կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-18 12:22
Առանց Կատեգորիա

«Արջասար». Դ. Վանյանի նոր վիպակը

«Արջասար». Դ. Վանյանի նոր վիպակը

Քաղաքետ Դավիթ Վանյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր նոր վիպակը, որը կոչվում է «Արջասար»։ Ստորև ներկայացնում ենք այն՝ հեղինակի կից գրառմամբ.

«Սիրով, Ձեզ եմ ներկայացնում իմ
հաջորդ վիպակը, հուսով, որ կսիրեք
այն, Արջասարցիներին ու մեր Երկիրը։

Արջասարը երեք եղբայր են հիմնել` Մակունց Մակիչը, Եղին ու Համբարձումը: Մակունց Սանասարի հաղթանդամ թոռներն էին նրանք, Սերոբի տղաները, որ մեկ դար առաջ, խմբերի ու գաղափարական հոսանքների բաժանված համայնավարական «Կարմիր աշխարհից» որքան հնարավոր է՝ կտրված լինելու համար, անասունը «Ակունք» գյուղից սար տարան և իրենց կանանցով ու երեխաներով մնացին այնտեղ։
Առաջին իսկ տարին արջը, որ հաճախ էր այս կողմերում վայրի մեղր փնտրում կամ կարմրախայտ որսում, հարձակվեց ու Խնձորագետի հովտում երկու կաթնատու կով սպանեց։ Այդ օրվանից հայկական լեռնաշխարհի բնիկ գամփռերը հայրենի դարձած բնակավայրի հիմնական բնակիչներից էին, ու գյուղացիների, նրանց ձիերի մշտական ուղեկիցները։ Գյուղի անունն էլ, բերանից բերան հոլովվելով, դարձավ «Արջասար», չնայած՝ «Գամփռասարն» ավելի կսազեր ու ոմանք այդպես էլ ասում էին։ Որովհետև, եթե մի ահռելի գելխեղդ շան ուղեկցությամբ, «Մոսինը» ուսին, դաշույնը՝ պատյանում, գոտուցը կախ ձիավոր էր հայտնվում, ապա, որպես կանոն ասում էին՝ Արջասարցի է։
Սարերի փեշերի, վերին անտառաշերտի ու երկնքի արանքում էր զետեղված կովերի համար տեղադրված բետոնե առաջին նովը, որի շուրջն էլ անասնապահական առաջին կայանն ու սարվորների փայտաշեն տնակները հայտնվեցին։ Իսկ ներքևում, գետն էր շառաչում՝ իր բերրի ափերով ու սարերով պաշտպանված բարենպաստ եղանակով։

2

Սովետ երկրի «Սովի տարիներին» շատ մարդ էր գալիս Սևանի կողմերից, հաց ու օթևան խնդրելու։ Արջասարը, որ երեք տոհմ ու երեք ազգ ուներ՝ Մակունց, Եղիազարյան ու Համբարձումյան, և որոնք Մակունց` պետության կողմից արդեն առանձին ծխերի բաժանված եղբայրների նորահաստատ ընտանիքներն էին, մինչև կոլխոզների ի հայտ գալը՝ շատերի ընդունեց, գոմերում աշխատանք ու ապրուստ տվեց ու ճանապարհեց ետ, սակայն Մակունց Մակիչի տանը այդ եկվոր հյուրերից մի երիտասարդ մնաց ու ետ չգնաց հարազատ կողմերի վրա, որովհետև այնտեղ, բոլշովիկները «Դաշնակցական ընդհատակյա կոմիտե» էին իբրև թե հայտնաբերել։ Արտաշեսի՝ այդ երիտասարդի ծնողներին ու զույգ եղբայրներին էլ, ծծկեր քրոջ հետ աքսորել էին սիբիրների խորքերը։
Աշխատասեր էր Արտաշեսը, բայց թախիծն աչքերից անպակաս։ Անընդհատ իր ընտանիքի մասին էր մտածում ու ոչ մեկի հետ չէր կիսվում։ Մի զբաղմունք ուներ, գոմերի գլխին աղավնի էր պահում ու ամբողջ ազատ ժամանակը տարվում նրանցով։ Երբեմն բազեներն ու արծիվները տանում էին խեղճ թռչուններին, երբեմն էլ աղավնիները աննկատ անհայտանում ու ամիսներ անց ետ էին գալիս։ Ոչ ոք այդպես էլ չիմացավ, որ այն օրերին, երիտասարդը, աղավնու ոտքերին կապած, անստորագիր, երևակայական նամակներ էր ուղարկում իր ընտանիքի անդամներին, ներքևում գրում հասցեն ու երազում մի օր պատասխան ստանալ։
Մի օր էլ Արտաշեսը Մակիչին մոտեցավ, ասաց․
—Աստղիկիդ ինձ կին տուր։
Աստղիկը Մակիչի երեք դուստրերից ավագն էր, հոր պես բարձրահասակ, ուժեղ, այտերը կարմիր, կուրծքը կյանքով լցվաց, ժպտերես ու կենսուրախ։ Ամառվա խոտհունձի ժամանակ մի անգամ ջուր էր բերել հնձվորների համար ու մտել Արտաշեսի գլուխն ու դուրս չէր գալիս։ Այդ օրվանից՝ այնտեղ էլ ապրում էր։
— Այ շուն, շան տղա, դու ի՞նչ ունես, որ ես քեզ աղջիկ տամ, հը՞։ Դու նոքար ես, քո տեղն իմացի։
— Ես նոքար չեմ, բանվոր դասակարգ եմ,— հպարտությամբ վրա էր բերել Արտաշեսը ու ժպտացել ատամների արանքից,— և ես Տեր Կարապետյան տոհմից եմ։ Ձեր Արջասարում ուրիշ ու՞մ ես տալու Աստղիկիդ։ Բոլորը Ձեր ազգից են։
— Լավ ես խոսում,— մի պահ լռելուց հետո, երկար բեղերն ուղղելով ասել էր Մակիչը,— բայց սպասիր, Աստղիկին հարցնենք։
Աստղիկը շիկնած ու աչքերը թաքցրած կանգնլ էր հոր առջև։ Ներս մտավ նաև Մակիչի կինը, Նարգիզը, ով այնքան քչախոս էր, որ Արտաշեսը մտածում էր․ «Գուցե այսօր մի բան ասի, ձայնը լսենք»։ Նրա այդ քչախոսությունը բնավորության կարմիր գիծ էր, որ իր հորից էր ժառանգել, և Ակունք գյուղում նրանց «Բերանը փականց» էին ասում։
— Աղջիկ ջան, Արտաշը գոմերից եկել է քո ձեռքն է խնդրում, ի՞նչ կասես։
Լռություն տիրեց։ Վաղուց Արջասարում այդպիսի կապարե լռություն չէր տիրել։
— Կգնամ, հայրիկ ջան,— հանկարծ պատասխանեց, կարմրեց ու դուրս թռավ։
Այդպես Արջասարի երեք ընտանիքներին ավելացավ Նոքարենց Արտաշի ու Մակունց Աստղիկի ընտանիքը։ Այդ տարի Մակիչն ու Արտաշը գարնան հետ մի նոր տան հիմքեր գցեցին։

3

Եղին, որ միջնեկն էր եղբայրներից, նախ երկու աղջիկ ուներ, Գոհարն ու Գայանեն, մինչև որ Արջասարում ծնվեցին երկու արու զավակները՝ Արտեմն ու Արմենակը։ Կինը՝ Արուսը փոքրին մեջքին կապած գնում, աշխատում էր Ակունքի ծխախոտի դաշտերում, ու այդպես էլ գալիս տուն։ Մի օր հոգնած դաշտից որ տուն եկավ, տեսավ լեզգիների խումբ է եկել, ովքեր, որպես կանոն կահ կարասի էին վերցնում, տանում էին մաքրելու, փոխարենը կարագ ու ձու էին խնդրում։ Արուսը տղային ուսերից իջեցրեց, դրեց տան առջևի երկու թթենիներից կապած օրոցքի մեջ, ամուր կապեց, որ վայր չընկնի հանակարծ ու տուն մտավ, որ պղնձե թավաները հանի, լեզգիներին տա, սակայն դուրս գալով՝ հայտաբերեց, որ ոչ որդին կա, ոչ լեզգիները։

Եղբայրները արագ ձիերը թամբեցին ու անհայտացան հյուսիսի ուղղությամբ, յոթ օր ու գիշեր հետո ետ եկան, բարուրած արու զավակին էլ ետ բերեցին, սակայն Արուսը, գիշերը, արցունքներից ուռած աչքերով ամուսնուն հասկացրեց, որ իրենց զավակին չեն բերել, հետո ասաց, որ թուխ է ու ոտքերն էլ ծուռ են, որ հայ կնոջ բարուրի մեջ այդպիսի ծուռ ոտքեր չեն լինում։ Առավոտյան եղբայրները հավաքվեցին, քննարկեցին ու ցավով՝ լռեցին այդ մասին, բայց տասնամյակներ անց, Արջասարում բոլորը գիտեին, որ Եղիազարյանների երկու տուն կա, մեկը իսկական, մյուսը «Բարուրը փոխածենց», կամ Արմենակի տունն էր, որի ոտքերը այդպես էլ չուղղվեցին ու որպես ժառանգություն անցան նրա սերունդներին։

4

Համբարձումը իր ապագա կնոջը՝ Արեգնազին երազում էր տեսել ու եկել Ակունքի տանուտեր Պողսե Արամի տուն, թե․
— Եկել եմ քո աղջկան ինձ կին տանեմ, ճակատիս գիրը փոխեմ։
Պողսե Արամը կարմիրների հեղափոխությունից առաջ հայտնի տանուտեր էր։ Իր գյուղացիների պաշտպանն էր ու հայր էր նրանց համար։ Աստղը ճակատին անաստվածները ուրիշ ելք չգտան՝ Ակունքն ու ղաչաղներին իրենց ենթարկելու համար ու Արամին բոլշևիկյան կոլխոզի նախագահ կարգեցին։ Երեսուն տարվա մեջ քանի անգամ եկան, թե «Ժողովրդի թշնամիների» ցուցակ տուր։ Արամը իր, իր կնոջ, դստեր, եղբայրների ու քույրերի անունները՝ մատիտը լեզվի ծայրով թրջում, գրում, տալիս էր․
—Թե տանում եք, իմոնց տարեք, ինձ էլ հետը,— ասում էր նա։
Այդպես Ակունքից ոչ մեկի չտարան։ Քսանութ գյուղ կար, մինչև Արջասարի բաժանվելը, այդ քսանութ գյուղից միայն Ակունքն էր, որ Ռուսական Սիբիրի երախը մարդ չուղարկեց։ Իսկ մյուսները՝ նախագահից օղակավար, հերթով տալիս էին իրենց թշնամիների անունները, հետո էլ ուրիշները սրանցն էին տալիս ու այդպես շարունակ։ Հիմա Ակունքում էս մարդու մասին մի հուշատախտակ անգամ չկա գրած, փակցրած, բայց գերեզմանը այս կողմերի երիտասարդներն են մացառից ու խոտից մաքրում ու, պատահած՝ զենքի վրա երդում են տալիս, թե՝ «Անգամ կյանքի գնով, ծառայելու եմ հայրենիքին ու նրա ազատագրության դատին»։
Արամը թե․
— Այ տղա, Համբարձում, իմ աղջիկը իմ տանը թաքուն պահած չի, որ երազում տեսնես, կամ դու քանի՞ սրտանի ես, որ իմ աղջկան երազում տեսնես։ Կամ ճակատի գիր փոխե՞լ կլինի։ Պատմի տեսնեմ ի՞նչ ես տեսել։
— Երազում տեսել եմ, որ դու քո աղջկան Շահմուրադի վանքի ավերակներում ես գտել, այն էլ՝ երազիդ հետևից գնացած՝ ոսկի փնտրելիս ես եղել, ու որ գտել ես, համարել ես, որ ոսկին այդ բարուրն է, ու խուրջինի մեջ թաքուն բերել ես տուն, ու այդ օրը քո կնոջ հղիությունը կտրվել է, ու այդպես դուք նրան ընդունել եք որպես Աստծո պարգև։ Մեկ էլ տեսել եմ, որ ինձ համար ես պահել քո աղջկան, այնպես որ կամ տալիս ես, կամ, եթե անհրաժեշտ եղավ, պատրաստ եմ՝ թուր ու թվանքով տանելու։
Պողսե Արամի իմաստուն գլուխը մի վայրկյանում ճերմակել է, հետո ուշքի գալով՝ կանչել է աղջկան․
— Արեգնազ, ո՞վ է էս տղան, ճանաչում ե՞ս։
— Ճանաչում եմ, Հայրիկ, իմ ճակատի գիրն է։ Ինձ թեթև սրտով տուր իրեն ու մենք գնանք,— հանգիստ պատասխանել է Արամի մինուճար դուստրը։
— Կտամ, եթե որդիներիցդ մեկի ազգանունը Պողոսյան կդնես,— ասել է Արամը Համբարձումին։
— Առաջնեկս քեզ պարգև,— պատասխանել է Համբարձումը, հետո զույգ արու զավակ է ունեցել, Արջ Պողոսյան և Գայլ Համբարձումյան։
Այսպես են Արջասարում հայտնվել Պողոսյանները։

5

Մի օր Թիֆլիսից մորուքը հաչա՝ մի մարդ է գալիս, կոճակները մինչև վերջ կոճկած։ Անծանոթին բերում են Մակիչի մոտ։ Մակիչը տեղեկանում է, որ Արտաշես Տեր Կարապետյանին է փնտրում։ Կանչում է նրան։ Էս մարդն էլ տեղեկանում է, որ Մակիչի մոտ ամեն ինչ կարելի է ասել ու ասում է՝ կոտրած հայերենով․
— Ես հույն եմ ազգությամբ, հոռոմ եմ, Յաղդանի ծնունդ, բայց, արդեն վաղուց, Թիֆլիսի երկաթուղային կայարանի հերթապահ աշխատող եմ։ Իմ անունը կասեմ, երբ որ իրար ճիշտ կհասկանանք։ Սրանից յոթ տարի առաջ Հայաստանից էտապով կալանավոր էին տանում Մագադան։ Այդ գնացքի վագոնները լիքն էին, ոնց որ դժոխքի կաթսաները։ Մինչ այդ, գրեթե ամեն օր ես սկսեցի մի երազ տեսնել՝ սպիտակ, օդում թպրտացող աղավնի։ Երբեք չէի հասկանա իմաստը, եթե չլիներ այդ օրը, երբ Թիֆլիսի կայարանում այդ վագոններից մի մարդ բարուր նետեց ինձ, որը օդում բացվեց, թպրտաց, ասես սպիտակ աղավնի։ Ես՝ անզավակ մարդ, բռնեցի բարուրը, բարուրի մեջ նամակ՝ մեջը գրված, որ պիտի գտնեմ Տեր Կարապետյան Արտաշեսին՝ Հայաստանի Ծակ Քար գյուղից, որ այդ Բարուրը Արտաշեսի քույրն է։
Այս ասելով՝ անծանոթը կոճակները բաց թողեց, ասես շունչը կտրվում էր, և ծոցից մի ծալված թուղթ հանեց, դրեց սեղանին։ Արտաշեսը անմիջապես բացեց թուղթն ու կարդաց։
— Երկար եմ ման եկել ձեզ, որովհետև Հայաստանում տասից ավելի Ծակ Քար կա։ Եվ հույսս արդեն կտրել էր, որ կգտնեմ, որովհետև, հիմա մեր մոտ ձերբակալություններ են։ Կնոջս տարել են անհավատները, և ուր որ է, նրա հետքից ինձ էլ կտանեն։ Ես աղջկան իմ դստեր պես պահել եմ, անունը դրել եմ Պենելոպա։ Պենելոպայի հայտնվելուց յոթ տարի հետո տանս կտուրին սպիտակ աղավնի իջավ ու չէր թռչում։ Մտքում ասացի՝ սա լավ նշան է ու բռնեցի՝ ոտքի վրա նամակ,— հյուրի ձայնը դողաց պատմելիս։ Արտաշեսը փշաքաղվեց։
—Այդ նամակի մեջ,— Շարունակեց նա,— գտա Ձեր հասցեն։
Մակիչն ու Արտաշեսը տեղից վեր կացան, նայեցին իրար ու նստեցին։ Միայն այդ պահին Մակիչը հասկացավ Արտաշեսի աղավնիների հանդեպ սիրո պատճառը։
—Պայման ունեմ,— ասաց հյուրը,— Եկեք Թիֆլիս, տարեք ձեր քրոջը, որպեսզի չարժանանա բախտի մի նոր քմահաճույքի, բայց եթե Աստված տա, վերադառնամ, նորից
ինձ կտաք իմ աղջկան։
Արտաշը ոչինչ չասաց։ Լուռ վեր կացավ, քայլեց դեպի գոմերի աղավնատուն։ Մակիչը կնոջը կանչեց, թե․
—Նարգիզ, երեք ձի ախոռից հանեք, պատրաստություն տեսեք, ճանապարհ ենք գնում։
Վեր կացավ նաև հյուրը, թամբեցին ձիերը ու սարերով ճանապարհ ընկան Ջուջևանի ուղղությամբ։ Հետո, Արտաշը հյուրի հետ պիտի գնար, իսկ Մակիչը սպասեր նրա ետ դառնալուն։ Այդպես էլ եղավ։ Երեք օր անց տուն մտան երեքով, մի գեղեցկուհի յոթամյա հրեշտակի հետ, որ Արտաշին շատ էր նման, ու նա դարձավ Պենելոպա Տեր Կարապետյան՝ Արտաշի ու Աստղիկի առաջնեկը։ Իսկ կոճակները մինչև վերջ կոճկած հույնը այդպես էլ չվերադարձավ նրա ետևից։ Աստղիկը աղջկան շատ սիրեց, բացի անունից, ու ինքը նրան Վարսենիկ կանչեց։

6

Սովետում սով էր։ Ուկրաինայում, Ռուսական հարավում ու Ղազախստանի տափաստաններում, մարդիկ, նույնիսկ, մարդ էին ուտում, իրենց իսկ բազմանդամ ընտանիքների անդամներից մեկին անգամ։ Դաժան ու անաստված ժամանակներ էին։ Բայց Արջասարում ամեն ինչ Աստծո նշանակած կարգով էր ընթանում, չնայած, ոչ եկեղեցի կար ոչ էլ կնքված էր որևէ մեկը։
Մի օր, Արջասար, ոտքով՝ կյանքն ապրած մի մարդ մտավ։ Հյուծված, նիհար, հիվանդ տեսքով էր, ու Համբարձումի և Արեգնազի դուռը թակեց։
Արջասարն արդեն մեծացել էր, համայնք էր դարձել, բանվոր դասակարգ՝ Արտաշն էլ նախագահ էր կարգվել։ Արեգնազի տղաները, որ մոր պես Աստվածատուր գեղեցկություն ունեին, հաղթանդամ էին ու շիկահեր, դուռը բաց արին երկուսով, հյուրին ընդունեցին, կերակրեցին ու հարցուփորձ արեցին։
Մաթևոսն էր, Ծատուրյան տոհմից։ Մինչև իր Բերդ գյուղը դեռ երկու օրվա ոտքի ճանապարհ պիտի անցներ։ Ասաց գերի է եղել, Ավստրոհունգարական Զալցբուրգ քաղաքի զինվորական բժշկի ընտանիքում՝ նրա օգնականն է եղել ու հիմա, լավ է հասկանում խոտերի ու բույսերի բժշկական նշանակությունն ու լեզուն, որովհետև այնտեղ, ալպիական սարալանջերին աճում է այն, ինչ մեր Հայաստանում։
Տղաները իրենց մորը կանչեցին, նա էլ լսեց։ Լավ լսեց ու ասաց․
— Տեգրս՝ Եղին, արդեն մի քանի տարի գլխացավ ունի, բուժում չկա ու չկա։ Եթե կբուժես, մենք քեզ այստեղ տուն կտանք, Բերդ չես գնա։
— Կբուժեմ, բայց չգնալ չեմ կարող, աղջիկ ջան։ Երեք հազար մղոն եկել եմ, որ կա՞նգ առնեմ։ Մարդն իր տանը կմեռնի։ Երբ էլ որ պետք կլինի, ձի կտաք, կգամ, հիվանդներ կլինեն, կբուժեմ,— ինքնավստահ պատասխանեց ծերունին։
Եղին եկավ, նստեց ու պատմեց իր հիվանդության մասին։ Մաթևոսը ուշադիր լսեց ու մի դույլ ուզեց։ Բերեցին։ Մաթևոսը նստեցրեց Եղիին աթոռին, դույլը դրեց նրա ծնկների արանքում, գլուխը կռացրեց դույլի վրա, օղի խնդրեց, այդ օղով ձեռքերն ու դանակը լվացավ, ապա պահանջեց բերանը բացել։ Դանակը աննկատ տարավ բերանը ու լեզվի տակ մի խազ արեց։ Արյունը հոսեց ու ծածկեց Դույլի հատակը։ Գլուխը ետ տարավ, գրպանից հանած չոր խոտ դրեց լեզվի տակ, արյունը կտրեց ապա ասաց․
— Ճնշում ունես, Եղի։ Լեռներում էլ՝ դա ավելի ծանր է զգացվում։ Արյան ճնշում է դա։ Ես արյուն բաց թողեցի, հիմա լավ կլինես։ Բայց Բերդ որ հասնեմ, մի ամիս ժամանակ է պետք, որ խոտաբույսեր հավաքեմ ու չորացնեմ, դեղ պատրաստեմ։ Այն ժամանակ կտրել պետք չի լինի։ Ես քեզ բույսերով կբուժեմ ու պատրաստման եղանակները կասեմ։
Արեգնազն ու տղաները՝ աչքերը լայն բացած նայում էին ծերունուն։ Հետո Արջը ասաց, որ ձի կտան նրան, ու թող նա ամեն ամիս գա իրենց հյուր։ Այդպես էլ պայմանավորվեցին։ Երկու օր անց Մաթևոսը կազդուրված հեծեց իր Ձին ու գնաց իր հայրենի Բերդ գյուղ, որ Ցլիկ Ամրամի հազարամյա ամրոցի շուրջ էր ծավալված։ Հետո ամեն ամիս առաջին կիրակին Արջասարի բնակիչները գիտեին որ Մաթևոսի օրն է լինելու։ Իսկ երբ այս կողմերում սիբիրախտը տարածվեց ու մարդկանց անխնա հնձում էր, Մաթևոսը միակ մարդն էր, որ կանգնեցրեց այդ հիվանդությունը, որին մարդիկ «Սև վերք» էին ասում։ Այդ օրերից սկսած Արջասարում մի օր կա, որ նշում են «Մաթևոսի օրը»՝ որպես տոն։ Դա հունիսի երեքն է՝ գյուղում նրա հայտնվելու օրը։

Շարունակելի»։