Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը դրամահավաքություն չի համարում, երբ յուրաքանչյուր աշակերտից 200-300 դրամ են հավաքում, որպեսզի դասարանով տանեն Խոր Վիրապ կամ մի այլ պատմական հուշարձան:
Նա լրագրողներին հորդորեց ծայրահեղությունների մեջ չընկնել, իսկ երբ վերջիններս նշեցին, որ դպրոցներում յուրաքանչյուր աշակերտներից պահանջում են, օրինակ, 30 հազար դրամ, Ա. Ավետիսյանը բավարարվեց միայն նշելով, որ «30 հազար հավաքողները պետք է գոնե մտքով իրենց բարոյականության դաշտ գնան, եւ մտածեն, թե այս վիճակում գտնվող յուրաքանչյուր ընտանիքից ի՞նչ պատասխանատվությամբ են 30 հազար դրամ պահանջում»: Այսքանը: Իհարկե, նաեւ նշեց, որ նախարարությունը բավական հետեւողական ու հաստատակամ է այս հարցում:
Փոխնախարարը խոսեց միջին մասնագիտական կրթության կարեւորության մասին, նշեց, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների համեմատոթյամբ, այս տարի կաճեն հիշյալ ոլորտի ընդգրկման ծավալները: Ցավով նկատեց, որ մեր հասարակության մեջ դեռեւս մտայնություն կա, որ թեկուզ անիմաստ, ինքնանպատակ բարձրագույն կրթություն ստանալը շատ ավելի հեղինակավոր է, քան միջին մասնագիտական կամ նախամասնագիտական կրթությունը:
«Մենք պետք է հասնենք նրան, որ աշխատաշուկայում միջին մասնագիտական որակավորմամբ` իրավամբ պահանջված մասնագետի հանդեպ իսկապես պահանջարկ հայտարարվի: Եվ մենք չենք ունենա այս պատկերը, որ բավականին լավ կրթություն ստացած ֆիզիկոսը ստիպված է զբաղվել այս կամ այն աշխատանքով, առավել եւս` շուկայում որեւէ իր վաճառելով: Մենք հասարակությանը պետք է սովորեցնենք, որ կոնկրետ աշխատանքը պետք է կատարի տվյալ մասնագիտությամբ կրթություն ստացած անձը: Սա աշխատաշուկայի կանոնակարգման խնդիր է, որ հայտարարություններով ոչ թե պահանջեն երկարոտն, բարձրագույն կրթությամբ սիրունատես աղջիկներ կամ տղաներ, այլ որոշակի հմտություններ ու կարողություններ ունեցող մասնագետներ»,- նշեց նա:
Ի դեպ, ինչպես բուհերում, այնպես էլ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում այս տարվանից ընդունելության լրացուցիչ քննություններ չեն լինի: Քոլեջների եւ ուսումնարանների ընդունելության համար մրցութային հիմք կհանդիսանան ատեստատի գնահատականները: Ինչ վերաբերում է վերահսկողությանը եւ գնահատականների հավաստիությանը, Ա. Ավետիսյանը նշեց, որ ԿԳՆ-ն անձամբ կվերահսկի գործընթացը:
Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ 2012թ. միջին մասնագիտական կրթության ոլորտի հաստատություններում պետպատվերով տեղերը նախատեսվում է ավելացնել 50 տոկոսով: Փոխարենը պետպատվերով տեղերը կկրճատվեն քույրական, մանկավարժական, իրավաբանական մասնագիտությունների գծով, մի խոսքով` կառուցվածքային փոխատեղումներ կլինեն:
Պարզվում է, որ այլեւս միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժների կարիք, օրինակ, չկա, եւ մասնագիտությունների ցանկը կկրճատվի ու կհամալրվի նոր անվանումներով ու նոր որակի պահանջներով. օրինակ, եթե նախկինում պատրաստվում էին արտադրություններում այս կամ այն հաստոցի վրա աշխատողներ, ապա հիմա հաստատությունները պատրաստում են էլեկտրոնային կառավարման հոսքագծերի վրա աշխատողներ: