Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված` կուտակային նոր օրենքի փաթեթը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր ելույթում նախ մեջբերեց կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքերը. «Նոր օրենքը լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված: Ժողովուրդը մեր թշնամին չէ, անելու ենք ամեն ինչ, որ նոր օրենքը բխի բոլորի շահերից, շահագրգիռ հանդիպում ենք կազմակերպելու քաղաքական ուժերի և հասարակության ներկայացուցիչների հետ: Մենք արդեն առաջարկել ենք քաղաքական ուժերին` մասնակցել աշխատանքային խմբի աշխատանքներին: Կենսաթոշակային բարեփոխումները անհրաժեշտություն են, և մենք պետք է այնպես անենք, որ նոր օրենքը ընդունելի լինի բոլորի համար»:
Աղվան Վարդանյանի խոսքով` կառավարության ղեկավարի այս խոստումները չեն կատարվել: Մոտ մեկ ամիս առաջ առաջարկվել է տրամադրել մարդիկ` աշխատանքային խմբում քննարկումներ անելու և լավագույն մոդելը գտնելու համար: Եվ Դաշնակցությունը, որպես կառուցողական քաղաքական ուժ, առաջարկել է չորս մարդու` Արծվիկ Մինասյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արսեն Համբարձումյանի եւ Արա Նռանյանի թեկնածությունները:
«Անցել է մոտ մեկ ամիս, մի օր կառավարությունից զանգում են, թե հրավիրում ենք քննարկման: Մեր ներկայացուցիչները գնում են կառավարություն, ասում են` սա է մեր սցենարը, մենք սա ենք մշակել: Ասում ենք` սա մշակել չի, սա նույն բանն է՝ տարբեր անուններով, սա ընդունելի չէ: Դուք սա համարում եք քննարկո՞ւմ ու համատեղ աշխատա՞նք: Եվ կամ գրված է, որ հաշվի են առնելու հանրության կարծիքը, բերված օրենքի նախագիծը ընդունե՞լ է «Դեմ եմ»-ի կարծիքը: Բնականաբար, նման մեթոդով աշխատելը հույս չի ներշնչում: Մանիպուլյացիա անելով, այլ բան ասելով` այլ բան անելով … Մենք դա միշտ էլ տեսել ենք:
Օրենքն ակնհայտորեն նորից բերում է խտրականության դաշտ, երբ պետական համակարգի այս-այս աշխատողները չեն կարող հրաժարվել նպատակային սոցիալական վճարից: Հիմա էլ քաղաքացիներին բաժանում եք տարբեր դասերի հա՞` դուք իմ աշխատողներն եք, դուք չեք կարող խուսափել այդ վճարից: Ճորտատիրությունը վաղուց ավարտվել է, ժողովո'ւրդ:
Եվ մյուս խնդիրը, որ իրենց սցենարում չկար, բայց երկու օրվա մեջ դա էլ փոխեցին, նրանք, ովքեր մասնավոր հատվածում են կարող են մինչև 2017-ը դիմում գրել` հրաժարվելով այդ համակարգից: Ո՞ւմ եք ձեռ առնում: Երեկ հարց տալիս ասացի, մեր Ազգային ժողովում տասնամյակներով մարդիկ կան, որոնք բացարձակ գործարարներ չեն, բայց բաժնետերեր ու սեփականատերեր են, և վաղը նրանց ձեռնարկություններում կամ այն ձեռնարկություններում, որոնք ակնհայտ պետության ազդեցության ներքո են գտնվում՝ ՀԷՑ, երկաթուղի, «Գազպրոմ» և այլն, դուք հավատո՞ւմ եք, որ այնտեղ մարդիկ մասսայական դիմում են գրելու, որ հրաժարվեն, կարողանալո՞ւ են գրել: Որովհետև հասկանում եք, եթե համակարգը մնա 50 հազար հոգու վրա, համակարգը չի աշխատի, կրիտիկական զանգված չի հավաքվի, ձեզ պետք է նվազագույնը 160-200 հազար մարդ, որ ֆինանսական հարցեր լուծեք, և դա դուք համարում եք բարեփոխում:
Դուք դեմ եք գնում հանրության 90 տոկոսի շահերին` հերթական անգամ: Ձեզանից ոչ մեկը հավերժ չի: Ունենք պետականություն, ապագա, քաղաքական մեծամասնությունը գովերգում, փառաբանում էր «Դեմ եմ»-ին` նրան հակադրելով քաղաքական ընդդիմությանը, թե այս երիտասարդները ուրիշ են, լավն են, որ նրանք են երկրի ապագան, այլ ոչ ընդդիմությունը: Դուք հասկանո՞ւմ եք` սրանով ինչ հարված եք հասցնում այդ երիտասարդությանը, ինչ հիասափություն եք առաջացնում նրանց մոտ, որ նրանցից շատերը թքելու են ու գնան այս երկրից: Ինչի՞ վրա եք մնալու:
Եվ, վերջապես, վարչապետի պարտադիր ոչ պարտադրվածը բացվեց այս օրենսդրական նախաձեռնությամբ: Համակարգը պարտադիր է պետական համակարգի աշխատողների համար և պարտադրված` մասնավոր սեկտորի 90 տոկոսի: Ոչ թե պարտադիր, բայց ոչ պարտադրված, այլ պարտադիր և պարտադրված, և սրա համար հինգ տարի հետո, տասը տարի հետո դուք ձեր ներսում պատասխան եք տալու»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը: