կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-22 12:01
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարկային արտոնություններ ներդրողների համար․ ԱԺ արտահերթի օրակարգում արագացված ամորտիզացիայի գործիքի ավելի լայն կիրառումն է

Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագծեր են ներկայացրել ԱԺ ԲՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունները, որոնք, իբրև հակաճգնաժամային միջոցառումներ, քննարկվում են արագացված ընթացակարգով և առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում կկազմակերպվի երկրորդ ընթերցումը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Այս նախաձեռնությամբ առաջարկում են լրացում կատարել Հարկային օրենսգրքում, որը վերաբերում է կապիտալ ծախսերի մասհանումներին։

Նախաձեռնող պատգամավորների խմբի ներկայացուցիչ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ներկայացրեց փոփոխության էությունը։

Այսօր գործող հարկային կարգավորումներով՝ եթե տնտեսվարողը ներդրումներ է կատարում, այսինքն սարքավորումներ է գնում կամ շենք-շինություններ է գնում կամ կառուցում, ինքը չի կարող այդ ծախսը միանգամից տվյալ տարում ծախսագրել․ առանձին խմբերի համար կան սահմանված նվազագույն ժամկետներ, օրինակ, համակարգիչների և նման տեխնիկայի համար 1 տարի, շենքերի-շինությունների համար՝ 20 տարի և այլն։ Եթե ինչ-որ մեկը 1 միլիոն դոլար արժեքով հոսքագիծ է գնել, ինքը չի կարող այդ 1 միլիոն դոլարի ծախսը հենց նույն հարկային տարում իր եկամուտներից պակասեցնել և ըստ այդմ՝ ավելի քիչ շահութահարկ վճարել, այլ պետք է դա կատարի առնվազն 5 տարում՝ մաս-մաս։

Բայց Հարկային օրենսգրքում ներկայում կա այդ կանոնից բացառություն․ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի մասով տնտեսվարողը կարող է այդ կանոնից շեղվել և սարքավորումների և անշարժ գույքի մասով ինքնուրույն որոշել, թե ինքը ինչ ժամկետում կարող այդ մասհանումներն իրականացնել։

«Այս փոփոխությամբ մենք առաջարկում ենք, որ այդ նույն արտոնությունը տարածվի նաև բոլոր մնացած տնտեսվարողների վրա, եթե նրանք այդ ներդումները կատարեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը»,-ասաց Բաբկեն Թունյանը։

Նրա համոզմամբ, սա մոտիվացնելու է, որ տնտեսվարողները, որոնք նպատակ ունեին ներդրումներ անել եկող տարի կամ հաջորդ տարի, այդ ներդրումները կատարեն հիմա։

«Տնտեսվարողը էֆեկտը զգալու է հաջորդ տարի, քանի որ հարկերը հաջորդ տարի է մուծելու, բայց տնտեսությունը էֆեկտը զգալու է հիմա ՝ կատարվող ներդրումների արդյունքում»,-ասաց նա։

Բաբկեն Թունյանը նաև նշեց, որ այս գործիքն աշխարհում կիրառվում է և կոչվում «արագացված ամորտիզացիայի գործիք»։

Պատգամավորները հարց ու պատասխանի ընթացքում վերապահումներ արտահայտեցին ժամկետի մասով․ մինչև դեկտեմբերի 31-ը ներդրում կատարելու որոշում կայացնել և իրականացնել դժվար կլինի և առաջարկեցին ժամկետը երկարաձգել, ասենք, մինչև հաջորդ տարվա դեկտեմբեր։

Բաբկեն Թունյանը պարզաբանեց, որ նշված ժամկետը գործիքի արդյունավետությունը որոշելու համար է և հաջողության դեպքում նոր կարելի է երկարաձգել։

Այսուհանդերձ, ասաց, որ բոլոր առաջարկները կքննարկվեն։

Հարակից զեկուցող՝ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց մի քանի դիտարկում, որոնք պետք է հաշվի առնել այս փոփոխությունը կատարելուց առաջ։

Նախ՝ իրենց գնահատմամբ, անկախ այս նախագծի ընդունումից, ըստ էության, արագացված ամորտիզացիա կիրառվում է մեր երկրում, որովհետև հիմնական միջոցների ամորտիզացման թույլատրելի նվազագույն ժամկետները ավելի կարճ են, քան դրանց տնտեսական կյանքի տևողությունը։

Հաջորդ թեզն այն է, որ այսօր հարկային հաշվառման արդյունքում ձևավորվող հարկային վնասների հիմնական մասը հետևանք է հենց արագացված ամորտիզացիայի կիրառման։

Երրորդ թեզն այն է, որ այսօր արդեն կա նման հնարավորություն կառավարության հավանությանն արժանացող ներդրումային ծրագրերի մասով։ Բայց հետաքրքիրն այն է, որ այս գործիքներից համատարած և մեծ մասշտաբներով չեն օգտվում։ Դրա օբյեկտիվ պատճառն այն է, որ հարկային հաշվառմամբ մի կանոն կա, որով՝ երբ ձևավորվում է հարկային վնաս, այդ հարկային վնասը թույլատրվում է փոխանցել դրա ձևավորմանը հաջորդող 5 տարիներ, ոչ ավելի, և այստեղ ցանկացած ռացիոնալ ներդրող պետք է գնահատի ներդրում կատարելուն հաջորդող 5 տարիներին իր հնարավոր եկամուտները, որ հասկանա՝ կունենա՞ բավարար բազաներ օգտագործելու համար ամորտիզացիան մեծ թափով կատարելու արդյունքում ձևավորված հարկային վնասը, թե՞ դրա մի մասը կկորցնի 5-րդ տարվա վերջում։

«Սա զսպող նորմ է, ըստ էության, որը նաև դրական կողմ ունի այն առումով, որ եթե խորհրդարանը որոշի հավանություն տալ այս հնարավորությանը, դա տեղին-անտեղին չարաշահվի»,-ասաց փոխնախարարը։

Նա կասկած հայտնեց, թե այս փոփոխությունը կխթանի ներդրումները, ինչպես նշում են օրինագծի հեղինակները։ Հիմնավորումն այն է, որ գործնականում մենք չենք կարող բացառել, որ շատ տնտեսվարող սուբյեկտներ նախկինում արդեն իսկ կայացրել են ներդրումներ կատարելու որոշումներ, պարզապես ստացվելու է, որ այդ ներդրումը կատարվելու է այս օրենքի ընդունումից հետո մինչև տարեվերջ։

«Այս պարագայում ստացվում է, որ սա նրանց համար լինելու է ոչ թե վարքագիծ փոխող քաղաքականություն, այլ պարզապես լրացուցիչ հնարավորություն։ Այսինքն, մենք գոնե այս սեգմենտի վարքագծի վրա ազդած չենք լինի»,-ասաց կառավարության ներկայացուցիչը։

Մանրամասն՝ տեսանյութում․