կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-23 12:20
Քաղաքական

Քառյակն անվավեր է ճանաչել կուտակային նոր օրենսդրական փաթեթի քննարկումն ու քվեարկությունը

Քառյակն անվավեր է ճանաչել կուտակային նոր օրենսդրական փաթեթի քննարկումն ու քվեարկությունը

Շաբաթ օրը` հունիսի 21-ին, ԱԺ արտահերթ նիստի ընթացքում կանոնակարգ օրենքի բազմաթիվ խախտումներով ընդունվեց կառավարության  կողմից ներկայացված` կուտակային կենսաթոշակային նոր օրենսդրական փաթեթը, որից հետո ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը, խորհրդակցելով, հանդես եկան համատեղ հայտարարությամբ:

 

«ԱԺ հունիսի 21-ի նիստի ընթացքում ԱԺ ղեկավարությունը բազմիցս խախտեց ԱԺ կանոնակարգ օրենքը` սահմանափակելով խմբակցությունների և անհատ պատգամավորների իրավունքները: Կառավարության կողմից հրավիրված արտահերթ այս նստաշրջանի ընթացքում ոչ իշխանական քաղաքական ուժերը փորձեցին կասեցնել  մեծամասնության անօրինական քայլերը, առանց հանձնաժողովների հավանության, առանց հանրային քննարկումների, խախտելով իրավական բոլոր ընթացակարգերը, խորհրդարանին պարտադրել վավերացնելու մի շարք վիճահարույց օրինագծեր:

 

Արտահերթ նստաշրջանի այս փաթեթում ներառված էր նաև ժողովրդի գերակշիռ մեծամասնության և քաղաքական ուժերի մեծամասնության կողմից մերժված կուտակային կենսաթոշակների մասին օրենսդրական փաթեթը, որը փորձ արվեց անցկացնել Սահմանադրության, իրավական ակտերի մասին օրենքի, ինչպես նաև ԱԺ կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով: Նման գործելաոճը թե քաղաքական, թե իրավական առումով հեղինակազրկում է օրենսդիր մարմինը, ինչը լրջարեն խարխլում է մեր պետականության հիմքերը:

 

Ոչ իշխանական քաղաքական ուժերը հայտարարում են , որ կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումն ու քվեարկությունը անվավեր են: Մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ հասարակության հետ վճռականորեն շարունակելու ենք  պայքարել` ՍԴ որոշման ամբողջական կիրառման համար»:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց. «Քաղաքական մեծամասնությունը ուղղակի լինելով շատ փխրուն սահմանային իրավիճակում, անցնում է կացնային մեթոդների, զոռով առաջ տանելու մեթոդների` խախտելով  բոլոր իրավական հիմքերը , օրենսդրությունն ու կանոնակարգ օրենքը : Այն, ինչ արել է նոր կառավարությունը , դա փորձ էր լռեցնել հասարակության մի մասին, բայց շուտով հիասթափությունը շատ ավելի մեծ է լինելու ` հատկապես երիտասարդության շրջանում:

 

Մասնավոր հատվածը կամավորության սկզբունքով է, ընդամենը վեց ամիս հետո` հունվարի 1-ից հետո դուք բոլորդ ականատես կլինեք, որ համակարգում պարտադրված ներկա է ոչ թե 65 հազար պետական ծառայող, այլ առնվազն` 200 հազար մարդ: Մեզ համար հատկապես մտահոգող է, որ այսօր մեր երկիրը ունենալով և ներքին և արտաքին բարդագույն հիմնախնդիրներ, մարտահրավերներ, այսօրվա իշխանությունները ոչ թե փորձում են համախմբել հանրությանը կամ համագործակցության դաշտ ստեղծել, այլ գնում են այս ճանապարհով : Սա ամենացավալին է, ի վերջո ժամանակի ու պատմության առաջ պատասխանատու ենք լինելու բոլորս: Նման կերպ հուսալքություն ու հիասթափություն առաջացնել հանրության, հատկապես երիտասարդության շրջանում , նշանակում է անպատասխանատու վերաբերմունք պետության ապագայի հանդեպ : Դաշնակցությունում մտադրություն կա, և դա մենք կառաջարկենք նաև քառյակին, դիմել ՍԴ` վիճարկելու թե օրենքի սահմանադրականությունը, օրենքը բերելու հետ կապված ընթացակարգերը խախտելու հիմքերով»: