կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-23 14:51
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն ինչ արվում է, որ մինչև Քոչարյանի գործով որոշում կայացնելը ՍԴ-ն գոյություն չունենա․ Ալումյան

Սահմանադրական դատարանի որոշումը միանշանակ կարող է ազդեցություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի  դատական գործի վրա՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում։

«Ինչ վերաբերում է երեկ ԱԺ-ի  ընդունած նախագծին և առհասարակ այս գործընթացներին, ապա, իմ խորին համոզմամբ՝ այս ամբողջը ձեռնարկվել է զուտ մեկ նպատակով՝ թույլ չտալ, որպեսզի Սահմանադրական դատարանն այդ հայտնի գործով կայացնի իր որոշումը։ Գիտեք, որ այս գործով Սահմանադրական դատարանը քննում է և՛ առաջին ատյանի իրավասության դատարանի դիմումը, և՛ պարոն Քոչարյանի դիմումը՝ կապված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ։ Հիմա ամեն ինչ արվում է, և նոր չէ դա սկսվել, որպեսզի մինչև այդ գործով վերջնական որոշում կայացնելը  ՍԴ-ն, որպես այդպիսին, գոյություն չունենա»,- ասաց նա։

Հայկ Ալումյանը համոզված է, որ ամենն արվում է, որ մինչև հուլիսի 7-ը, երբ Սահմանադրական դատարանում տեղի է ունենալու  Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը՝ ՍԴ-ն ներկայիս կարգավիճակում չլինի․ «Հիմա ես չեմ ուզում տարբեր սցենարներ ասել, բայց մեկ բան հստակ է․ կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեկ քրեական գործով, մեկ հոգու ամեն գնով պատասխանատվության ենթարկելու համար, պետական ինստիտուտների նկատմամբ տեղի են ունենում նման ոտնձգություններ»։

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։

 «Հաշվի առնելով, որ գործով անցնող Յուրի Խաչատուրովի պաշտպանի բացակայության պարագայում նիստ չի կարող իրականացվել, այն հետաձգվում է։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 30-ին, ժամը 13-ին»,– նշեց դատավոր Աննա Դանիբեկյանը։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ ամբաստանյալների պաշտպանները ձգձգում են դատական նիստերը, խոչընդոտում դրանց բնականոն ընթացքը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը, որով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ ՍԴ-ն 2019թ-ի հուլիսի 18-ին այս գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել էր ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։ Վենետիկի հանձնաժողովն օրերս հայտնել է կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։  Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը և Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Մանրամասն՝ տեսանյութում․