կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-13 13:41
Տնտեսական

ՏՏ սկսնակ ձեռնարկությունները հարկային արտոնություններ եւ պետական աջակցություն կստանան

ՏՏ սկսնակ ձեռնարկությունները հարկային արտոնություններ եւ պետական աջակցություն կստանան

ՏՏ ոլորտի` մինչեւ 15 աշխատակից ունեցող եւ սկսնակ ձեռնարկություններին կառավարությունը պետական աջակցություն ու հարկային արտոնություններ կտրամադրի: Կառավարության նիստում այսօր հաստատվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվում էր արդեն շուրջ 4 ամիս:

 

Լրագրողներին առաջին անգամ ոլորտային հարկային արտոնություն նախատեսող նոր օրինագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

 

Նոր օրինագծի հիմնական կարեւորագույն դրույթներն են, որ ՏՏ ոլորտում սկսնակ ձեռնարկություններին, որոնք ունեն ոչ ավելի, քան 15 աշխատող, տրամադրվելու է  պետական աջակցություն 2 ուղղությամբ:

 

«Մեկը վերաբերում է պետական աջակցության ծրագրերին: Ներառվում են նաեւ ներդրումային ծրագրերը' դրամաշնորհներ,  տեխնիկական աջակցություն, միասնական վենչուրային հիմնադրամի կողմից ներդրումային ծրագրեր: Երկրորդը վերաբերում է հարկային արտոնություններին.` ՏՏ սկսնակ ձեռնարկությունները կստանան շահութահարկի արտոնություն, շահութահարկը սահմանվելու է 0 տոկոս, նաեւ` եկամտահարկի արտոնություն, որի համար սահմանվելու է 10 տոկոս ֆիքսված դրույքաչափ»,- ներկայացրեց Վահրամ Ավանեսյանը:

 

Հարկային արտոնությունները տրվելու են ոչ ավելի, քան 3 տարով: Օրինագիծը նույնպես ժամկետային օրինագիծ է, նախատեսված է, որ պետք է գործի մինչեւ 2020 թվականը:

 

Այս նոր օրինագծից կառավարության ակնկալած արդյունքներն այն են, որ Հայաստանում ՏՏ ձեռնարկությունները դինամիկ աճ են ապրելու, բայց, այնուհանդերձ, ՏՏ ընկերությունների համար տարբեր երկրների տնտեսությունները գրավիչ դարձնելու ուղղությամբ համաշխարհային մրցակցությունը շատ խիստ է: Նախարարը նշեց, որ այս առումով տարբեր երկրներ ամենատարբեր աջակցության ու արտոնությունների սխեմաներ են կիրառում, որպեսզի այս ոլորտում իրենց երկիրը համարվի գրավիչ:

 

Հայաստանում այս նախաձեռնությունից ակնկալվում է, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում Հայաստանում ստեղծվեն տարեկան շուրջ 40-60 սկսնակ ձեռնարկություններ ու գործունեություն ծավալեն: Դրանց հիմնական նպատակը լիենլու է այս ոլորտում ինտելեկտուալ սեփականության ապրանքների ստեղծումը:

 

«Ակնկալում ենք նաեւ, որ այստեղ լինելու են այն ձեռնարկությունները, որոնք ՀՀ-ն կնախընտրեն այլ պետություններից, ու որոնցում կաշխատեն հիմնականում հայաստանցի աշխատողներ: Մենք չենք կարծում, որ Հայաստանում ֆորմալ գործող ձեռնարկությունները հնարավորություն կունենան այս արտոնություներից օգտվել»,- ասաց նախարարը ու նշեց մի կարևոր հանգամանք' ՏՏ ոլորտի արտադրանքը, բնույթով լինելով մոբիլ, արագ տեղաշարժվում է երկրից երկիր, և ամենակարեւորն այն է, որ գործունեության 3 տարիների ընթացքում այդպիսի նորաստեղծ ձեռնարկությունները կա'մ ցույց են տալիս արդյունք, կա'մ ոչ:

 

Նախարարը չխուսափեց ասել, որ Հայաստանի ՏՏ ոլորտում կան այնպիսի խմբեր, որոնք այսօր ոչ ֆորմալ դաշտում են գործում, իրենց արտադրանքը ստեղծելու համար գործում են այն երկրներում, որտեղ այս դաշտում համապատասխան արտոնություններ կան: Ուստի այս նոր օրինագծով, այս խնդիրը եւս լուծելու հնարավորություն կլինի:

 

Իսկ թե որտեղի՞ց ու ի՞նչ միջոցներով են ներդրումային, ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն ստանալու նորաստեղծ ՏՏ ձեռնարկությունները, Վահրամ Ավանեսյանն ասաց, որ, կառավարության որոշմամբ, կլինի հաստատված ծրագիր, որի համաձայն` կտրամադրվեն դրամաշնորհներ, բացի այդ` կառավարությունն այսօր էլ իրականացնում է դոնորական մի շարք ծրագրեր, որտեղ նույնպես կան դրամաշնորհների տրամադրման գործիքներ: Այսօր ստեղծված է նաեւ վենչուրային հիմնադրամ, և ակնկալվում է, որ այդ հիմնադրամը ևս հետաքրքրված է լինելու այս ձեռնարկություններում ներդրումներ կատարելու հարցում:

 

Ընկերությունների կողմից աութսորսինգը բացառելու ուղղությամբ ամրագրված է, որ այս արտոնություններից օգտվող ընկերությունների համար սահմանվելու են ՀՀ-ում' այս ոլորտում գործող ձեռնարկություններին ծառայություններ մատուցելու հնարավորությունը: Սրանով նախատեսվում է  բացառել ձեռնարկությունների տրոհումը հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով: Բացի այդ' եթե ընկերությունները օրենքով սահմանված գործունեությունից դուրս այլ գործունեություն իրականացնեն, կզրկվեն հարկային արտոնություններից: Վահրամ Ավանեսյանը նշեց, որ նույնիսկ համակարգչի վաճառք այս ընկերություններին չի թույլատրվելու:

 

«Այս ընկերությունները պետք է ստանան հավաստագիր, որը տրամադրվելու է ստեղծված հանձնաժողովի կողմից, որտեղ լինելու են 3 պետական ներկայացուցիչ ու 2` տվյալ ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Բացի դրանից` այս ընկերությունները պետք է հայտարարագրեն, որ չեն ստեղծվում այլ ընկերության տրոհման ճանապարհով»,- ասաց Վահրամ Ավանեսյանը:

 

Որպես գործիքներ` օրենքով նախատեսված է նաեւ այս ոլորտում գործող ձեռնարկությունների ռեգիստր, բացի այդ` լինելու է ռեեստր, որտեղ հնարավոր կլինի տեսնել այն աշխատողներին, ովքեր աշխատում են ե'ւ այս ձեռնարկությունների համար, ե'ւ այս արտոնություններից չօգտվող ձեռնարկությունների համար: