Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու մասին:
«Սևան Ակվա» ՓԲԸ-ն Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսված օղակներից մեկն է, որն իրականացնում է ապրանքային ձկան աճեցում Սևանա լճում տեղակայվող տնտեսություններում: Համալիր ծրագրի համաձայն` ընկերությունը մանրաձուկը ձեռք է բերում ծրագրի շրջանակներում ստեղծված «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան գործարանից, իսկ ապրանքային ձուկն ամբողջությամբ վաճառվում է «Սևանի իշխան» ՓԲԸ-ին, որն էլ այն վերամշակում է և իրականացնում վաճառքն ու արտահանումը:
«Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է հիմնել և Սևանա լճում տեղակայել մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն, որտեղ առաջիկա 10 տարիների ընթացքում կաճեցվեն ձկան Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակները: 2016թ. Սևանա լճում կտեղակայվի մեկ ձկնաբուծական տնտեսություն, որը բաղկացած կլինի 12 ցանցավանդակներից: Ձկները կկերակրվեն եվրոպական արտադրության բարձրորակ կերով: Ընդհանուր առմամբ, Սևանա լճում տեղակայված մեկ ձկնաբուծական տնտեսությունը նախատեսում է իր արտադրական հզորություններին հասնել 3 տարվա ընթացքում, որի արդյունքում կարող է արտադրել տարեկան շուրջ 685 տոննա ձկնամթերք, հասույթը կկազմի շուրջ 2 մլրդ 400 մլն. ՀՀ դրամ:
Հաշվի առնելով, որ ներմուծվող տեխնոլոգիաները և սարքավորումները տեղադրվելու են անմիջապես Սևանա լճի մեջ, և դրանք նախատեսված են Սևանի էնդեմիկ ձկնատեսակների աճեցման համար, անհրաժեշտ է, որպեսզի այդ տեխնոլոգիաները և սարքավորումները լինեն էկոլոգիապես մաքուր նյութերից:
Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես հետևանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: