Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2014 թ.-ին ՀՀ Կառավարության կողմից Լիդիան Արմենիա ընկերությանը տրվել է Ամուլսարի ծրագրի ընդերքօգտագործման իրավունքը և շինարարության համար բնապահպանական թույլատվությունը: 2015թ.-ին Լիդիանը հրապարակել է Ամուլսարի ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը, իսկ դրա թարմացված տարբերակը՝ 2016թ.-ին: 2016 թվականի ապրիլի 29-ին Ամուլսարի ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննությունն ստացել է դրական եզրակացություն:
Ըստ Լիդիանի ներկայացրած ծրագրի՝ հանքի շահագործման 11 տարիների ընթացքում նախատեսվում է արդյունահանել մոտ 2,6 մլրդ. ԱՄՆ դոլարի ոսկի: Առաջին երկու տարիների ընթացքում նախատեսվել է կատարել շուրջ 426 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Հանքի շահագործման ողջ ընթացքում պետական բյուջե վճարվող հարկերի միջոցով ընդհանուր մուտքերը կկազմեն մոտ 635 մլն. ԱՄՆ դոլար:
Կանխատեսվում է, որ հանքի շահագործման գումարային ազդեցությունը երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ-GDP) միջինը կկազմի մոտ 185 մլն. ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 1,4%: Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի արդյունքում տարեկան միջին արտահանումը կկազմի Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի 6,5%-ը:
Ծրագրի վերաբերյալ տարակարծությունները
Թեև Լիդիանը պարտավորվել է կառուցել և շահագործել Ամուլսարի հանքը հանքարդյունաբերության լավագույն փորձին համապատասխան, որի ներքո նախագծել և ձևավորել է Հայաստանում նախադեպը չունեցող մետաղական հանքարդյունահաման ծրագիր, այնուամենայնիվ մասնագիտական և հանրային շրջանակներում բացակայում է միակարծությունը հանքի շահագործման թույլատրելիության վերաբերյալ:
Մտահոգությունների հիմքում ընկած է հանքավայրի շահագործման արդյունքում առաջանալիք ռիսկերի անկառավարելիությունը: Խնդիրն առավել է բարդանում պայմանավորված Ամուլսարի աշխարհագրական դիրքով և կենսական նշանակություն ունեցող ջրային պաշարների ձևավորման առումով:
Լիդիանը նախաձեռնել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ, սակայն դա ևս հանքավայրի անվտանգ շահագործման նպատակահարմարության հարցում բավարար համոզվածություն չի ձևավորել: Վերջինս պայմանավորված է մի կողմից այն հանգամանքով, որ ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հետազոտությունների, ուսումնասիրման ու գնահատման համար միջազգային փորձագետները ընտրվել և վճարվել են Լիդիանի կողմից: Մյուս կողմից ՀՀ կառավարությունը՝ ի դեմս բնապահպանության նախարարության, չի ունեցել (և չունի) օրենսդրական պարտավորություն և ֆինանսական հնարավորություն՝ ներկայացված ՇՄԱԳ-ի անկախ միջազգային փորձաքննություն իրականացնելու համար: Որպես հետևանք, տեղական և միջազգային փորձագիտական որոշ շրջանակներ առարկում են անվտանգ շահագործման վերաբերյալ Լիդիանի հավաստիացումներին:
Բնապահպանական միավորումները՝ ներգրավելով հասարակության առավել լայն շրջանակների, կազմակերպեցին Ամուլսարի ճանապարհների շրջափակումը, որի արդյունքում խնդրի բնապահպանական ու տնտեսական բաղադրիչներին ավելացավ նաև քաղաքականը:
Առկա վիճակը
Թեև ՀՀ կառավարությունն՝ իր ծրագրով, հանքարդյունաբերության ոլորտում ստանձնել է պարտավորություն հավասարակշռել տնտեսական, սոցիալական և բնապահպանական կայունությունը, սակայն Ամուլսարի վերաբերյալ նրա քաղաքականությունը ձևավորել է հսկայական անորոշություն:
Հենվելով ծրագրի վերաբերյալ տարակարծությունների վրա, չտիրապետելով հարցի էությանը, ձևավորելով հանրային մեծ սպասելիքներ, օրվա քաղաքական իշխանությունը անբացատրելի կերպով երկարացրեց հարցի հանգուցալուծումը՝ խուսափելով պատասխանատվությունից, որի արդյունքում հանրությունում ձևավորվեց անկառավարելի իրավիճակի հանգեցնող խորը առճակատում: Կոռուպցիոն հնարավոր չարաշահումների պատճառաբանությամբ նախաձեռնվեց քրեական գործի հարուցում և միջազգային կազմակերպությունների միջոցով (Elard և TRC, այսուհետև՝ ԷԼԱՐԴ) անկախ փորձաքննություն իրականացնելու նպատակով պետական բյուջեից հատկացվեց 400 000 ԱՄՆ դոլար: Արդյունքում, հանքավայրի շահագործման հետ կապված հարցերում շահարգիռ կողմերը այդպես էլ չձևավորեցին միակարծություն:
Այս ամենը սակայն չի կարող շարունակական լինել, գերակտիվացված քաղաքական բաղադրիչը իր տեղը պետք է զիջի կշռադատված, մասնագիտորեն հիմնավորված և հասարակության ճնշող մեծամասնության կողմից ընդունելի որոշմանը: Նշված ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է հստակեցնել մասնագիտական մոտեցումները, ամբողջացնել տնտեսական, բնապահպանական և սոցիալական հավասարակշռված տեսակետները: Հարցը վճռահատելու համար ՀՀ կառավարությունը պետք է ստանձնի պատասխանատվություն:
Ծրագրի մասնագիտական մտահոգությունները
ԷԼԱՐԴ-ի զեկույցը անդրադառնում է չորս ոլորտների՝
Զեկույցում նշվում է, որ Լիդիանը բավարար կերպով ներկայացրել է կենսաբազմազանությանը վերաբերող հարցեր: ԷԼԱՐԴ-ը քննադատում է օդի որակի գնահատման համար հին մոդելի օգտագործումը որը համարժեք չէ Ամուլսարի նման նախագծին: Նաև բացահայտվում են ոսկու հանքի շահագործման ժամանակ արտանետվող փոշու մանր մասնիկների և որոշակի գազերի ազդեցության գնահատման որոշ թերություններ:
Ի տարբերություն վերը նշվածի՝ ծայրաստիճան քննադատվում է ջրային պաշարների և երկրաբանկան ազդեցության վերլուծությունը, որոնց բացասական արդյունքները ոչ ամբողջությամբ են տեղ գտել ԷԼԱՐԴ-ի կողմից ներկայացված ամփոփիչ գրության մեջ՝ ապակողմնորոշելով վերջանական եզրահանգումը:
Ըստ զեկույցի՝ Լիդանի պատրաստած 3-D երկրաբանական մոդելի լայնակի հատկույթները ցույց են տալիս երկրաբանական հարաբերությունները միայն բացահանքերի տարածքի անմիջական հարևանությամբ: Այս թերությունը ստորերկրյա ջրերի աղտոտիչ աղբյուրների և կլանիչների միջև թույլ կապի հետևանք է: Էկոլոգիապես զգայուն այսպիսի միջավայրի համար կառուցվածքային և ստրատեգրաֆիկ հարաբերությունների վերաբերյալ պատկերազարդումների բացթողումը ամբողջ տարածքի համար, գնահատվում է, որպես մոդելի լուրջ թերություն: Երկրաբանական այս մոդելը իր հերթին հիմք է հանդիսանում այլ մոդելների համար, որոնք թվայնացված ներկայացնում են ստորերկրյա ջրերի և աղտոտիչների հոսքը (տրանսպորտը):
Ծրագրի տարածքում կան մի շարք երկրաբանական բեկվածքներ, որոնք կարող են լինել ստորգետնյա ջրերի հոսքի խոչընդոտներ և/կամ ուղիներ։ Ըստ ԷԼԱՐԴ-ի, նախագծի ազդեցության տարածքում առկա բեկվածքները չեն դիտարկվում Լիդանի կողմից երկրաբանական հետևանքների մոդելավորման մեջ:
Ստորերկրյա ջրերի հոսքի և ջրալուծ նյութերի փոխադրման ճիշտ թվային մոդելավորումը բացահանքերից և ծրագրի տարածքից դեպի ընդունիչներ (գետեր և աղբյուրներ) կախված են ժայռի կառուցվածքից և բնութագրերից` հոսքի և փոխադրման ուղիների ամբողջ երկայնքով:
Վերանայելով Լիդիանի իրականացրած բացահանքերի ներծծվող ջրերի ուսումնասիրությունը, ընդունելով, որ օգտագործված մոդելները ճիշտ են, ԷԼԱՐԴ-ն արձանագրել է, որ մոդելների արդյունքները սխալ են, քանի որ մոդելավորման համար ենթադրվում է անիրատեսական մեծ քանակությամբ գոլորշիացում բաց ժայռերից և ետին լցոնումներից: Այլ խոսքով՝ Լիդիանը պնդում է, որ անձրևի ու ձնհալքի ջրերի մեծ տոկոս գոլորշիանալու են և գետին չեն ներծծվելու, մինչդեռ հայտնի է, որ տեղումների և ձնհալքի մեծ մասը, ծակոտիների միջոցով, արագորեն ներթափանցում է գետին:
ԷԼԱՐԴ-ի եզրակացությունն այն է, որ նախագծի ուսումնասիրության տարածքի երկրաբանության ելակետային բնութագրումը անբավարար է, իսկ շրջանի երկրաբանության մեկնաբանումը և հայեցակարգացումը՝ չափազանց պարզունակ: Բացի այդ, բացահանքերի ջրի արտահոսքի ենթամոդելը ճիշտ չէ: Հիմնական խնդիրը Լիդիանի կողմից չափազանց շատ գոլորշիացման ենթադրությունն է: Ստորերկրյա ջրերի հոսքի տարածաշրջանային մոդելում այդ հոսքերի օգտագործումը հանգեցնում է ստորերկրյա ջրերի մակարդակների և աղբյուրների ազդեցության ոչ ճիշտ գնահատման:
Սևանին առնչվող վնասի հավանականությունը
Անդրադառնալով Որոտանի թունելին, ԷԼԱՐԴ-ը նախ արձանագրում է, որ ստորգետնյա ջրերի ուսումնասիրության տարածքում առավել նշանակալից կառույցը Որոտան թունելն է, որը բետոնապատ կառույց է և անցնում է Սպանդարյան ջրամբարից դեպի Կեչուտի ջրամբար: Սպանդարյան ջրամբարի թունելի մուտքն այս պահին փակ է, բայց Կեչուտի ջրամբարում թունելի ելքից ջուր է հոսում, որը վկայում է, որ ստորերկրյա ջրեր են մտնում թունել: Սևանա լիճը և Կեչուտի ջրամբարը կապված են Արփա-Սևան թունելով, որով Կեչուտի ջրամբարից ջուրն ուղղվում է դեպի Սևանա լիճ: Որոտանի թունելի արտահոսքի ջրի նմուշները ցույց են տալիս, որ դրանք նույն կազմությունն ունեն ինչ Ամուլսարի լեռնաշղթայի աղբյուրներն ու ստորգետնյա ջրերը: Լիդիանի հաշվետվություններում ասվում է, որ Որոտանի թունելը հատում է ստորերկրյա ջրի ավազանը իր երկարությամբ:
Ներկայումս լեռների մակերեսը օքսիդացված է, և սուլֆիդներից ու այլ նյութերից միայն փոքր մասն է հասնում թունելին՝ անձրևից կամ ձնհալից: Բայց բացահանքերի փորելուն պես, սուլֆիդներն ու այլ ծանր մետաղները կբացվեն, և նրանք անձրևի և ձնհալի ջրի հետ կներծծվեն գետին: Բացի այդ, այս բացահանքերի ներքևի մասը կհասնի ստորգետնյա ջրային ավազանին: Հետևաբար, սուլֆիդներն ու այլ ծանր մետաղները հեշտությամբ կթափանցեն ստորգետնյա ջրային ավազանը, և այնտեղից աղտոտված ջուրը կգնա դեպի Որոտան թունելը, որը նույնպես տեղակայված է նույն ստորգետնյա ջրային ավազանում:
Լիդիանը պնդում է, որ աղտոտված ջուրը թունել հասնելու համար 130 տարի կպահանջվի: Այնուամենայնիվ, այս պնդումը հիմնավորված չէ և դրա համար հիմքեր չկան: Ավելին, փորձերի արդյունքները ցույց են տալիս, որ հորդառատ անձրևից հետո լեռան հիմքում որոշ աղբյուրների կազմը փոխվում է ընդամենը մի քանի օր անց:
ԷԼԱՐԴ-ն հաստատում է, որ աղտոտված ջրերը կհոսեն Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից՝ Սևանա լիճ: Այնուամենայնիվ, նրանք պնդում են, որ այդ աղտոտումները զգալիորեն չեն աղտոտի Սևանա լճի ջրերը, ջրամբարի մեջ տարրալուծման և Սևանա լճի չափի պատճառով: ԷԼԱՐԴ-ը նշում է, որ Արփա-Սևան թունելի բեռնաթափման վայրում կլինեն վնասակար քիմիական նյութերի կոնցենտրացիաներ: Սա այն դեպքում, երբ Սևանա լիճը պաշտպանված է Հայաստանի օրենսդրությամբ, ըստ որի թույլ չի տրվում որևէ գործունեություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ լճի և նրա էկոհամակարգի վրա:
Ամփոփում և առաջարկություններ