կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-04 11:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավաքներին բոլոր միջոցառումները կիրառվելու են, եթե սահմանված է կարանտինի ռեժիմ․ արդարադատության փոխնախարար

Հավաքների հետ կապված բոլոր միջոցառումները պետք է կիրառվեն, եթե այդ պահին սահմանված է կարանտինի ռեժիմ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չշարունակելու պայմաններում օրենսդրական կարգավորումները։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ եթե կարանտինի ռեժիմով սահմանված է միջոցառումների իրականացում կոնկրետ անհատական պաշտպանության միջոցներով, ապա  հավաքները ևս պետք է իրականացվեն այդ անհատական պաշտպանության միջոցներով։

ԲՀԿ պատգամավորը նաև հարցրեց այսօր քննարկվող նախագծով՝ կարանտինի ժամանակ նշանակված տուգանքների վիճարկման ժամկետը 10 օր սահմանելով՝ քաղաքացիներին արդարությունը վերականգնելու իրական հնարավորությունից զրկելու վտանգ տեսնելու՝ իրավագետների բողոքի մասին։ Բանն այն է, որ օրենսդրական փաթեթը ներառում է նաև փոփոխություններ վարչական դատավարության կարգավորումներում՝ սահմանելով, որ «կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում իրավասու մարմինների կողմից ընդունված վարչական ակտերի, գործողության վիճարկման վերաբերյալ գործերով» դատարան դիմելու ժամկետն ընդամենը 10 օր Է։ Որոշ իրավագետներ կարծում են, որ այս խրթին ձևակերպումը նշանակում է, որ, օրինակ, «դիմակի տուգանքը» կարող է դատարան բողոքարկվել ոչ թե 2 ամսում, այլ 10 օրում։

ՀՀ արդարադատության փոխնախարարն ասաց, որ այս կարծիքը տվյալ հոդվածների սխալ մեկնաբանության արդյունք է։

«Այդ հատուկ ընթացակարգը կիրառելի է միայն կիրառվող միջոցառումների մասով՝ մեկուսացում, ինքնամեկուսացում, նախատեսված է արագ ընթացակարգ, որ անձը կարողանա իր դատական պաշտպանության իրավունքն իրականացնել։ Բոլոր տույժերի սահմանումը և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված միջոցառումների իրականացումը ընդհանուր ընթացակարգով է իրականացվելու, և այդ շահարկումը փակելու համար հանձնաժողովում արդեն ներառվել է այդ հստակեցումը, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով դա բացառվում է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստով, արագացված ընթացակարգով, քննարկում է օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում են նոր կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան արտակարգ դրությունը հանելուց հետո անհրաժեշտության դեպքում կարանտին հայտարարելու եւ սահմանափակումներ կիրառելու: Դրանց համաձայն՝ լիազոր մարմնի առաջարկությամբ կարանտին կարող է սահմանել՝ կառավարությունը, մարզպետը, Երեւանի քաղաքապետը։ Կարանտին սահմանելու պարագայում կիրառվելու են սահմանափակող այնպիսի  միջոցառումներ, որոնք, օրինակ, արտակարգ դրության ժամանակ էլ էին կիրառվում։

Մանրամասն՝ տեսնայութում: