կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-18 18:03
Առանց Կատեգորիա

«Արջասար» (մաս 2). Դ. Վանյանի նոր վիպակը

«Արջասար» (մաս 2). Դ. Վանյանի նոր վիպակը

Yerkir.am-ը ներկայացնում է քաղաքագետ Դավիթ Վանյանի նոր վիպակը, որը կոչվում է «Արջասար»։ Վիպակի առաջին մասը՝  այստեղ։

«Ամառվա շոգ օր էր։ Արջասարցիները ներքևում, Խնձորագետի հովտում անմշակ հողերը քարերից ու արմատներից մաքրել, արտ էին գցել։ Հիմա ցորենը հասել էր, հասկը արևի տակ փայլում էր ու քանի դեռ անձրև չկար, բոլորը մի մարդու պես, ասես մի մեծ ընտանիք, լեռներից իջել էին ու մանգաղներով զինված արտը հնձում էին։ Արտաշը ղեկավարում ու, միաժամանակ, կեսօրահաց էր պատրաստում։ Պենելոպայի համար՝ երկու թթենու արանքում օրորոց էին կապել ու նա՝ այնտեղ անուշ քնած էր։ Բայց Արեգնազը վատ երազ էր տեսել ու զգուշացրել Աստղիկին, ասել․

— Աղջիկ ջան, Վարսենիկիցդ աչքդ չկտրես։ Երազիս մեջ օձը փաթաթվել էր վզին ու ոչ մեկին մոտիկ չէր թողնում։
Արջասարում բոլորն էլ գիտեին, որ Արեգնազանը գերբնական ուժի տեր է, աստվածատուր է ու ասածը թրի կտրած է։ Օրը թեքվում էր դեպի ճաշը, երբ Աստղիկը քար դարձավ ու ճչաց։ Մի անպատմելի գեղեցիկ գյուրզա փաթաթվել էր քնած մանկան օրորոցով ու գլուխը տիեզերական հանգստությամբ դրել Պենելոպայի կրծքին՝ այնպես, կարծես նրա սրտի թակոցներն էր հաշվել ու այդ ռիթմին համահունչ, նրա հետ քուն մտել։ Շատ ջուր չհոսեց, մինչև բոլորը հավաքվեցին ու հարցմունքով նայեցին գեղեցկուհի Արեգնազանի կողմը։ Նա էլ ասաց․
— Ձեռք չտաք, մոտ չգաք, արագ Նարգիզին բերեք։ Երազումս Նարգիզն է փրկել աղջկան։
Արտաշեսը արագ թռավ ձիու թամբին ու հայդա՝ Արջասար, որտեղ Նարգիզը աշխատավորների համար ընթրիքի պատրաստություն էր տեսնում։ Նարգիզը երբ եկավ, սովորականի նման ոչինչ չասաց, ոչ մի զգացմունք ցույց չտվեց, այլ մոտեցավ օրորոցին, տիեզերական հանգստությամբ, մի ձեռքով բռնեց գյուրզայի գլուխն ու մյուսի մեջ մանգաղի բռնակն էր։ Քար լռություն էր տիրում։ Շեղբը փայլեց ու Նարգիզը մի ակնթարթում հատեց այն ու գցեց կրակի լեզուների մեջ։
Պենելոպան անգամ չարթնացավ։ Արեգնազը աղջկա թիկունքում պահապան հրեշտակ տեսավ ու ծնկի իջնելով՝ խաչակնքեց։ Հրեշտակը մնաց մի վայրկյան ու անհայտացավ։ Իսկ օձը գոտի դարձավ ու Արտաշի թոռներից թոռներին է անցնում։

8

Երբ որ տասնհինգ տարեկան դարձավ Պենելոպան, Արեգնազը տղային՝ Արջին կանչեց զրույցի ու ասաց․
— Քսանհինգ տարիդ լրացել է, ես թոռնուհի եմ ուզում, որ իմ իմացածը իրեն հաղորդեմ, հետո թոռ եմ ուզում, որ հայրս երկնքում ուրախանա, Պողսե Արամի տունը շարունակվի։ Պենելոպան քո քույրն է, բայց մեզ արյունակից չէ։ Գեղեցիկ է ու աստղով։ Աստված էլ հրեշտակ է կարգել նրան պահպանելու։ Դու նրան կին տար քեզ, որ մեկ ուրիշը այդ հրաշքը մեր գյուղից չտանի։ Հասկացա՞ր ինձ։
Հաջորդ օրը Արջը գնաց ու հանդիպեց Արտաշեսին,ասաց․
— Ես Պենելոպային շատ եմ սիրում ու իմացել եմ որ մեզ արյունակից չի։ Ինձ եթե տաս, երկնքից նրա համար աստղեր կիջեցնեմ։
Արտաշը թե․
— Փոքր է, պիտի սպասես։
— Կսպասեմ, եթե խոսք տաս, որ ոչ մեկի չես տա։
— Լավ, ասել էր Արտաշը, որի սրտովն էին Արեգնազի ու Համբարձումի տղաները։
Այդ օրվանից Արջը Պենելոպային հոգատարությամբ շրջապատեց ու երբ տասնյոթ տարին լրացավ, ծնողների հետ եկավ նրա ձեռքը խնդրելու։ Արտաշեսի սեղանին մի շիշ քոլի տանձի օղի դրեցին։ Արտաշը նայեց աղջկա աչքերին, համաձայնությունը կարդաց այնտեղ ու մի շիշ էլ ինքը դրեց։ Երեք օր ու գիշեր հարսանիք արեցին։ Առաջնեկը Անուշն էր, որ ծնվեց։ Արեգնազը Անուշին վերցրեց ու ասաց․
— Այս երեխայի հետ դուք գործ չունեք։ Սա իմն է, ես եմ պահելու։ Արեգնազը նստում էր փոքր աթոռակին, փեշերը ետ քաշում, տաք թրջոցով լվանում Խինա կովի կրծքերը, Անուշին պառկեցնում իր ծնկներին ու կովի տաք կրծքերի պարունակությունը կթում նրա կարկաչող բերանում։ այդպես մեծացավ Անուշը, որ Պենելոպայից էլ գեղցիկ էր ու տատի նման՝ իրանասածի։

9

Աշխարհը ապրում էր իր հևքով, իսկ Արջասարը իր, կամ, ավելի ճիշտ՝ Մակունց եղբայրների սրտի զարկերին համաչափ։ Այն որ գյուղը բարձրադիր էր, ձմեռը ճանապարհները փակվում էին, իսկ գարնանն ու ամռանը ընկալվում էր որպես սարվորների բնակատեղի, բոլշևիկներին հեռու էր պահում գյուղի մատույցներից։ Բայց եղբայրները տեղյակ էին, թե ինչ է կատարվում Երկրի ղեկավարների հիվանդ ուղեղների մեջ, թե ինչքան մարդ են բեռնատար վագոններով աքսորում կամ քանիսին են արդեն գնդակահարել։
Մի օր, գարունը որ բացվեց, մեկը ռայոնական կենտրոնից եկավ՝ նագանով զինված իր երեք օգնականների հետ։ Ձեռքերը նագանի բռնակից չէր կտրում։ Ապակյա հայացքով էին, բութ ու դատարկ։ Կաշվե բաճկոնով էին ու նրանցից գլխավորը ներկայացավ որպես ռայոնական կոմիտեի քարտուղար։ Եղբայրները հավաքվեցին գյուղի կաղնու տակ, և Արտաշեսի հետ, որ նախագահն էր, ընդունեցին բաճկոնավորներին։ Սա երկար խոսեց։ Վերջում Մակիչը հարցրեց․
— Ես որքան հասկացա, քո ուզածը այն է, որ մենք կոլխոզ մտնենք։
— Այո,— ասաց քարտուղարը
— Մենք կոլխոզի մեջ ենք։ Այստեղ ինչ կա, բոլորինս է։ համընդհանուր է, մենք էլ երեք եղբոր գերդաստաններ ենք, համատեղ տնտեսությամբ։ Դուք, մյուս անգամ Արջասար առանց զենքի եկեք։ Արջասար՝ զենքով մարդ չի մտնում, եթե այդ մարդը որսորդ չի։ Առանց զենքի որ գաք, կխոսենք, բաժին կհանենք մեր պետությանը։ Բայց Այսօր մեր զրույցը ավարտված համարենք, որովհետև անելիք շատ ունենք։
Բաճկոնավորը մտածեց, հաշվի առավ, որ փոքր է համայնքը, կիսով չափ կտրված է աշխարհից, անանցանելի են ճանապարհները, դաժան են ապրելու պայմանները, մտքում հաշվեց տների քանակը, պատկերացրեց զինվածության աստիճանը, ու ասաց․
— Լավ, այդպես էլ կանենք։
Մակիչը շրջվեց դեպի Համբարձումի որդիները և ասաց․
— Գայլ, Արջ, մարդկանց ճանապարհեք, գինի ու մեղր դրեք նրանց հետ, ու տեսեք, թե էլ ինչ,— ապա շրջվելով դեպի բաճկոնավորը, ասաց․
— Մենք մի արյուն ենք, մի տեսակ, մի ազգ, մի ճակատագիր ենք։ Այնպես չանեք, թշնամանանք, տանից տեղից կտրվենք՝ ղաչաղ դառնանք։ Մեր վայրենի ազատության վրա չբռնանաք,— նա խոսում էր, եղբայրները նստած լսում էին։
Նա վեր կացավ ճանապարհելու, եղբայրները անգամ չկանգնեցին։ Ծանր տպավորությամբ քարտուղարը շրջվեց իր թիկնազորի հետ ու գնաց Գայլի մատնանշած ուղղությամբ, մտածելով, որ եթե մեկի հանդեպ այստեղ օրենք կիրարկի, ստիպված է լինելու գյուղն ամբողջությամբ աքսորել։ Նրա օգնականներից մեկը դիմեց իր ղեկավարին, ասելով․
— Ընկեր Փանոսյան, սրտիդ մոտ մի ընդունի, սրանք Սանասարի թոռներն են, խենթ են ու ահարկու։ Մյուս անգամ առանց զենք որ գանք, մեկ այլ ձևով մեզ կընդունեն, վստահեցնում եմ Ձեզ։ Սրանք իրենց Ակունքից հեռացան, որպեսզի ոչ մեկի չենթարկվեն։
Փանոսյանը ընդունեց ի գիտություն ու ոչինչ չասաց, իսկ համբարձումը իր որդիներին հանձնարարեց, որքան հնարավոր է, աննկատ հսկել հորեղբորը՝ Մակիչին, երբ նա գյուղի տարածքից դուրս է գալիս, պատճառաբանելով, որ խառը ժամանակներ են։

10

Աշուն էր՝ տաք սեպտեմբեր։ Մամուխն ու սիզը լիքն էր, հավաքող չկար։ Խոտը հնձած էր՝ դեզերի մեջ։ Տանձը ծառերի տակ թափված, հաճարը ինչքան հավաքես, կհավաքվեր, խնձորը, որը քաղցր էր՝ ծիտը կտցած, որը թթու՝ կարմրին էր տալիս արևի տակ կռացած ճղների վրա։ Մակիչն իր երկու աղջիկներին ու կնոջը իջեցրեց Խնձորագետի հովիտ՝ հաճար հավաքելու։ Աղջիկներին հիշեցրեց, որ շատ չուտեն, որ յուղային է, որ գլուխ է ցավեցնում։ Աշխենն ու Նանեն տասնչորս, տասնինգ տարեկան էին։ Գեղեցկուհիներ էին, երկար ծամերը գլխաշորի տակ թաքցրած։
Երբ արևը թեքվում էր դեպի մայրամուտ, մոտեցան՝ Թե Հայրիկ, ուզում ենք գետում լողանանք։ Մակիչը լուռ թեքվեց դեպի գետը, մինչև գոտկատեղը ջուրը մտավ, գետաքարերից մի պարիսպ սարքեց, հետո մտավ հաճարկուտ, ծառի ճյուղեր կտրեց, ջրի առաջն առավ, մի ամբարտակ սարքեց, ու թե․
— Լողացեք։
Նարգիզն իր գեղեցկուհիների հետ հանեցին շրջազգեստներն ու շապիկներով գետը մտան։ Երեկոյան գետը հաճելի տաք էր։ Մակիչը շրջվեց ու հեռացավ ափից, աղջիկներին ազատություն տալու համար։
Երկու օր առաջ Փանոսյանի գյուղ այցելելուց հետո Համբարձումը Արջին ու Գայլին կարգել էր գյուղի տարածքից դուրս գալու դեպքում, աննկատ ու զինված հետևել իրենց հորեղբորը, քանի որ խառը ժամանակներ էին։ Ներքևում՝ բոլշևիկն էր անօրենություններ անում, սարերում՝ ղաչաղները։ Նրանք երկու անբաժանելի վայրի գազան էին, սար ու անտառում մեծացած, ամեն ծառ ու թուփ ճանաչած։ Հրացանները ուսերին, նրանք քիչ հեռվում տեղավորվել էին այնպես, որ, Մակիչի ու նրանց գտնվելու վայրերը ասես հավասարասրուն եռանկյան գագաթներ էին։ Հանկարծ մի քանի կաքավ անպասելի օդ բարձրացան։ Մակիչն էլ, տղաներն էլ իրարից անկախ զգուշացան։ Մեկ էլ ծմակից չորս ձիավոր քառատրոփ սլացան Մակիչի վրա։ Նրանցից՝ առաջինը ձիու վրայից հրացանի կոթով խփեց հանկարծակիի եկած Մակիչի գլխին, տապալեց գետին ու չորսն էլ իջան, հարձակվեցին, Մակիչի ձեռքերը պարանով կապեցին մեջքին ու նստացրին մի վայր ընկած կաղնու բնի վրա։ Արջն ու Գայլը սա որ տեսան, զգուշաբար առաջացան, որպեսզի կրակոցի դեպքում վրիպում չլինի։ Փանոսյանն էր, իր օգնականների հետ։ Ձիուց իջավ, կանգնեց Մակիչի դիմաց ու թե․
— Դու քանի գլխանի ես, անասուն, որ սովետական ռայոնական կոմիտեի քարտուղարին ասես՝ Այսօր մեր զրույցը ավարտված համարենք,— այս ասելով նա ձեռքի մտրակի կոթով նորից խփեց Մակիչի գլխին, ապա Մակիչի աչքերում կուտակված վրեժի զգացումից կատաղած՝ մտրակը ետ տարավ ու նորից հարվածեց։ Մակիչի հոնքը բացվեց ու արյունը դուրս ժայթքեց այնքան ուժեղ, որ Փանոսյանը մի պահ կանգ առավ։ Հետո նագանը հանեց, դրեց Արջասարի հիմնադիրի ճակատին ու դիմեց իր օգնականին․
— Արշո, իշխանությանն անպատվելու ու ներկայացուցիչների վրա հարձակվելու համար, սրա վերջը այստեղ որ տանք, ի՞նչ է լինելու։
— Ընկեր Փանոսյան, պետք չի, մենք ռայոնական կենտրոնից հեռու ենք, կրակոցի ձայնից Արջասարից կգան։ Հետո տեսեք, հագուստը թրջված է, երևի գետն է մտել, կարող է մենակ չի,— արագ պատասխանեց Արշոն, — ապա շարունակեց,— այս եղբայրներին մեր կողմերում հարգում են, տեսեք, սխալ չգործենք։
— Ոչ մի բան էլ չի լինի,— միջամտեց մյուս օգնականը,— թող իրենց չափը ճանաչեն, ընկեր Փանոսյան, թե դժվար է, ձգանը ես կսեղմեմ, առաջին անգամը հո չի՞։
— Արի, Շամիր, արի սրա հարցերը լուծիր,— դիմեց Փանոսյանը երկրորդին, որն էլ առաջ եկավ, նագանը գոտկատեղից հանեց ու Մակիչի ճակատին դնելուն պես երկու կրակոցներ լսվեցին։ Փանոսյանն ու Շամիրը ճակատին մեկական գնդակ ստացան ու մահացու փռվեցին գետնին։ Արշոն ինքնաբերաբար բարձրացրեց ձեռքքերը։ Չորրորդ օգնականը հետևեց նրան։
— Դուք շրջապատված եք։ Զենքերը վայր դրեք,— հանգիստ խոսեց Մակիչը, որ կրակոցների ձայնից հասկացել էր, թե ովքեր են կրակողները, շրջվեց դեպի անտառը ու կանչեց․
— Թաքստոցից դուրս չգաք, բոլորդ մնացեք Ձեր տեղերում, դեմքերը ցույց չտաք, սրանց պահեցեք նշանի տակ,— ապա շրջվեց դեպի բաճկոնավորներն ու ասաց․
— Արշո, երևում է հասկացող մարդ ես, քո հերը լավ ատաղձագործ էր, ճանաչում էի նրան ։ Հիմա, եթե պայմանավորվում ենք, ապա Դուք գնում եք կենտրոն ու էնտեղ ասում եք, որ Փանոսյանն ու Շամիրը Աղսվով Իջևան են գնացել, Ձեզ ուղարկել են ետ՝ ռայկենտրոն։ Անտառում կսպասեք։ Վաղը առավոտ կանուխ դուրս կգաք։ Ես ժամանակ քիչ ունեմ։ պիտի անտեսանելի սրանց մարմինները տանեմ - հասցնեմ Կոմուննայի մատույցները, էնտեղ կթողեմ։ Կմտածեն ղաչաղներ են եղել հարձակվողները։ Ուրիշ ելք չունեմ, եթե չես ուզում, որ հիմա Ձեզ երկուսիդ էլ էստեղ թաղեմ։
— Մեր կյանքը մեզ բաշխի, Մակիչ, Վասիլը պինդ տղա է, չի խոսա,— ասաց Արշոն։
— Աստված չտա մի բան այնպես չգնա, հողի տակից էլ լինի, Ձեզ կգտնենք։
— Լավ կլինի, ոչինչ չենք ասի,— ասացին երկուսով միասին,— կասենք, որ Իջևան են գնացել։
— Լավ, դիակները դրեք ձիերի վրա, ես շարժվեմ,— այս ասելով Մակիչը վերցրեց նրանց նագանները, ստուգեց ուրիշ զենք կա՞ նրանց հագուստի մեջ, թե՞ ոչ։ Հավաստիացավ որ չկա։ Նագանների փամփուշտները հանեց, զենքերը վերադարձրեց նրանց, հրամայեց կանգնած մնալ տեղերում։ Բարձրաձայն հրահանգեց եղբոր որդիների հսկել նրանց, ապա ուղղվեց դեպի գետը։ Ճանապարհին Համբարձումի տղաները առաջը կտրեցին, ասացին որ ընտանիքը թաքստոցում է, ցույց տվեցին ուղղությունը, թե որտեղ, բռնեցին ձիերի սանձերից ու Մակիչին տուն ճանապարհեցին։
Արշոն ու Վասիլը քարացած նստել էին։ Արշոն առաջինը խոսեց․
— Դու հասկանում ես չէ՞, որ եթե մի սխալ թույլ տանք, կամ դիակ ենք, կամ աքսորյալ։
— Հասկանում եմ,—ասաց Վասիլը,— դու էսօր մտածի ոնց ասես, կանենք, բայց ես կուզենայի էստեղ մնալ, էս գյուղում ապրել։ Սրանք մի մեծ ընտանիք են, ոնց որ Հայկ Նահապետի Հայկաշենը լինի։
— Դե որ այդպես է, հիմա գյուղ կգնանք, ու քեզ էնտեղ կթողենք։ Դու կին չունես։ Ծնողներիդ ու եղբորդ քո որոշման մասին կասեմ, այդպես ավելի լավ կլինի, ես ավելի հեշտ կբացատրեմ, կասեմ Փանոսյանն է քեզ այնտեղ թողել, որպես գրագիր։ միայն թե այս ամենը պիտի համաձայնեցնենք Մակիչի ու եղբայրների հետ։
Շատերը շատ բան են ասում, բայց այսպես էր, որ Արջասարում հայտնվեց Դարբնանց Վասիլը՝ ապագա Դարբինյան տոհմի հիմնադիրը։ Դիակները երեք օր հետո հայտնաբերեցին Աղսվի կամրջի տակ։ Արշոյին տարան, հարցաքննեցին ու ուղարկեցին սիբիր՝ Կրասնոյարսկ, բանտ, հետո՝ Կամչատկա՝ ազատ աքսոր։ Տասնվեց տարի Արշոն մնաց այնտեղ, իր ձեռքերով սառած ձյան մեջ բարաքներ սարքեց, հրաշքով կենդանի մնաց, ու վերադարձավ Արջասար իր ռուս կնոջ՝ Մարինայի ու հինգ տարեկան աղջկա՝ Սաթենիկի հետ։
Արտաշեսն ու Մակիչը տան տեղ տվեցին՝ Դարբնանց Վասիլին հարևան, Կոլխոզ ընդունեցին, Բելառուս տրակտոր տվեցին։ Մակիչն ու եղբայրները տան բացում արին։ Մակիչն ասաց․
—Հալալ է քեզ, երկար ապրեցեք։
Սա Արջասարի Սարիբեկյան - Պուստիննիկովա տոհմն էր։

Շարունակելի»։