կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-19 10:25
Մշակույթ

«Արջասար» (մաս 3). Դ. Վանյանի նոր վիպակը

«Արջասար» (մաս 3). Դ. Վանյանի նոր վիպակը

Yerkir.am-ը ներկայացնում է քաղաքագետ Դավիթ Վանյանի նոր վիպակը, որը կոչվում է «Արջասար»։ Ավելի վաղ ներկայացրել էինք վիպակի առաջին և երկրորդ մասերը:

«Մակիչի ու Փանոսյանի դեպքից հետո Արեգնազը երազ տեսավ։ Երազում անծանոթ մարդ էր եկել, աչքերից կույր, ասում էր․

— Տղաներիդ, տեգորդ տղաներին՝ Շահմուրադի վանքի ավերակները ուղարկիր, այնտեղ սրբերի գերեզմաններ կան, թող մաքրեն, ես էլ կհանգստանամ, սրբերն էլ։ Հազար տարի է վանքի պատերը հավատավոր չեն տեսել։ Թող մաքրեն խաչքարերը, պատրույգ վառեն, պատրույգի տակ համբույր տան պատերին։ Անդնդախոր ձոր կա այնտեղ Ձորում խաչքար կա ու մոռացված աղբյուր։ Վանական Տավուշեցին է այդ Խաչքարը դրել, երբ Խորանաշատից եկել էր Շահմուրադ՝ դպրոց հիմնելու։ Թող հանեն, բերեն Արջասար։ Այդ Խաչքարին լավ կնայես, մի օր եկեղեցի է դառնալու ու Արջասարին պահապան, կույրերին օգնական ու բժիշկ։ Հետո երկրորդ որդիդ կամուսնանա, կնոջ անունը Սոնա։ Աղջիկ կունենա, անունը կդնես Պատրույգ ու քո էն աշխարհ գնալու օրը Խաչքարի խնամքը իրեն կհաջորդես։

Անմիջապես քնից վեր կացավ Արեգնազը, մի մատիտ վերցրեց, լեզվով թրջեց ու սեղանի սփռոցին գրեց տեսածը, որպեսզի չմոռանա, որովհետև մի վայրկյան անց խամրելու էր երազը։ Հետո լամպերը վառեց, Ամուսնուն ու տղաներին վեր կացրեց, ասաց կանչեցեք հորեղբայրներին, Արտեմին ու Արմենակին։ Բոլորը եկան։ Արեգնազը պատմեց։ Հայրերն ու Եղբայրները որոշեցին, որ բոլորը միասին կգնան, ու եթե ձորում խաչքար գտնեն, կնշանակի Փանոսյանին ու Շամիրին սպանելու մեղքը ներում է Աստված։

Յոթ հաղթանդամ տղամարդ, զինված մոսիներով ու պարանով, գամփռերը կողքին, իրենք՝ ձիերին հեծած, գրպաններում՝ թաշկինակի մեջ խնամքով փաթաթված մոմ ու պատրույգ, առաջին անգամ դուրս եկան արշավի հանուն հավատի։ Ոչ ոք չէր խոսում։ յուրաքանչյուրը հասկանում էր, որ սա առանձնահատուկ առավոտ է։ Կես օր գնացին մինչև վանք։ Երկու խմբի բաժանվեցին։ Հայրերը սկսեցին մաքրել ավերակները, որդիները իջան ձոր։ Երկու ժամ անց լսվեց Գայլի զիլ ձայնը․

— Գտանք, գտանք, ներված ենք։

Ետ գալու ճանապարհին քարաղբյուրի կողքին կանգ առան, ասացին՝ Մի քիչ հանգստանանք։ Իր լուսերես աղջկա հետ մի մարդ եկավ՝ աղբյուրից ջուր տանելու ։ Համբարձումը կանչեց սեղանի, ծանոթացան։ Ծաղկավանցի Միհրանն էր՝ իր աննման դստեր՝ Սոնայի հետ։ Գայլը Սոնային որ տեսավ, հասկացավ ու հիշեց մոր երազը։ Վեր կացավ, գնաց, նստեց Սոնայի կողքին՝ ով առանձնացել էր ու հանգստանում էր՝ աղբյուրի կողքի քարի վրա նստած։ Միհրանը կանգնեց տեղից, ուզում էր զայրույթն արտահայտել, բայց Մակիչը ձեռքից բռնեց, նստեցրեց, ասաց․

— Խաչքար ենք գտել, երազում տեսած խաչքար, լավ օր է, երեխեքը թող խոսեն։

Միհրանը բան չասաց։ Ճակատագիրը իր շրջանը գծեց ու երկու շաբաթ անց Համբարձումն ու Արեգնազը, Գայլի հետ եկան Ծաղկավան՝ աղջիկ ուզելու։

Իսկ մինչ այդ, երբ ետ եկան Արջասար, ամբողջ գյուղը դիմավորեց։ Խաչքարը դրեցին երեք եղբոր տների արանքում առաջացած կլոր հրապարակի կենտրոնում։ Երեք օր ու գիշեր քեֆ արեցին։

Աստված բարեհաճ էր։

12

1939 թվականն էր։ «Կարմիր տեռորն» էր մոլեգնում ռուսական կայսրության անծայրածիր տարածքներում, որը արդեն քսաներկու տարի կոչվում էր Սովետական Միություն։ Մարդկային կյանքը արժեք չուներ, կամ մեկ մատնության համար օգտագործված թղթի ու թանաքի արժեքը ուներ։ Իսկ Արջասարը ապրում էր իր թաքնված երջանկությամբ, սակայն գյուղի հիմնադիր եղբայրները հասկանում էին, որ այն խաղաղությունը, որ ունեն, հարաբերական է, ու ամեն ունայն վայրկյան կարող է փոխել պատմության ընթացքը, ամենափոքրիկ սխալն անգամ կարող է ճակատագրական լինել։

Սարուխան գյուղից մի մարդ եկավ՝ Արա Գեղեցիկ Մալխասյանը, հենակների վրա, նիհար, թոքախտավոր։ Գյուղխորհրդի տեղը հարցրեց ու շարժվեց այդ ուղղությամբ։ Արտաշես Կարապետյանը տեղում էր, ընդունեց հիվանդ ծերունուն, Վասիլին կարգադրեց ուրցի թեյ դնել, շաքարը իր ձեռքով կոտրեց, հյուրասիրեց մարդուն ու խնդրեց, որ ասելիքը պատմի։

— Ես Սարուխան գյուղից եմ։ Ճժերիս համար մի պարկ ալյուր թաքցնելու պատճառով տաս տարի աքսոր եմ ստացել ու զանգից զանգ նստել, դուրս եմ եկել։ Դու գրի առ, տղա ջան, թե ինչ կասեմ,— ասաց ծերունին,— ես քեզ համար եմ եկել։

Սառը քրտինքը պատեց Արտաշեսին։ Ծերունին շարունակեց․

— ես եկել եմ Ալթայի երկրամասի Ռոդինո գյուղից, որը նաև ռայոնական կենտրոն է, գտնվում է Բառնաուլից երեք հարյուր կմ հեռու։ Ես ու ծնողներդ մի աքսորավայրում ենք եղել։ հինգ տարի անց, ճակատագրի քմահաճույքով, մեր մոտ են բերել նաև Թբիլիսիից մի մարդու, որին հայրդ ճանաչեց։ Անունն Աքիլլես էր։ Երկաթուղային աշխատող։ Աքիլլեսն ասել էր հորդ, որ դու ու քույրդ կենդանի եք, ապրում եք այստեղ։ Դու տեսնեիր քո ընտանիքի վառվող աչքերը, երբ քո մասին իմացան։

Արտաշեսի աչքերից արտասուքը գետի պես հոսում էր։

— Ես եկել եմ ասելու, որ եղբայրներդ ու ծնողներդ, Աքիլլեսն ու կինը թոքաղտից մահացել են։ Ես էլ եմ մեռնելու։ Այս նորությունն ասելու պարտավորությունն է ինձ ապրելու ուժ տվել, որ հասել եմ այստեղ։ Այս թղթի մեջ նրանց համարներն են գրված, որոնք նաև գերեզմանի համարներ են։ Մի օր, բեղավորը որ մեռնի, կգնաս հող կբերես, Հայաստանում կթաղես, որպեսզի ոսկորները հանգստանան։ Հորդ խնդրանքն է,— Սարուխանցի ծերունին ավարտեց ու անզգացմունք նայեց երկնքին այնպես, կարծես անպատասխան հարցերից հոգնել է։ Երբ աչքերն իջեցրեց ու նայեց Արտաշեսին, տեսավ, որ վերջինս ալեհեր է այլևս։

— Ներիր ինձ, տղաս, — ասաց նա,— ես հորդ պահածն եմ։ Նա է ինձ ուժ տվել, որ եկել եմ ու ընտանիքիս հասել։ Դու հիմա ոչ մի շարժում չանես։ Գյուղից դուրս մի արի։ Կարող ես միութենական հետախուզության մեջ լինել, սակայն ինքդ անտեղյակ այդ մասին։ Կարևոր չէ, թե մարդն ինչքան է ապրել։ Կարևոր է, որ նա հիշելու համար երջանիկ պահեր ունենա։ Բառնաուլ կգնաս, իմ ասած բանից հետո, անպայման ամռանը։

Արտաշեսը վեր կացավ, իր աշխատասենյակի վառարանը փայտ գցեց, գրասենյակային բազմոցի վրա բարձ դրեց, մի յափնջի տվեց մարդուն ու ասաց․

— Հանգստացեք հիմա, հայրիկ։ Ես հիմա ուտելիք կբերեմ։ Վաղը ուղեկցող կտամ, Արմենակին, նա Ձեզ մինչև Սարուխան կտանի։ Եթե ոտքդ կախ գցես, վաղը մեր մոտ բժիշկ է գալու, Մաթևոս հայրիկը։ Կնայի Ձեր վերքերը, դեղաբույսեր կտա, Դուք էլ ինձ առավոտյան կպատմեք իմ ընտանիքի մասին ու կճանապարհվեք բուժումներ ստանալուց հետո։

Ծերունին ձեռքով իր մոտ կանչեց Արտաշեսին, բռնեց ձեռքերից, խնդրեց ծնկի գալ․ ապա գլուխը առավ իր ափերի մեջ ու սեղմեց իր կրծքին․

— Նրանց չապրածը քո բալիկներին փեշքեշ, տղա ջան։ Այդպես էլ կանենք,— ասաց Արա Գեղեցիկ Մալխասյանը։

13

Սոնան սրտի տակ Պատրույգով հղի էր, երբ պատերազմը եկավ Արջասար։ Գայլը կամավոր եկավ գյուղսովետ, զույգ եզ լծկանն ու լուծը բերեց հետը, ասաց․

— Ընկեր Կարապետյան, ընտանիքիս հանդեպ ուշադիր կլինես, էս էլ քո կոլխոզին իմ բաժին մուտքը։ Աշխօրս կտաս Սոնայիս, որ ես հանգիստ կռվեմ գերմանացու հետ։ Դրանք թուրքի թիկունքին կանգնած ազգ են։ Պատվի կռիվ է լինելու։

Պատվի կռիվը իր խառնարանի մեջ առավ արդեն քսաներկու տնտեսություն ունեցող Արջասարի բոլոր տները և շուրջ կես միլիոն հայ զինվորի։ Գայլից հետո պատերազմ գնացին տասներկու արջասարցի, այդ թվում՝ Արջը, Արտեմը, Արմենակը, Վասիլը, Արշոն, որոնցից հինգը չվերադարձան։ Պատերազմ գնացին նաև Ակունքի ռայոնի տարբեր գյուղերում հարս գնացած Մակիչի ու Եղիայի չորս դուստրերի ամուսինները։ Հինգ տարի՝ Արջասարը կարագն ու մեղրը, հավաքած հաճարն ու հաճարի յուղը ուղարկում էր ֆրոնտի համար։ Հինգ տարի Ստալինի հրամանով մորթած կենդանու կաշին անգամ հանձնում էին պետությանը։ Ոչ ոք չգիտի, թե քանի՞ գուլպա են գործել Արջասարի մայրերն ու կանայք, ուղարկել տարբեր ուղղություններով։ Նարգիզը ամեն առավոտ մի զույգ գուլպա դնում էր պատուհանագոգին։
— Այ կնիկ, մի քիչ քնի էլի, սովետի բանակը դու հագցրեցիր,— ասում էր ամուսինը։

Արմենակի ու Վասիլի եռանկյունի սև թղթերը եկան Կերչի թերակղզուց, որտեղ նրանք հերոսաբար զոհվել էին Կամիշ-Բուրուն գյուղի մոտաքայքում գտնվող «Երկաթահանքերի կոմբինատի» համար մղված մարտերում և որի գերմանական պահեստների պարունակությունը ստանալը շատ կարևոր էր բանակի համար, ապա ետ մահու պարգևատրվել էին մեդալներով։ Դրանք առաջին սև թղթերն էին։ Այդ օրը գյուղում սուգ էր, այնպիսին, որ չէր եղել հիմնադրման օրից։

Արտեմը հասավ մինչև Չեխական Պարդուբիցե քաղաք ու ետ եկավ շքանշանազարդ կծքով, բայց առանց ոտքի։ Արջը տաղանդավոր զինվորական դարձավ, սովորեց հրամանատարական բարձրագույն դպրոցում, պատերազմից հետո եկավ, հոր համաձայնությունը ստացավ և ընտանիքով տեղափոխվեց Մոսկվա։ Արտաշեսը հասավ մինչև Ուկրաինա, մասնակցեց Դնեպր գետի անցումին, վիրավորվեց։ Գանգրենայից խուսափելու պատճառով անդամահատեցին ոտքերը, և պրոտեզներով վերադարձավ իր նախագահությանը։

Գայլը վերջին նամակը գրեց Կուրսկի աղեղից։ Գյուղում նրան անհայտ կորած համարեցին, չնայած Արեգնազն ասում էր, որ երազում կենդանի է գալիս։ Արջը ամեն ինչ արեց եղբորը գտնելու համար, սակայն ապարդյուն։ Գայլը գերությունից փախավ 1944 ին, ներկայացավ առաջին իսկ սովետական զորամաս և շատերի նման հայտնվեց բեռնատար վագոնում, ապա սիբիրի ճամբարներում, որտեղ կենաց մահու կռիվ տալով արհավիրքների ու բոլշևիկյան դաժանությունների դեմ, ազատ արձակվեց ու վերադարձավ միայն 1953-ին, երբ կրեմլի տերը կնքել էր իր մահկանացուն։ Նույն 1953-ին Արտաշեսը մեկնեց Ալթայի երկրամաս և վեց թաշկինակների մեջ հող բերեց, դրեց գյուղի խաչքարի տակ։ 2010 թվականին այդ թաշկինակները մասունքների նման դրեցին կառուցվող եկեղեցու հիմքում։ Բայց հողը բերելուց երկու օր հետո քնի մեջ մահացավ Արտաշեսը՝ Տեր Կարապետյան տոհմից։ Գայլը գյուղի ղեկը իր ձեռքը վերցրեց։ Առջևում Արջասարի վերածնունդն էր։

14

Գայլի վերադարձը Պատրույգը տեսել էր երազում, ու մորն ասել էր․

— Հայրիկն այսօր գալու է, մամ ջան, ողջ առողջ,— Սոնան վազել էր Արեգնազի մոտ։ Նա այնքան մեծ հավատ ուներ Պատրույգի երազների նկատմամբ, որ պատրաստություն էր տեսել, գաթա թխել, հավ մորթել։ Երբ Գայլը՝ հոգնած, նիհարած մտավ տուն, խեղճ կնոջ ոտքերը թուլացան ու միայն հաջորդ առավոտյան նա ուշքի եկավ։

1955-ին Գայլին արդարեցրին, մեդալներն ու շքանշանները վերադարձնելու համար կանչեցին Երևան։ Գայլը իր հետ վերցրեց իր գեղեցկուհիներին՝ Մորը՝ Արեգնազին, կնոջը՝ Սոնային և դստերը՝ Պատրույգին։ Արեգնազն էր այդպես որոշել։ Ուզում էր թոռնուհին Սուրբ Էջմիածինը տեսնի։ Երկու օր ճանապարհ գնացին։ Արջասարով անցան Թթու ջուր, այնտեղ գիշերեցին Ստեփանյան Ռուբենի հյուրընկալ օջախում, ու այնտեղից էլ Սևանի շուրջը պտտվելով՝ դեպի մայրաքաղաք ճանապարհվեցին։ Երբ որ հասան Սևանի կղզուն, Պատրույգը խնդրեց կանգ առնել, իջնել ձիերից։ Տասնչորսամյա պատանի օրիորդը ծնկի եկավ ու սկսեց աղոթել՝ հայացքը հառած վանքի կողմը։ Արեգնազն էլ, Սոնան էլ ծնկի իջան, ու լուռ աղոթեցին։

— Ի՞նչ եղավ, աղջիկ ջան, որ այդպես հուզվեցիր,— հարցրեց հայրը Պատրույգին։

— Չգիտեմ, հայրիկ ջան, բայց ես այս կղզին իմ երազներում թերակղզի եմ տեսնում, այ այս սարի ստորոտից ճանապարհ է գնում դեպի վանք։ Ես կարծում եմ ջուրը ետ է քաշվում, ճանապարհ բացում, այդպես հնարավոր է՞, որ լինի, Հայրիկ։

— Չէ, բալիկ ջան, հնարավոր չէ,— պատասխանեց հայրը, — բայց երբեմն ինձ թվում է, որ դու ինձանից շատ ես իմանում։

— Ուրեմն այդպես լինելու է, Հայրիկ,— պատասխանեց Պատրույգը։

Լռություն տիրեց մի պահ։ Հետո Արեգնազն ասաց․

— Լինելու բանը լինում է, բալա ջան։ Ամեն ինչ Երկնքի ձեռքում է։

— Չէ, մարդու կյանքը կիսով չափ իր ձեռքում է, Տատիկ ջան, իսկ Աստված գնահատում է նրա ապրածը։

— Բա որ մեր ձեռքում է, ինչու՞ ծնվելուց առաջ ինձ հարց չեն տալիս, ուզու՞մ եմ էս աշխարհ գալ, էս տառապանքի բեռը կրել, թե՞ ոչ։ Ես էլ կասեի՝ չեմ ուզում,— միջամտեց հայրը, ու ժպիտը դեմքին, սպասող հայացքով նայեց դստերը։

— Հարցնում են, հայրիկ։ Ավելին, դու ես ընտրում այն ընտանիքը, որտեղ ծնվելու ես։ Ուղղակի, մենք դա չենք հիշում։

Այս ասելով՝ նա վեր կացավ տեղից ու հեծեց իր Ձին։ Հայրը, մայրն ու տատիկը հետևեցին իրեն ու շարժվեցին առաջ, սակայն ոչինչ չհասկացան նրա ասածից, բայց երբ մեկ ուրիշ անգամ ասաց, որ երկնքից այնկողմ, որտեղ Աստծո տիրույթն է, շուտով մարդն է լինելու, ու Գագարինը տիեզերք թռավ, ամբողջ ռայոնը խոսեց այդ մասին։

Այդ տարի Արեգնազը իր մոտ կանչեց թոռնուհուն ու նրան հանձնեց Խաչքարի գաղտնիքն ու խնամքը։ Այդ գիշեր նա էլ դարձավ հավերժի մի ճամփորդ։

15

Արեգնազի մահից հետո գյուղը դժվար շնչեց։ Օդը ծանրացել էր։ Տղամարդկանց պակաս կար։ Կանանց աչքերում թախիծը ամպի պես կախվել էր, ու կարծես Քռի ափերից եկած՝ պատել էր նրանց հոգին ու չէր հեռանում։ Գայլն իր աղջկան կանչեց, ասաց․

— Պատրույգ, ես գնում եմ Մոսկվա։ Իմ փոխարեն մնում ես դու։ Հագուստդ փոխիր, տղամարդու հագուստ հագիր, Ձին հեծիր ու ցույց տուր գյուղացիներին, որ Համբարձումյան ես։

— Ինչու՞ ես գնում Հայրիկ,— հարցրեց Պատրույգը։

— Գնում եմ Արջ Պողոսյանին տեսնեմ ու գամ։ Տասը օր բոլորի պատասխանատուն ես։ Գամ տեսնեմ՝ ծնվել են, չեն մեռել։

— Լավ,— պատասխանեց Պատրույգը ու գնաց տուն՝ հոր ասածի հագնվելու։

Առավոտյան աշխետ ձիուն հեծած, տղամարդու հագուստը հագին, մտրակը ձեռքին գյուղամեջ ելավ Պատրույգը ու արթնացրեց բոլորին պատերազմի բերած թմբիրից։ Գյուղը, վերջապես թեթև շնչեց, ապրել ուզեց՝ հին բարի ժամանակները հիշելով։

Տասը օր անց վերադարձան Արջ Պողոսյան և Գայլ Համբարձումյան եղբայրները, իրենց հետ բերելով շինարար ու նախագիծ։ Գոմեր կոչվող հանդամասում ժամանակակից անասնապահական ֆերմա պիտի շինեին, ամեն ինչ ավտոմատացված, կթելուց մինչև կերակրում։ Իրարանցում սկսվեց։ Մարդիկ եկան։ Տեխնիկա բերեցին։ Ֆերման չկառուցած՝ թոշակառու եղբայրները, դպրոցի շենք նախաձեռնեցին։ Արջի ծառայողական հնարավորություններն էի՞ն, թե՞ Գայլի ձեռներեցությունը, թե՞ Արտեմի՝ շինարարներին սրտացավ տեր կանգնելը, թե՞ Պատրույգի հմայքը, պարզ չի։ Բայց մեկ տարվա մեջ երկուսն էլ կառուցեցին։

Հետո եղբայրները մեկնեցին Ադրբեջան, Դաշքեսանի ռայոն, հայկական Փիբ գյուղ։ Այնտեղ բանակային ընկեր ուներ Արջը։ Երկուսով գնացին, տասներկուսով վերադարձան։ Ցույց տվեցին դպրոցը, Ֆերման, հնարավոր տնատեղերը, գետի հովիտի հողերը, ու խոստացան ամեն ինչում օգնել։ Մեկ տարվա մեջ Զագլիկից Արջասար տեղափոխվեց տասը երիտասարդ, որոնց առաջնորդում էր Ազարյան Սևադան իր եղբայրների հետ։ Գարդմանա հողից տասը պատվաստ, տասը տնկի Արջասարում նոր տոհմեր դարձան։ 1968-ին գյուղսովետի քսանյոթամյա նախագահ Պատրույգ Համբարձումյանը սկսեց գյուղի ակումբի շինարարությունը։ Գյուղում հարյուր ընտանիք կար, հարյուր հաստատուն ծուխ։

Շարունակելի»: