ու առաջադիմականների պայքար, գործող վարչապետը վերջերս այն ձևակերպեց, որպես անցյալի և ապագայի պայքար, փորձելով առկա բանավեճը տեղավորել մինչպետական և պետական շրջափուլերի տրամաբանության մեջ: Այս մոտեցումներն ամբողջովին հակագիտական են. պատմությունը ցույց է տվել, որ այն ազգերն ու պետությունները, որոնք կառչած են իրենց ավանդական արժեքներից և արդիականացումը տանում են դրանք կատարելագործելու, այլ ոչ թե մերժելու ու ոչնչացնելու ճանապարհով, նրանք առավել կենսունակ են: Բացի այդ, Ամերիկան և Եվրոպան բազմազգ աշխարհաքաղաքական կենտրոններ են, նրանց համար գլոբալիստական արժեքների առաջ մղումը օրինաչափ է, իսկ մեր տարածաշրջանում, փոքր միատարր ազգային պետություն ունենալու և մաշող Սփյուռքի գոյության պարագայում, ազգայինի հենքի վրա արդիականացումն ուղղակի հրամայական է: Այս հանգամանքները գործող իշխանությանը մերժելու և պետականությունն ազգային ուղեգիծ վերադարձնելու կարևորագույն պատճառներից են»: