կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-11 14:32
Քաղաքական

Արտահերթի համար իրավական եւ քաղաքական հիմքեր չկան

Արտահերթի համար իրավական եւ քաղաքական հիմքեր չկան

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր խոսել է ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին եւ, անդրադառնալով ՀԱԿ-ի` արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին, նշել է, որ նման բան լինել չի կարող, եւ անընդունելի է քննարկել արտահերթ ընտրությունների հարցը` թե' իրավական,  թե' քաղաքական տեսանկյունից:

«Այդպիսի քննարկում տեղի չի ունենա, որովհետեւ մեզանից յուրաքանչյուրը հստակ հասկանում է, որ մենք նոր ենք ընդունել Ընտրական օրենսգիրքը, եւ հաշված ամիսներ են մնացել ընտրություններին: Այսօր ո'չ քաղաքական, ո'չ իրավական հիմքեր չկան` արտահերթ ընտրությունների գնալու»,- նշել է նա` հավելելով, որ բարձր է գնահատում երկրի նախագահի` երկխոսության գնալու  քայլը եւ կոչը, որովհետեւ դա հնարավորություն է տալիս երկրի ներքաղաքական դաշտում ներդաշնակություն առաջացնելու ընդդիմության եւ իշխանության միջեւ եւ խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր կնճռոտ խնդիրները:

Նա նաեւ նշել է, որ ՀԱԿ-ն էլ, կարծես, վերջին շրջանում նման ծայրահեղ մոտեցում չի ցուցաբերում, եւ Կոնգրեսին խորհուրդ է տվել չգնալ ծայրահեղ ճանապարհով:

«Ծայրահեղականությունը, ինչպես կասեր Արթուր Բաղդասարյանը, ծանր հիվանդություն է, եւ ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը նույնպես գիտակցում է, որ իսկապես ժամանակ չկա, եւ մենք բոլորս պետք է նախապատրաստվենք ընտրություններին: Խոսել արտահերթ ընտրությունների մասին` որեւէ քաղաքական ուժի շահերից չի բխում, առավել եւս իրենց, որովհետեւ իրենք եւս պետք է պատրաստվեն ընտրություններին, ձեւավորեն իրենց հանձնաժողովները»,- նշել է պատգամավորը: