կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-11 15:21
Քաղաքական

Պատվաստումները՝ պարտադի՞ր. Հայաստանում կարանտինի ռեժիմ ներմուծող օրենսդրական փաթեթի վերաբերյալ ՀՅԴ ՀԳՄ ՄՈՀ տեսակետը

Պատվաստումները՝ պարտադի՞ր. Հայաստանում կարանտինի ռեժիմ ներմուծող օրենսդրական փաթեթի վերաբերյալ ՀՅԴ ՀԳՄ ՄՈՀ տեսակետը

ՏԵՍԱԿԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  ԿԱՐԱՆՏԻՆԻ ՌԵԺԻՄ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.  ՀՀ կառավարության առաջարկությամբ՝ ՀՀ Ազգային ժողովը 04.09.2020թ. արագացված ընթացակարգով ընդունեց Հայաստանում կարանտինի ռեժիմ ներմուծելու վերաբերյալ 7 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթ: Օրենսդրական փաթեթը բաղկացած էր ««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերից:

2.  Օրենսդրական փաթեթը մշակվել և ԱԺ է ներկայացվել օրենքների նախագծերի մշակման և քննարկման համար սահմանված հրապարակայնության, թափանցիկության և հանրային ներգրավման սկզբունքների ու օրենսդրական կարգավորումների խախտմամբ: Այսպես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 10.10.2018թ. N 1146-Ն որոշման համաձայն՝ 7 օրենքների նախագծերը առնվազն 15 օր ենթակա էին հանրային քննարկման, որի ընթացքում կարող են ներկայացվել առաջարկություններ և դիտողություններ: Դրանց վերաբերյալ նախագիծը մշակող պետական մարմինը պետք է ձևավորեր իր դիրքորոշումը և դրանք ամփոփաթերթով ներկայացներ կառավարության քննարկմանը: Մինչդեռ՝ օրենսդրական փաթեթը կառավարությունում քննարկման ներկայացվեց առանց վերը նշված պահանջներն ապահովելու: Նախագծերի վերաբերյալ իրավասու մարմինների կարծիքները ստանալու համար նախատեսվել է խիստ կարճ ժամկետ, որի վերաբերյալ իր մտահոգությունները 27.08.2020թ. ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Ավելին՝ թեև նույն օրը ՀՀ վարչապետը հանձնարարեց ապահովել քննարկումները, իսկ նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (տե՛ս https://www.e-draft.am/projects?in=all&types%5B4%5D=4&page=1) նախագծերի փաթեթը տեղադրվեց՝ 27.08.2020թ.-ից մինչև 11.09.2020թ. սահմանելով որպես հանրային քննարկման ժամանակահատված, սակայն, ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ վարչապետի գրավոր առաջարկությամբ, ինչպես նշեցինք, 04.09.2020թ. ՀՀ ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում արագացված կարգով երկու ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթը: Այսինքն՝ գործ ունենք ՀՀ օրենքների ընդունման ընթացակարգը գիտակցված խախտելու փաստի հետ:

3.  Ըստ օրենսդրական փաթեթի ընդունման հիմնավորման՝ 2020 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունում հայտարարված և շուրջ վեց ամիս ընթացող արտակարգ դրության  պայմաններում նկատվում է նոր կորոնավիրուսային հիվանդության վարակի աճի տեմպերի նվազում, ինչով պայմանավորված՝ այլևս վերանում է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: Օրինագծի հեղինակների համոզմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների շարունակական կիրառումը դեռևս կարող է էական ազդեցություն ունենալ հիվանդության դեպքերի թվի աճի տեմպերի նվազման վրա: «Հետևաբար, անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի կիրառել որոշակի միջոցառումներ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում»: Այլ խոսքով, ինչպես ներկայացված է հիմնավորման մեջ, օրենսդրական փոփոխության նպատակը նոր կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի գործիքակազմի ստեղծումն է: Հետևաբար, օրենսդրական նախաձեռնությունը պետք է վերաբերեր նոր կորոնավիրուսի՝ որպես մարդկանց (հանրության) առողջությանը սպառնացող վտանգի չեզոքացման համար արտակարգ դրությունից առավել արդյունավետ միջոցների ամրագրմանը: Մինչդեռ՝ օրենսդրական կարգավորմամբ ոչ միայն հապճեպորեն սահմանվել են ընդհանուր բնույթի կարգավորումներ, այլ նաև դրանցով պահպանվել են արտակարգ դրության իրավական խիստ ռեժիմի կանոնները՝ փոփոխելով միայն այդ ռեժիմի անվանումը (արտակարգ դրության իրավական ռեժիմ անվան փոխարեն օգտագործվում է կարանտին հասկացությունը): Ավելին՝ առանձին դեպքերում սահմանվել են կարգավորումներ, որոնք ավելին են, քան պահանջում է արտակարգ դրությունը (օրինակ՝ եթե արտակարգ դրություն հայտարարելու բացառիկ իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ (76 և 120 հոդվածներ) վերապահված է կառավարությանը, որն իր որոշմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է նախատեսել մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման ծավալները, ապա կարանտինի ռեժիմ, հետևաբար՝ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման մասին որոշումներ կարող են կայացնել  կառավարությունը, մարզպետը, ինչպես նաև Երևանի քաղաքապետը): Բացի դրանից՝ անբացատրելի է, որ եթե, այնուամենայնիվ, օրենսդրական փոփոխության նպատակը նոր կորոնավիրուսի դեմ պայքարն է, ինչո՞ւ չի ներկայացվել հենց այդպիսի անվանումով օրենքի նախագիծ, այլ փոխարենը, օգտագործելով այն, ներկայացվել է գործադիր իշխանության առանձին միավորների իրավունքներն անհամաչափորեն ընդլայնող, ինչպես նաև իրավունքի գերակայության սկզբունքին սպառնացող օրենսդրական փաթեթ (ըստ առանձին օրենքների՝ այդպիսի դրույթները ներակայացվում են հետագա շարադրանքում):

4.  Օրենսդրական փաթեթը չի բավարարում իրավական որոշակիության և համաչափության հիմնարար սկզբունքներին: Այսպես՝ ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված՝ մարդու 50-ից ավելի հիմնական իրավունքների և ազատությունների համար սահմանված է շուրջ 14 դեպք, երբ օրենքով կարող են սահմանափակվել այդ իրավունքները, ընդ որում՝ յուրաքանչյուր դեպքում սահմանադիրը հստակ նշում է այդ իրավունքի սահմանափակման հիմքը: Սակայն օրենսդրական փաթեթում ոչ միայն բացակայում են կոնկրետ իրավունքների և ազատությունների անվանումները (բացառությամբ մեկ-երկու դեպքի), այլ նաև դրանք ներկայացվում են շփոթ առաջացնող ձևակերպումներով, իսկ առանձին դեպքերում բացակայում են սահմանափակման ծավալները (օրինակ՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով օրենքը լրացվում է 17.5 հոդվածով, որը վերաբերում է հավաքների և հանրային միջոցառումների սահմանափակումներին, այդպես էլ հստակ չէ, թե ի՞նչ սահմանափակումներ կարող են սահմանվել, որոնք չեն արգելափակի կամ որևէ ձևով խախտի մարդու՝ հավաքների ազատության հիմնական իրավունքը): Սա այն դեպքում, երբ, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն, հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Իսկ Սահմանադրության նույն՝ 2-րդ գլուխը ներառող 78-80 հոդվածների համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորել համապատասխան վարքագիծ: Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

Այսինքն՝ ընդունված օրենսդրական փաթեթը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

5.   Օրենսդրական փաթեթում բացակայում են հանրային կյանքի կազմակերպման համար լիազորված պետական մարմինների պատասխանատվության նորմերը: Ավելին՝ փոփոխությունների արդյունքում հանվել է մարդկանց անհատական պաշտպանության միջոցների կիրառման պահանջ սահմանելու դեպքում այդ միջոցների տրամադրման՝ կառավարության, պետական այլ մարմինների պարտավորությունը: Այսպես՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 10-րդ հոդվածը, մինչև փոփոխության ենթարկվելը, մասնավորապես սահմանում էր. «Անհատական պաշտպանության միջոցներով ապահովումն իրականացնում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները:»: Օրենսդրական փաթեթով՝ այս հոդվածն ամբողջությամբ խմբագրվել է, որի արդյունքում այլևս գոյություն չունի հանրային իշխանության մարմինների նշված պարտավորությունը: Փոփոխության համաձայն՝ մասնավորապես սահմանվել է. «Սույն օրենքի 4.1-ին գլխով սահմանված կարանտին սահմանելու դեպքում բնակչության անհատական պաշտպանության միջոցների կիրառման անհրաժեշտությունը սահմանվում է կարանտին սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման դեպքերը և կարգը՝առողջապահության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ ենթաօրենսդրական իրավական ակտով»:

6. Թեև օրենսդրական փոփոխությունների փաթեթի ներկայացումով առաջարկվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը փոխարինել արտակարգ իրավիճակների օրենսդրական կարգավորումներով, սակայն այդպես էլ անհայտ է մնում թե ո՞ր մարմինն է գնահատում ստեղծված վիճակը և հայտարարում արտակարգ իրավիճակի առկայության մասին: Սա նաև սկզբունքային հարց է, քանի որ վարակիչ հիվանդության պատճառով արտակարգ իրավիճակի գոյությունը հիմք է կարանտին սահմանելու կամ այն երկարացնելու համար: Բացի այդ՝ թեև կառավարության կառուցվածքում կա հատուկ՝ արտակարգ իրավիճակների նախարարություն, սակայն օրենսդրական փաթեթում համաճարակների առաջացման հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում կարանտին սահմանելու, դրա կարգավորումները նախատեսելու, արտակարգ իրավիճակում գործելու կանոնները գործադրելու հարցում այս նախարարության գործառույթները գրեթե զրոյացված են, փոխարենը արտակարգ իրավիճակում անբացատրելի կերպով իրավասություններ են վերապահված առողջապահության նախարարությանը, տեսչական մարմիններին և այլն:

7. Օրենսդրական փաթեթը համահունչ չէ խորհրդարանական կառավարման համակարգին: Մասնավորապես՝ բազմաթիվ լիազորություններ, որոնք վերապահված են տեսչական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, ոստիկանությանը և այլն, դուրս են պառլամենտական վերահսկողությունից: Մինչդեռ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի պարագայում այն ոչ միայն պառլամենտական վերահսկողության ուղիղ առարկա է, այլև Սահմանադրությունը նախատեսում է արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների վրա ուղղակի ազդեցության հնարավորություն՝ ընդհուպ այն վերացնելու լիազորությամբ: Մինչդեռ՝ կարանտինի ռեժիմի պարագայում խորհրդարանը չունի Սահմանադրությամբ նախատեսված՝ այդ ռեժիմը փոփոխելու կամ այն դադարեցնելու լիազորություններ:

8.  Ընդունված օրենքներում ոչ մի բառ չկա նոր տիպի կորոնավիրուսի մասին: Ներկայացված դրույթներից շատերը բացարձակապես կապ չունեն նշված հիվանդության հետ: Այսպես, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի փոփոխությամբ ավելացվել են նոր հոդվածներ, որոնցով առաջարկվող կարգավորումները դուրս են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրային մոտեցումներից: Օրինակ՝ 20.1 հոդվածը՝ վերնագրված «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման բնագավառում», նախատեսել է կարգավորում (հոդվածի 2-րդ մաս), որի համաձայն՝ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման, կանխման ու վերացման նպատակով առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, տեսչական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպությունները իրականացնում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ: Մասնավորապես`«լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների տեսակետից անապահով երկրներ կամ վարակի օջախ հանդիսացող վայրեր ուղևորությունների պատմության ուսումնասիրություն, վարակիչ հիվանդությունների` լիազոր մարմնի ղեկավարի սահմանած ախտանիշներին կամ առողջական վիճակին համապատասխանող անձանց (հնարավոր վարակակիր), տվյալ վարակիչ հիվանդության ինկուբացիոն շրջանում վարակակրի հետ շփված անձանց (կոնտակտավոր անձինք), ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների բժշկական զննություն կամ բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում` իմունականխարգելման իրականացում կամ հոսպիտալացում, կասկածելի անձանց, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող անձանց, կոնտակտավորների շփումների ուսումնասիրությանն ուղղված միջոցառումների ձեռնարկում, ինչես նաև անհատական պաշտպանության միջոցների պարտադիր օգտագործում»:

Այսպիսի կարգավորման դեպքում առաջանում են հարցեր, մասնավորապես՝ ի՞նչ հիմնավորմամբ են վերապահվում մարդու անձնական տվյալներին տիրապետելու իրավասություն նշված մարմիններին ու պաշտոնատար անձանց ոչ վարակիչ հիվանդությունների դեպքում կամ թեկուզ վարակիչ այնպիսի հիվանդության դեպքում ինչպիսին, օրինակ, սեզոնային գրիպն է: Որո՞նք են օրենքով սահմանված այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում կարող է սահմանափակվել մարդու անձնական ազատությունը, ազատ տեղաշարժը, ազատ գործելու իրավունքը, հաղորդակցության ազատությունն ու գաղտնիությունը, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանությունը: Այս հոդվածը չի համապատասխանում իրավունքի որոշակիության և համաչափության, իրավունքի էության անխախտելիության սահմանադրական սկզբունքներին: Եթե հոդվածով սահմանված մի շարք սահմանափակումներ, որոշ վերապահումներով, ընկալելի են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, ապա դրանք բացարձակապես անընդունելի և մերժելի են վերը նշված այլ դեպքերում (ոչ վարակիչ հիվանդությունների կամ սեզոնային գրիպի  և այլն): Հատկապես, երբ այս դրույթները գործում են նույնիսկ առանց կարանտինի ռեժիմ հայտարարելու:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նույն հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝   անձի` սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված միջոցառումներից (բացառությամբ իմունականխարգելման) հրաժարվելու դեպքում դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Ստացվում է, որ իմունականխարգելման իրականացումը համարվել է պարտադիր՝ անկախ անձի համաձայնությունից: Սա մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է:

«Կարանտին սահմանելու  դեպքում կիրառվող սահմանափակող միջոցառումները» վերնագրով հոդված 20.3-ը, թղթակցվելով հոդված 20.2-ի և այլ լրացվող հոդվածների հետ, ակնհայտ խառնաշփոթ է ստեղծել մարդու ազատ տեղաշարժի՝ որպես հիմնական իրավունքի համակարգի մեջ: Մի կողմից՝ առանձին սահմանվում է այդ իրավունքի տարր համարվող մարդու՝ կարանտինի գոտի կամ երկիր մուտքի ու ելքի ազատության սահմանափակումների հնարավորությունը, մյուս կողմից՝ առանձին նախատեսվում են անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ: Օրինագծի հեղինակներն այդպես էլ չեն կողմնորոշվել, թե ազատ տեղաշարժի իրավունքի համակարգի մեջ ինչ իրավունքներ են ներառվում: Ավելին՝ շփոթելով մարդու ազատ գործելու իրավունքի հետ (Սահմանադրության 39-րդ հոդված) այնպիսի սահմանափակումներ ու պահանջներ, որոնք վերաբերում են անհատական պաշտպանության միջոցներին (օրինակ՝ բժշկական դիմակը), օրինագծի հեղինակները դրանք ներկայացնում են որպես ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակում (Սահմանադրության 40-րդ հոդված): Մեկ այլ դեպքում օրինագծի հեղինակները չեն կողմնորոշվել օբսերվացիայի, ինքնամեկուսացման և մեկուսացման կանոնների հարցում, մասնավորապես՝ թե դրանք մարդու ո՞ր հիմնական իրավունքներին են առնչվում և արդյո՞ք կարող են սահմանափակվել օրենք չհամարվող այլ նորմատիվ իրավական ակտով:

Օրենքի նախագծով առաջարկվող 20.11 հոդվածով ամրագրված է, որ «կարանտին սահմանվելու դեպքում բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարակումը իրականացնում են` հիմք ընդունելով լիազոր մարմնի ղեկավարի հրամանները»: Սա խիստ անորոշ ձևակերպում է, որի ներքո անբացատրելի է՝ արդյո՞ք այս կազմակերպությունների միջոցների, թե՞ պետական բյուջեի հաշվին են իրականացվելու բժշկական սպասարկումն ու օգնությունը: Մյուս կողմից՝ այդպիսի հրամաններով կարող են խախտվել անձանց սեփականության իրավունքը, առողջության իրավունքը: Նման կարգավորմամբ՝ նախարարի հրամանը վեր է դասվում օրենքներից և Սահմանադրությունից:

9. Ընդհանրապես, եթե ընդունենք այն հիմնավորումը, ըստ որի՝ գործող օրենքներում փոփոխություններ կատարելն առավել ընդունելի տարբերակ է, ապա պետք է առնվազն նկատի առնվեր հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1992 թվականին, իսկ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը՝ 1998թ.: ՀՀ ներկայիս գործող Սահմանադրության, ինչպես նաև հիմնարար մի շարք օրենքներով սահմանված պետական կազմակերպման կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կարգավիճակներն ու գործունեության առանձնահատկություններից շատերն այդ օրենքների ընդունման ժամանակահատվածում չկային: Ինչպես հաճախ է պատահում, դրանք նաև համապատասխանեցված չեն նոր կարգավորումներին: Հետևաբար, առնվազն կարիք կար այս օրենքներն ամբողջությամբ վերանայելու: Մասնավորապես՝ վերը նշված 2 օրենքներում էլ օգտագործվում են արտահայտություններ, որոնք ներկայումս ՀՀ օրենսդրությամբ չկան կամ այլ իմաստ ունեն: Օրինակ՝ օրենքների տեքստերում օգտագործվում են ձեռնարկություն և հիմնարկ արտահայտությունները, որոնց համար նախատեսվում են նաև պահանջներ: Մինչդեռ՝ ՀՀ Սահմանադրությամբ և քաղաքացիական օրենսգրքով «ձեռնարկություն» հասկացություն չկա, իսկ «հիմնարկ» հասկացությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն, իրավաբանական անձ չէ և գործում է իրավաբանական անձի հաստատած կանոնադրության հիման վրա: Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում այն ստեղծած իրավաբանական անձը: Հետևաբար, առանձին պահանջ սահմանել իրավունքի սուբյեկտ չհանդիսացող միավորի համար, առանց նկատի առնելու այս առանձնահատկությունը, իրավական չէ: 

10. Օրենսդրական փաթեթում ընդունված օրենքներից է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքը: Դրանով սահմանվում են պատասխանատվության միջոցներ, որոնք հաճախ չեն համապատասխանում համաչափության և իրավական որոշակիության սահմանադրական դրույթներին, եվրոպական նախադեպային դատական պրակտիկային և, ի վերջո, իրավական պետության սկզբունքին (նշված հայեցակարգերում հստակորեն ամրագրված է՝ իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսելու այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը: Իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից՝ օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության: Առավել ևս՝ իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները։ Բացի դրանից՝ իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ: Ի հակադրություն այս պահանջների, օրինակ, վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվում է 182.4 հոդվածը, որով առաջարկվում են պատասխանատվության միջոցներ այնպիսի պահանջների համար, որոնք ինքնին չեն բավարարում իրավական որոշակիության սկզբունքին: Օրինակ՝ նույն հոդվածի 10-րդ մասով առաջարկվում է վարչական պատասխանատվություն կարանտինի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելու համար: Մինչդեռ՝ այդ պահանջներն ինքնին հստակ չեն: Որպես օրինակ վերցնելով օրենսգրքում արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար սահմանված վարչական պատասխանատվություն նախատեսող 182.3 հոդվածը՝ օրինագծի հեղինակներն անտեսել են հանգամանքը, որ նույնիսկ այդ հոդվածով ներկայումս բազմաթիվ դատական վեճեր կան, որոնցով վիճարկվում են սահմանված պահանջների և դրանք խախտելու մեղադրանքով կիրառված վարչական տուգանքների իրավաչափությունը: Բացի այդ, որպես կանոն, այդպիսի պահանջները չափազանց լայն են, և դրանցից ոչ բոլոր խախտումներն են, որ կարող են առաջացնել դրամական տույժի միջոցի կիրառում: Օրինակ՝ բոլոր պայմաններում դիմակ կրելու կանոնները, նվազագույն հեռավորությունը պահպանելը կամ ախտահանիչ նյութերի պարբերաբար օգտագործումը և այլն: Սրանք այնպիսի կանոններ են, որոնց պահպանումը, ըստ իրավիճակի, կարող է խիստ անհրաժեշտ լինել կամ բացարձակապես անհրաժեշտ չլինել: Մինչդեռ՝ դրամական տույժի միջոցի միանշանակ կիրառման ընձեռած հնարավորությունն այս դեպքում խախտում է նաև կանոնի սահմանման և գործադրման նպատակայնությունը: Սրա ականատեսն ենք հիմա, երբ այդպիսի անարդյունավետ միջոցներ գործադրվել են նաև արտակարգ դրության պայմաններում: Մինչդեռ՝ պատշաճ վարչարարությունը ենթադրում է վարչական պատասխանատվության այնպիսի միջոցի սահմանում, որը գործադրողն ունի համարժեք ճկունություն՝ վարչարարության համաչափ միջոցների գործադրմամբ ապահովելու կանոնի գործադրումը և իրավախախտման վերացումն ու բացառումը: Այդպիսի հնարավորությունը կարող է ապահովել, օրինակ, մինչև դրամական տույժի ենթարկելը, իրավախախտին նախազգուշացում տալը: Սակայն 182.4 հոդվածը չի առաջարկել այս լուծումը:

Բացի այդ, գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն, վարչական պատասխանատվությունը ծանրացնող է համարվում զանցանքը արտակարգ հանգամանքներում, ինչպիսին, օրինակ, արտակարգ իրավիճակն է, կատարելը: Սակայն օրինագծի հեղինակները անտեսել են այս հանգամանքը, այն դեպքում, երբ սանիտարահակահամաճարակային կանոնների, հավաքների համար սահմանված սահմանափակումների խախտման, ինչպես նաև 182.4 հոդվածով թվարկված մի շարք այլ զանցանքների համար արդեն իսկ օրենսգրքով սահմանված են պատասխանատվության միջոցներ: Հետևաբար, կարանտինի պայմաններում նման զանցանքների համար պատասխանատվության միջոցներ սահմանելուց առաջ պետք է առնվազն անդրադարձ կատարվեր այդ նորմերին, դիտարկվեր դրանց հետ համադրելիությունն ու համաչափությունը և այլն:

11. Ընդունված մյուս օրենքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին է, որով առաջարկվող քրեական պատասխանատվությունը բացարձակապես հաշվի չի առել գործող քրեական օրենսգրքի 124.1 հոդվածը, որի համաձայն՝ անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելն առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ ըստ իրավախախտի մեղքի աստիճանի և արարքի հետևանքների՝ 400 հազար դրամ տուգանքից մինչև ազատազրկում 5 տարի ժամկետով: Մինչդեռ, ընդունված փոփոխությամբ, քրեական օրենսգիրքը լրացվել է նոր՝ 277.2 հոդվածով՝ կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի (անձանց) վարակում, մարդու առողջությանը պատճառել է ծանր վնաս կամ մահ, առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ կախված մեղքի աստիճանից և առաջացրած հետևանքներից՝ տուգանք 300 հազար դրամից մինչև ազատազրկում 4 տարի: Փաստորեն, ստացվում է, որ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում  նույն խախտման համար սահմանվում են տարբեր պատասխանատվություններ, ընդ որում՝ դրանք նաև անընկալելի են պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների համատեքստում:

Եզրակացություն

Ամփոփելով վերը ներկայացվածը՝ հանգում ենք հետևյալ եզրահանգումների.

1.  ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կառավարության առաջարկությամբ ընդունված 7 օրենքների նախագծերը ներկայացվել են օրենքների ընդունման օրենսդրության պահանջների խախտմամբ:

2.  Թեև դրանք ընդունելու պաշտոնական հիմնավորումներում նշվում է նոր կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակելու ու արտակարգ դրության իրավական ռեժիմից հրաժարվելու անհրաժեշտությունը, սակայն օրենքների տեքստերում չկա նշում նոր կորոնավիրուսի մասին, ներկայացված կարանտինի ռեժիմը մարդու հիմնական իրավունքների սահմանափակման առումով պահպանում է արտակարգ դրության իրավական ռեժիմի կոշտ կանոնները, իսկ առանձին դեպքերում ավելի է խստացնում այդ սահմանափակումները: Սա այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում այդպիսի հնարավորություն:

3.  Օրենքներով առաջադրվող կարգավորումների զգալի մասը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, հիմքեր է ստեղծում իրավունքների անհամաչափ սահմանափակումների և ոչ իրավաչափ վարչարարության համար:

4. Օրենքներով առաջադրվող կարգավորումները նաև խեղաթյուրումներ են առաջացնում քրեական արդարադատության համար:

5. Օրենքներով ամրագրված կարգավորումների զգալի մասը շեղվել է Սահմանադրությամբ հռչակված՝ հանրային առողջության պահպանմանն ուղղված պետության նպատակներից և պարտավորություններից: Այդպիսի կարգավորումները անհարկի ընդլայնում են դատական կարգով իրավունքների պաշտպանության դիմումների քանակը, մեծացնում դատական համակարգի ծանրաբեռնվածությունը, որն այսպիսի պայմաններում հանգեցնելու է նաև արդար դատաքննության իրավունքների խախտումների:

6. Եթե գործադիրի և օրենսդիրի նպատակը լիներ միայն նոր կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարը, ապա բավարար կլիներ դրա համար առանձին օրենքի ընդունումը, որը կունենար համարժեք անվանում, իսկ դրանով առաջարկվող կարգավորումները համահունչ կլինեին ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխով սահմանված՝ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման սկզբունք նորմերին, ընկալելի կլինեին հանրության համար և նպատակային՝ հանրային առողջության պահպանման տեսակետից:

 ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

10.09.2020թ.