կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-02 12:36
Հասարակություն

Մինչև այսօր Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ. Փաշինյան

Մինչև այսօր Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ. Փաշինյան

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի նախագծին, որը ներկայացրել էր ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է կենսաթոշակը լիազորագրով վճարել 15 տարի` գործող օրենքով նախատեսված մեկ տարվա փոխարեն, ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի` տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու և ՀՀ-ում լինելու մասին հայտարարություն ստորագրելու վերաբերյալ դրույթները, ուժը կորցրած ճանաչել նաև 12 տարի անընդմեջ թոշակ չվճարելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթը, գործարկել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների մահվան փաստաթղթերի գրանցման համակարգը և օրենքը ուժի մեջ մտնելու պահից ուժի մեջ գտնվող լիազորագրերը ավտոմատ կերպով համարել 15 տարի ժամկետով:

Ըստ նախարարի՝ նախագիծն ընդունելու դեպքում կավելանան նպաստների ու կենսաթոշակների վճարման բյուջետային ծախսերը:

«Ես լավ չեմ հասկանում էն նախագծերը, որով մեզ առաջարկում են ետ գնալ», - արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, թե այս ամեն ինչն առաջացել է այն բանի արդյունքում, երբ պարզվել է, որ Հայաստանում տասնյակհազարավոր թոշակառուներ կան, որոնք գոյություն չունեն, բայց թոշակ են ստանում:

«Պետությանը միլիարդների վնաս է պատճառվել, հիմա մենք առաջարկում ենք միջանցքնե՞ր թողնել, որ էլի նույնը բա՞նը տեղի ունենա», - ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, թե բացարձակապես չի հասկանում այս տրամաբանությունը: «Պետք է մարդկանց օգնել, որ հավաստագրումն իրենց համար ավելի հեշտ տեղի ունենա, բայց դա պետք է անել առաջ գնալու ճանապարհով, ոչ թե` ետ գնալու»,- հավելեց վարչապետը:

Նա ասաց, որ մինչ օրս «Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ»: «Մեզնից շատ մեծ ջանքեր է պահանջվում` էդ համակարգի հետևից գնալու: Փոխանակ առաջ գնանք, ամեն ինչ անում ենք, որ հետ գնանք, փոխանակ մտածենք, թե ոնց հայտնվենք 2030 թվին հնարավորինս շուտ, ամեն ինչ անում ենք, որ հայտնվենք 1997 թվին, չի կարելի էդպիսի բան անել», - ասաց Փաշինյանը: