կարևոր
3229 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-08 11:01
Քաղաքական

Հակադրում են ազգայինն ու պետականն ու պարտադրում, որ պետությունը զրկվի ազգային նկարագրից․ Կ․ Մանոյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ելույթ է ունեցել «Դեպի կայուն և երկարարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ, որը ներկայացնում ենք ստորև.

«Վերնագրում նշված մի քանի բառերի, եզրույթների սահմանումը, ավելի ճիշտ՝ գաղափարական ըմբռնումի սահմանումը պետք է կատարել, որպեսզի հետո ասվելիքները իմաստ ունենան.

Սփյուռքը ընդհանրապես ընկալվում է որպես Հայաստանից, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող հայությունը. բայց դա ոչ-ամբողջական բացատրություն է։ Այսօր արդեն խոսվում է հայկական ոչ թե մե՛կ Սփյուռքի, այլ Սփյուռքների մասին։ Եթե 25 տարի առաջ կարելի էր խոսել հատկապես Ցեղասպանության հետեւանքով աշխարհասփյուռ եղած զանգվածների կողմից ձեւավորված Սփյուռքի եւ 1970-ականներից՝ Խորհրդային եւ ապա վերանկախացած Հայաստանի Հանրապետությունից արտագաղթածներից ձեւավորված շերտի մասին, այսօր արդեն այս տեսակավորումը ա՛լ ավելի է շերտավորվել՝ հայախոս, ոչ-հայախոս եւ այլ շերտերով։

Երկրորդը «հավաքական ներուժն» է. հայկական Սփյուռքի կամ Սփյուռքների հավաքական ներուժը ամբողջությունն է այն ներուժին որ առկա է թե որպես հավաքականությունների եւ թե որպես առանձին անհատների ներուժը եւ այս՝ ոչ մեկ ձեւով միասնական, համադրված ներուժ չէ։ Այդ ներուժը բազմաբնույթ  է՝ մշակութայինից մինչեւ առողջապահություն եւ առեւտուր, ֆինանսականից մինչեւ բարձր տեգնոլոգիաներ, եւ ինչ որ իմաստով՝ գրեթե անսահմնափակ։ Իրականություն է նաեւ, որ ո՛չ Խորհրդային Հայաստանի եւ ոչ էլ՝ վերանկախացած Հայաստանի Հանրապետության օրերին՝ այս ներուժը կարելի եղած է սահմանել։ Եւ դա ոչ որովհետեւ տեղեկահավաքը ճիշտ կամ լավ չէ կազմակերպված, այլ՝ որովհետեւ խնդիրը տեղեկահավաքի մեջ չէ, այլ տեղ է. ո՞ւր… քիչ ետք կասեմ։

Երրորդը՝ «թիրախային ներգրավվածությունը՝ համահայկական օրակարգի համատեքստում»։ Նախ պետք է սկսել «համահայկական օրակարգից». «համահայկական օրակարգը» իմ պատկերացմամբ՝ ընդգրկում է թե՛ պետության պահպանման ու հզորացման, եւ թե՛ Սփյուռքի պահպանման ու հզորացման համար կենսական խնդիրները, եւ «թիրախային ներգրավվածությունը» վերաբերվում է բոլո՛ր ոլորտներում այդ ներուժի ներգրավվածությանը։ Այլ խոսքով՝ թե երկրի տնտեսության՝ բոլոր ոլորտներով եւ ճյուղերով, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության, բարձր տեխնոլոկիաների եւ պաշտպանության, ներքին եւ արտաքին քաղաքականության, արդարադատության եւ ցանկացած այլ բնագավառում, իսկ Սփյուռքի կամ Սփյուռքների դեպքում՝ կրթական, մշակութային, քաղաքական ազդեցության, լայն իմաստով տնտեսական հնարավորությունների ընդարձակման շուրջ կարելի է «համահայկական օրակարգ» ձեւավորել եւ այդ օրակարգի խնդիրների լուծման համար օգտագործել ո՛չ միայն Սփյուռքի հավաքական ներուժը, այլ նաեւ՝ պետության ամբողջ եւ հայ ազգի հավաքական ներուժը. ոչ միայն պետական կառույցների, այլ նաեւ հասարակության տարբեր շերտերի եւ խմբերի եւ առանձին անհատների ամբողջական ներուժը։

Որոշ գնահատականներ եմ տալու, հաստատումներ եմ կատարելու, որոնք չեն վերաբերվում միայն Հայաստանի Հանրապետության ներկա իշխանություններին։ Տարբերությունն այն է, որ ներկա իշխանությունները մեծավ մասամբ ապիկար են եւ որ ավելի վատն է՝ առաջնորդվում են մեկի կողմից՝ ո՛վ կա՛մ ինչ-ինչ պատճառներով անմեղսունակ է, կամ՝ որ ավելի հավանական է՝ այլ առաքելությամբ է վերցրել իշխանությունը կամ բերվել, դրսի ուժերի կողմից բերվել իշխանության ղեկին։

Այսպես. «համահայկական օրակարգը» ընդհանրապես հասկացվել է որպես հայկական պետության վերաբերյալ օրակարգ. խոսք չի եղել, կամ քիչ է եղել Սփյուռքի (կամ Սփյուռքների) կարիքներին վերաբերյալ օրակարգի մասին։ Եթե լիներ, պիտի ասվեր որ Սփյուռքի գոյությունը երկարաձգելու համար կենսական է «Հայաստան՝ երկիր դրախտավայր»ի տեսլականի պապանումը։ Վերանկախացման առաջին տարիներին, խոսք է գնացել  նույնիսկ դրա մասին, որ այս պետությունը, Հայաստանի Հանրապետությունը պատկանում է միայն նրանց՝ ովքեր այստեղ ապրում են, իսկ այս պետությունում կարող են ապրել այնքան մարդիկ միայն՝ որոնց այս պետությունը կարող է կերակրել։ Մեր՝ Դաշնակցության համոզմամբ, «ազգը՝ իբրեւ պատմական, մշակութային, լեզուական եւ ընկերային-քաղաքական ուրոյն ամբողջութիւն, հիմնական արժէք է եւ էական գործօն՝ համամարդկային զարգացման ու հոգեմտաւոր բազմակողմանի հարստացման։ Ազգը մարդկային ընկերութեան զարգացման ամենակենսունակ միջավայրն է, ուր անհատը ձեռք կը բերէ հոգեմտաւոր բարգաւաճման լայն հնարաւորութիւն, լիակատար հաղորդակցութեան եւ սեփական կարողութեանց զարգացման առաւելագոյն կարելիութիւն»։ «Ամէն ազգի բնական եւ անկապտելի իրաւունքը կը կազմէ սեփական հայրենիքը – իր պատմական-աշխարհագրական բնօրրանը – իբրեւ ինքնուրոյն գոյատեւման,  յառաջդիմութեան եւ ստեղծագործութեան կենսական ազդակ։ Իր հայրենի տարածքին վրայ իւրաքանչիւր ազգի գոյատեւման երաշխիքը անկախ եւ իրաւական պետականութիւնն է։ Ան կը մարմնաւորէ [պե՛տք է մարմնավորի] ազգի քաղաքական կամքը, կը պաշտպանէ [պե՛տք է պաշտպանի] անոր շահերը եւ կ՚ապահովէ [պե՛տք է ապահովի] անոր անվտանգութիւնն ու ինքնուրոյն զարգացումը։ Անկախ պետականութիւնը նաեւ նախապայման է ընկերութեան բնականոն յառաջընթացին»։

Բայց այսօր ի՞նչ ենք տեսնում. ոչ միայն ազգն ու պետությունը, այլեւ՝ ազգայինն ու պետականն են արհեստականորեն իրար հակադրվում։ Երկար ժամանակ մեր սեփական պետականությունը եւ կամ անկախ պետականու­թյունը չունենալուն է վերագրվում որ մենք՝ հայերս չունենք պետական մտածողություն եւ առաջարկվում է, նույնիսկ պարտադրվում է որ այս պետականությունը դատարկվի իր ազգային նկարագրից։ Պարտադրվում է արհեստականորեն խեղաթյուրել, աղճատել մեր անցյալի, հետեւաբար նաեւ մեր ներկայի ընկալումն ու ապագայի տեսլականը։ Եւ սա ներկայացվում է որպես «նոր», «իրական» Հայաստան կրետելու ճիգ։ Պարզ է, որ նման մոտեցումով, այսպիսի «գաղափարական լիցքով» — ավելի ճիշտ՝ այսպիսի ապազգային գաղափարական սնանկությամբ — գոյություն չունի եւ չի կարող լինել համահայկական օրակարգ։ Այսպիսի ապազգային գաղափարական գծով, միայն կարելի է տեսնել սեփական — ոչ թե՝ պետական — սեփական շահը եւ այդ շահին համար՝ մնացածին, մեր կողքինին, մեր դիմացինին, դրսեցիին կարողությունները օգտագործելու, շորթելու հնարավորությունը։ Այս հակազգային գաղափարախոսությամբ — եթե կարելի է այդպես կոչել այն — առաջնորդվելով միայն կարելի է 1990 թվականին Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդի ընտրություններին Մարտունիից, Մարտակերտից, Ստեփանակերտից ու Արցախի այլ բնակավայրերից մասնակցած, տասնամյակներ շարունակ Հայաստանի Հանրապետության անձնագիր կրած տասնյակ հազարավոր մարդկանց մի օրվա մեջ ասել, որ «դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեք. այդ անձնագիրը ընդամենը ճամբորդական փաստաթուղթ է»։

Ե՛ւ Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջությամբ, պետական համակարգով եւ ժողովրդով ու հասարակական շերտերով ու անհատներով, ե՛ւ Սփյուռքը (Սփյուռքները)՝ իր/ենց համայնքներով, կառույցներով, խմբակցություններով ու անհատներով իրականում ունեն անհրաժեշտ ներուժը, որը կբավարարի ամբողջ ազգին, ներառյալ պետության բազմապիսի կարիքները հոգալուն։ Քիչ առաջ ասում էի, որ խնդիրը այն չէ, որ այդ ներուժի մասին լավ տեղեկահավաք չի եղել, խնդիրը այն է, որ մեր պետականությունը պետք է լինի այնպիսին, որ որպես ազգի «ինքնուրոյն գոյատեւման,  յառաջդիմութեան եւ ստեղծագործութեան կենսական ազդակ», իրեն ձգի այդ ներուժը։ 1988 թվականից եղել են պահեր, ակնթարթներ երբ մեր պետականու­թյունը, իր երկու՝ Արցախի ու Հայաստանի Հանրապետու­թյուն­ներով, սկսել է այդ ձգողականությունը դրսեվորել։ Բայց արդեն 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, ՀՀ ներկայ իշխանությունների վարած քաղաքականու­թյան պատճառով, սկսել է ինքնիրենից՝ Հայաստանի Հանրապետությունից եւ երբեմն էլ՝ ընդհանրապես հայկականու­թյունից հայերի վանելու գործընթաց։

Տարիներ առաջ, մեր կուսակցությունը փորձագետներից կազմված մի խմբի պատվիրեց մի ուսումնասիրություն կատարել եւ դրա վրա հիմնված ծրագիր մշակել՝ նվազեցնելու Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը եւ խթանելու ներգաղթը։ Եզրակացությունը եղավ այն, որ նման առանձին ծրագիր չի կարող գործել՝ եթե երկրի ամբողջ վիճակը չբարեփոխվի, եթե չվերանան պետական կառավարման բոլոր թերացումներն ու սխալները, եթե Հայաստանի Հանրապետու­թյունը չդառնա այնպիսի հայկական պետություն, որ հայկական ինքնություն դավանող մարդկանց հպարտություն չներշնչի, եւ որպես արդյունք՝ դեպի իրեն չձգի հայերի, մեծ թվով հայերի։ Ահա այստեղ է այս թեմայի վերնագրի հարցադրման բանալին ու պատասխանը. Հայաստանի Հանրապետությունը — ի վերջո նաեւ Արցախի Հանրապետությունը — պետք է վերածենք այնպիսի պետության, որտեղից ոչ միայն մարդիկ ստիպված չեն զգա հեռանալու, այլ ընդհակառակը՝ այն դեպի իրեն կձգի ողջ հայությանը, կամ առնվազն մեծ մասը հայության այն հատվածին, որ ունի ազգայի՛ն մտածողություն, աշխարհահայացք, եւ այս ուղղությամբ առնվազն մասնակի հանձնառություն։

Հայ ժողովրդի, ամբողջ հայ ժողովրդի, ոչ միայն Սփյուռքի հավաքական ներուժի՝ համահայկական օրակարգի շուրջ ներգրավելու համար այստեղ բնակվելը կարեւոր է, բայց միակ միջոցը չէ։ Կարելի է կերտել այնպիսի պետականություն, որ աշխարհի մեկ հեռավոր անկյունում, հայությունից հեռու ապրող մեկ հայ գիտնական՝ ցանկանա — եւ ավելի կարեւորը՝ պետությունից հնարավորություն ստանա — իր մասնագիտական ներդրումը ունենալու երկրի զարգացմանը։

Եղավ ժամանակ, երբ խրախուսելու համար սփյուռքահայ գործարարների այստեղ ներդրում կատարել, ասվում էր «եկեք, զուտ բիզնես շահի տեսանկյունից ներդրում արեք, հայրենասիրության կարիք չկա»։ Չի կարող այդպիսի բան լինել. առանց հայրենասիրության՝ հայ մարդը զուտ շահադի­տա­կան նպատակներով ներդրում չի անի այստեղ. զուտ շահադիտական նկատառումներով ներդրում անելու համար այստեղից շատ ավելի շահավետ վայրեր, երկրներ կան։ Հա՛յը, հայրենասե՛ր հայը, անկախ բնակության վայրից եւ ունեցած քաղաքացիությունից, Հայաստանում այնքան ներդրում պիտի անի — իսկ պետությունը ոչ միայն դա պիտի խթանի, այլ այդ ներդրումը նաեւ պիտի այնպես պաշտպանի —, որ ոչ-հայն էլ ցանկանա այստեղ ներդրում անել։ Իսկ աշխարհի հեռավոր մի անկյունում, հայությունից հեռու ապրող հայ գիտնականն էլ առանց հայրենասիրության՝ իր գիտական հմտությունները չի ներդնի Հայաստանի Հանրապետության զարգամանն ու հզորացմանը գործում։

Համահայկական օրակարգի համատեքստում ամբողջ հայության — ոչ միայն Սփյուռքի — հավաքական ներուժի թիրախային ներգրավվածությունը ապահովելու գործում մեծ, շատ մեծ է պետության դերը, որ պետք է ստեղծի հնարավորությունը, հնարավորությունները այդ ներգրավվածությունը իրականացնելու։ Իսկ այսօր ի՞նչ ունենք մենք, եւ սա միայն վերջին տարիների խնդիր չէ. վերջին չորս տարում, վեց տարում, տաս կամ քսան տարում միայն Հայաստանի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացին, ով պատմական եւ կամ ինչ-որ այլ հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի մեկ այլ քաղաքացիություն ունի, մեր օրենսդրությունը ա՝դ հային համարում է անվստահելի, երբեմն նույնիսկ կասկածելի։ Այսպես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի նաեւ այլ քաղաքացիություն ունեցողը չի կարող լինել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի անդամ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, չի կարող իրականացնել վիճակախաղի կազմակերպման գործունեություն, չի կարող լինել ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նախագահ, նախագահի տեղակալ կամ խորհրդի անդամ, չի կարող լինել դատավոր, չի կարող նշանակվել մարզպետ, չի կարող ընտրվել Մարդու իրավունքների պաշտպան, եւայլն։ Միաժամանակ, սակայն, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացողի համար ոչ միայն արգելք չկա այլ երբեմն կա պարտադրանք — արդար պարտադրանք — ծառայելու զինված ուժերում։ Ուրեմն պիտի եզրակացնել, որ մեր երկրի սահմանները պաշտպանել կարելի է վստահիլ երկքաղաքացուն, բայց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի գործ՝ ոչ, չի կարելի…

Կարելի է առարկել, որ այլ երկրներում էլ կան նման սահմանափակումներ։ Կարող է եւ կան. բայց այլ երկրներում կան նաեւ այլ կարգավորումներ, որոնք արտասահմանում գտնվող կամ բնակվող քաղաքացուն փաստացի չեն զրկում համապետական քվեարկություններին մասնակցելու իրավունքից։ Իսկ մեր դեպքում այդպես չէ. այն օրը երբ որդեգրվեց երկքաղաքացիության մասին օրենքը, նաեւ ընտրական օրենսդրության մեջ փոփոխություն կատարվեց եւ դրսում գտնվողները եւ կամ բնակվողները զրկվեցին համապետական քվեարկություններին մասնակցելու իրավունքից։

Այլ երկրների դեպքում, նաեւ հետզհետե զարգանում է իրենց օրենսդիր մարմիններում՝ արտասահմանում բնակվող քաղաքացիները ներկայացնող պատգամավորների ընտրության համակարգը։ Սրանք իրականում մեխանիզմներ են՝ հիմնված տվյալ պետության յուրահատկությունների վրա։ Մեր մոտ էլ քննարկվել են տարբերակներ՝ Սփյուռքից ընտրովի կամ նշանակովի, ներկայացուցչական եւ այլ՝ առաւելաբար բարձրագույն գործադիր իշխանության որպես խորհրդատու եւայլն, բայց նաեւ որպես օրենսդիրի երկրորդ պալատ։ Սակայն, դրանք չեն հիմնականը. հիմնականը ազգի իրողության եւ համազգայինի հասկացողության առկայությունն է կամ այդ հասկացողության բացակայությունը։ Իսկապես ուզո՞ւմ ենք մեր հավաքական ներուժի ներգրավումը համահայկական օրակարգի հարցերի կարգավորման գործում. հարցը շատ ակտուալ է այսօր. կպահե՞նք միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող եւ վերջին վեցուկես տարին պետությունը անդունդից անդունդ, կորստից կորուստ առաջնորդողին, թե՝ վստահում ենք իր ամբողջ կյանքը ազգին, եկեղեցուն ու Հայրենիքին նվիրած մարդուն»։