ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի նախաձեռնությամբ ՀԳՄ-ի գրասենյակում այսօր կայացած հանդիպմանը, որին ներկա են գտնվել նաև ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀԳՄ անդամ Շաղիկ Մարուխյանը, քննարկվել են հայրենադարձ լիբանանահայերի և սիրիահայերի խնդիրները:
Ողջունելով ներկաներին՝ ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշել է, որ Դաշնակցության հայաստանյան կառույցն իր ողջ ներուժը մշտապես օգտագործել է՝ օժանդակելու համար հայրենադարձների՝ հայրենիքում հաստատմանը և վերջիններիս շրջանում վերստին արտագաղթի ցավալի դեպքերի նվազեցմանը:
Ըստ ՀԳՄ ներկայացուցչի՝ հարցերը շատ են և բազմաշերտ, որոնք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Դրանք պետք է արձագրվեն պատկան պետական մարմինների կողմից, ուսումնասիրվեն և համապատասխան ջանքեր գործադրվեն՝ արագ լուծում տալու ուղղությամբ:
Քննարկմանը ներկա լիբանանահայ և սիրիահայ հայրենադարձները մատնանշեցին իրենց հուզող և հրատապ լուծման կարոտ մի շարք հարցեր, որոնք կարելի է խմբավորել հետևյալ կետերում.
- Հայրենադարձվողներին առավել հաճախ հետաքրքրող հարցերի պատասխանները պարունակող հարթակների հասանելիության դյուրացում: Խոսքը ՀՀ օրենսդրության՝ հայրենադարձներին առավելապես շատ առնչվող դրույթների, ՀՀ պետական օղակների կողմից մատուցվող մի շարք ծառայությունների և այլնի մասին առավել պարզ և հասանելի հարթակների և մեխանիզմների ստեղծման մասին է: Ներկաները փաստեցին, որ շատ խնդիրներ առաջանում են իրազեկվածության պակասից, և հայրենադարձները շատ անգամ տարրական տեղեկություններ չունեն հայրենիքում իրենց առաջին քայլերի, առաջնային իրավունքների ու պարտականությունների մասին:
- Սիրիայից և Լիբանանից հայրենադարձվածների շրջանում սուր կերպով առկա է ՀՀ վարորդական իրավունքների վկայականների բացակայության կամ մեծ դժվարություններով ձեռքբերման հարցերը: Խնդիրն այն է, որ, միջազգային հանրագրերի պահանջներով պայմանավորված, ՀՀ-ում հնարավոր չէ ներկայացնել Սիրիայի և Լիբանանի վարորդական իրավունքները և ավտոմատ կերպով, առանց քննություն հանձնելու, ստանալ ՀՀ վարորդական իրավունքի վկայական: Իսկ ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով քննություն հանձնելը, ըստ հայրենադարձների, կապված է բազմաթիվ դժվարությունների հետ՝ սկսած լեզվականից (քննական հարցաշարերն ու հարցատոմսերը արևելահայերեն են), մինչև մի քանի անգամ կտրվելու բերմամբ զգալի գումարների վատնում, որի հնարավորությունն այսօր գրեթե չունեն նրանք: Հայրենադարձները պահանջում են պետական պատկան օղակներից՝ հատուկ ընթացակարգերով դյուրացնել ՀՀ-ում վարորդական իրավունքի վկայականներ ստանալու գործընթացը: Հարցն առավելապես կարևորվում է, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ շատերն իրենց կեցությունն ու առաջին քայլերն անելու համար ցանկանում են աշխատել որպես տաքսու կամ բեռնափոխադրամիջոցների վարորդներ:
- Հայրենադարձներին մտահոգում են նաև մի շարք երևութներ, որոնք ոչ միայն հոգեբանական, այլև նյութական իմաստով ունեն բացասական ազդեցություններ: Ըստ նրանց՝ հայաստանաբնակների կողմից բնակարանների և ծառայությունների վարձավճարները երբեմն արհեստականորեն թանկացվում են՝ ելնելով այն հանգամանքից, որ վարձակալը կամ ծառայություններից օգտվողը սփյուռքահայ է: Ներկաներից մեկն էլ բարձրաձայնեց, որ Երևանի Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ավետիսյան դպրոցում սփյուռքահայ լինելու համար վիրավորել են երեխային, ինչի պատճառով ինքը երեխային հանել է այդ դպրոցից:
- Հայրենադարձների համար առանձնակի դժվարություններ են ստղծվել այն բանից հետո, երբ Լիբանանում և Սիրիայում փոշիացվել է իրենց ունեցվածքը, ինչից այս կամ այն կերպ մինչ այդ իրենք օգտվել են ՀՀ-ում բնակվելիս: Խնդիրն առաջացել է ինչպես Լիբանանում տեղի ունեցած վերջին պայթյունի, այնպես էլ դրան նախորդած դրամի արժեզրկման և տնտեսական ծանրագույն իրավիճակի ստեղծման պատճառով:
- Հայրենադարձների մոտ, բնականաբար, սուր կերպով առկա է աշխատանք չունենալու, սոցիալական և կենցաղային դժվարություններին առնչվող բազմաթիվ հարցեր: Հարցը փոքր – ինչ կարող է մեղմվել պետության կողմից տրվող հարկային որոշակի արտոնությունների դեպքում: Սույն առաջարկը ևս որոշվեց անհապաղ կերպով բարձրացնել պետական պատկան օղակների առջև:
- Հայրենադարձների շրջանում կան ընտանիքներ, որոնք ցանկանում են վերաբնակվել Արցախում: Չնայած որոշակի աշխատանքներին, այդուհանդերձ, դեռևս առկա են բազմաթիվ նյութական և այլ բնույթի դժվարություններ այս ուղղությամբ ևս: Ներկաներն այս հարցը ևս խնդրեցին բարձրացնել ՀՀ և Արցախի համապատասխան պետական կառույցների առջև:
Ամփոփելով մատնանշված խնդիրները՝ հայրենադարձները փաստեցին, որ յուրաքանչյուր ներկայի շրջապատում նույն խնդիրների լուծմանն են սպասում շուրջ 40 այլ ընտանիքներ ևս, և խոսքը հազար ընտանիքի կամ շուրջ 4 հազար մարդու մասին է:
Վ. Սարգսյան