կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-01 10:38
Քաղաքական

Վարչապետը հանդիմանեց իր իսկ կառավարությանը որոշում կայացնելը ձգձգելու մեջ

Վարչապետը հանդիմանեց իր իսկ կառավարությանը որոշում կայացնելը ձգձգելու մեջ

Այսօր կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իտալական «Ռենկո» ընկերությանը, որը մտադիր էր Հայաստանում ՋԷԿ կառուցել: Նա նշեց, որ մոտ 10 օր առաջ է հանդիպել այդ ընկերության ներկայացուցիչների հետ, և այդ հարցով պետք է զբաղվեր արդարադատության նախարարությունը:

«Այժմ մենք մտահոգություններ ունենք, որ կառավարությունը կոնկրետություն չի մտցնում ու ինչ-որ առումով իր պարտավորությունները չի կատարում: Պարո'ն Զեյնալյան, կարո՞ղ եք ասել` ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպե՞լ եք, և ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- հարցրեց Փաշինյանը արդարադատության նախարարից:

Նախարար պատասխանեց, որ ընկերության ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել մի քանի պաշտոնական հանդիպումներ, պայմանագիրը հայերենով թարգմանվել է և դրվել շրջանառության մեջ: Միաժամանակ, հանդիպումներ են տեղի ունեցել ոլորտի փորձագետների, էներգետիկայի նախարարության մասնագետների հետ: Հիմա սպասում են էներգետիկայի նախարարության փորձագիտական եզրակացությանը:

Վարչապետը հարցրեց, թե կոնկրետ ի՞նչը պետք է հստակեցվի փորձաքննության արդյունքում:

Էներգետիկայի նախարարը նշեց, որ պայմանագրի տեքստը ուշ են ստացել, այն եղել է 250 էջանոց, ուղարկվել է էներգետիկայի ինստիտուտ, որպեսզի մասնագիտական եզրակացություն տրվի: Եվ քանի որ ՋԷԿ-ի շինարարությունը տևելու է 25 ամիս, ըստ պայմանագրի, կառավարությունն իր վրա է վերցնում 20 տարվա պարտավորություն, իսկ արտադրված էլեկտրաէներգիան պետք է արտահանվի: Էներգետիկայի ինստիտուտը պետք է տա փորձագիտական եզրակացություն, որպեսզի կառավարությունը հստակեցնի իր դիրքորոշումը այդ պայմանագրի վերաբերյալ:

Վարչապետը մտահոգություն հայտնեց, որ կողմերը պետք է հնարավորինս հստակեցնեն իրենց դիրքորոշումները, որպեսզի ներդրողներն իրենց անելիքն իմանան: «Եթե մենք ասում ենք` այո, ուրեմն արագ պետք է ասենք` այո, եթե մենք ասում ենք` ոչ, ուրեմն արագ պետք է ասենք, հակառակ դեպքում` այդ ձգձգումներն այլ տպավորություն կարող են թողնել: Որոշեք ու հնարավորինս արագ զեկուցեք ինձ»,- ասաց նա: