կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-20 19:43
Հասարակություն

«Արջասար» (մաս 5). Դ. Վանյանի նոր վիպակը

«Արջասար» (մաս 5). Դ. Վանյանի նոր վիպակը

Yerkir.am-ը ներկայացնում է քաղաքագետ Դավիթ Վանյանի նոր վիպակը, որը կոչվում է «Արջասար»։ Ավելի վաղ ներկայացրել էինք վիպակի առաջիներկրորդերրորդ և չորրորդ մասերը:

««Արջասարի» բոլոր հերոսները իրական նախատիպեր ունեն, սակայն նրանք տարբեր տեղերից են, և կապ չունեն իրար հետ։ Որոշ հերոսների մասին, Հայաստանի տարբեր անկյուններում, ուղղակի լսել, ժամանակաին գրառումներ եմ կատարել, որոշ հերոսներ հորինված են, սակայն նրանց բնավորություններով օժտված իրական մարդիկ կան, կամ կային, որոշ հերոսների հետ, ինչպես Մաթևոսի, կամ Նարգիզի նախատիպի, ես ազգակցական կապեր ունեմ։ Մի խոսքով, Աարջասարը գեր-իրական, սակայն մետաֆիզիկական գործ է, որովհետև ամեն ինչ տարբեր թելերից հյուսվել, կտավ է դարձել՝ ինձանից անկախ։

Դեպի Արարատ
——————————————————
21

ինչպես գրում էին արևմտյան թերթերը, 1988-ից սկսած, խորհրդային բազմազգ կայսրությունը համատարած անկում էր ապրում, որը երբեմն ցավալի էր լինում, անգամ՝ արյունոտ։ Արդյունքում, այստեղ-այնտեղ, ազգամիջյան կոնֆլիկտներ էին ծագում։

Արջասարը, որ անսահման եղբայրական սիրո արգասիք էր ու մի քանի սերնդի ներդաշնակ համակեցության արդյունք, ստի ու կեղծիքի վրա հիմնված ահռելի սովետ տերության ընդամենը մի լուսավոր մասնիկն էր, փորձում էր ապրել՝ ինքն իրենով տարված, ինքնամոռաց՝ իրեն տրամադրված։ Սակայն մոտալուտ աղետի զգացումը կախված էր օդում և հանգիստ չէր տալիս մարդկանց։

Աշխարհի վեցերորդ մասի վրա սփռված այս տերության մեջ Հայը առաջինն էր, որ ոտքի ելավ, պահանջեց միասնական և անկախ լինելու իր իրավունքները, ու փորձեց պատվով դուրս գալ «Պերեստրոյկա» անվանված համապետական հայտնի բարոյալքումից։

Դրան ի պատասխան, կայսրությունը ի ցույց դրեց իր՝ համամարդկային գաղափարաբանության տակ թաքնված ամենազզվելի, ամենագարշելի երևույթները, կամ, իր մեծապետական ինքնասիրահարվածությանը ի պատասխան՝ տեղերում ի հայտ եկած խտրականությունն ու գազանությունները, որոնք Բաքվում, Կիրովաբադում, Նախիջևանում, Խանլարում, Շամխորում, Շեքիում, Ղազախում, Մինգեչաուրում ու բազմաթիվ փոքր ու մեծ բնակավայրերում վեր ածվեցին Հայերի ջարդերի ու զանգվածային տեղահանման։

Սումգաիթը առաջինն էր այս շարքում, որը երիտասարդ քաղաք էր, և որը դժոխք դարձավ, որովհետև այստեղ քաղաքակրթված համարվող մարդը մեկ անգամ ևս ցույց տվեց իր լենկթեմուրյան վայրագ հոգին, երբ բակային խարույկներում կենդանի այրեց իր նմանին, հարևանին, համաքաղաքացուն, համերկրացուն, բարձրահարկ շենքերից վար նետեց նորածին մանկանց, բռնաբարեց կնոջը՝ ամուսնու, կացնահարեց ամուսնուն կնոջ աչքերի առջև, կամ՝ առնվազն, որպես հարևան, մատնեց, ծախեց, սպասեց նրա վախճանին ու տիրացավ նրա ունեցվածքին։

Հայ ժողովուրդը մեկ մարդու նման դուրս եկավ իր ձայնը բարձրացնելու ընդդեմ ջարդերի և ապօրինությունների, և այս պայքարը դարձավ կայսրության դեմ ուղղված ազգային - ազատագրական ու նվաճեց աշխարհի հայերի հոգիները։ Ոչինչ ընդունակ չէր ընդհատելու հազարամյակների ցավը ուսերին տանող ժողովրդի այդ վեր խոյացումը, անգամ ավերիչ Երկրաժարժը, որը, նույն 1988-ին հարվածեց Հյուսիսային Հայաստանին ու բազմահազար կյանքեր տարավ։

22

1989 թվականն էր։ Տորքը և Գայլը նոր էին զորացրվել ու դեռևս խորհրդային զինվորի համազգեստով էին, իսկ Համբարձումը զորակոչվել էր հեռավոր Արխանգելսկի մարզ, երբ Աշոտ Հովհաննիսյանը համայնքի ժողով հրավիրեց, որտեղ ներկայացրեց տիրապետող իրավիճակը, երկար խոսեց կենտրոնական իշխանությունների, սխալների մասին, ապա, խոսելու իրավունք խնդրեց Պատրույգ Համբարձումյանը։ Նա դուրս եկավ դեպի ամբիոն: Ընդամենը քառասունյոթ տարեկան էր։ Մոտալուտ աղետի գիտակցությունից և օրը ճեղքող գույժերից ճերմակած, սակայն, ինչպես միշտ աղեղի պես ձգված, հագուստի մեջ՝ խիստ ու պատվախնդիր։ Կատարյալ լռություն տիրեց։

— Սիրելի ընկերներ,— սկսեց Պատրույգ Համբարձումյանը,— պատերազմ է լինելու, և մենք հաղթելու ենք։ Եվ հաղթելու ենք շնորհիվ մեր նվիրվածության ու խելքի, շնորհիվ նրա, որ բանակ կդառնանք, կհավաքվենք ինքներս մեր, մեր պետականության շուրջ ու այնպես կզարկենք թշնամուն, որ այդ զարկը զգալի լինի, ցավալի լինի, հիշելի լինի։

Մենք կհաղթենք նրան շնորհիվ այն բանի, որ որոշումներ կայացնելիս՝ իմաստուն կլինենք, ճկուն և արագընթաց, ընկեր կլինենք իրար ու հավասար մարտի դաշտում, կհարգենք մեր թշնամուն և երբեք չենք անցնի այն սահմանը, որտեղ մարդը վերանում է։ Սա է մեր տեսակը։ Եւ եթե այս կռիվը տեսակի՞ կռիվ է, ապա հաղթելու է նա, ով կկարողանա բանակ ու շարք դառնալ, հրամանին ենթարկվել իմանալ, ինքնը իր հանդեպ խստապահանջ լինել և ինքնակազմակերպվել։

Պատրույգը փոքր ինչ դադար տվեց, հուզմունքից սիրտն ավելի արագ էր աշխատում։ Նա խորը շունչ քաշեց, ապա շարունակեց․

— Սա Ավարայր է, լինելության խնդիր։ Մեր թողտվության ու նիրհի պատճառով թշնամին լկտիացել է ու սահմաններ անցել։ Այն ինչ կատարվում է Սումգայիթում կամ Բաքվում, բնորոշում է մեր հակառոկորդին։ Նրանք, երեկ էլ նույնն էին անում։ Սակայն՝ "Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման"։

Բոլորը կանգնեցին։ Կատարյալ լռություն էր տիրում։ Պատրույգը ասես լեգենդից սերված դիցուհի լիներ՝ ողջ հասակով իր ժողովրդի առջև կանգնած՝ մայրացած վագրուհի։

— Արջասարը իր չորս սերնդի պատմության մեջ երեք եղբոր ընտանիքներից դարձել է հարյուր քսան տնտեսություն, հարյուր քսան երջանկության օրրան, հարյուր քսան հայ ընտանիք,— շարունակեց նա,— հիմա բարդ ժամանակներ են սկսվում խորհրդային երկրի և Հայաստանի համար, որը այդ երկրի մի մասն է, առայժմ։ Մեր պապերը Արջասարը հիմնել են անմիջապես երկնքի տակ, սարերի գեղատեսիլ լանջերին, նաև Խնձորագետի ցածրադիր չքնաղ հովտում, Դուք սա գիտեք։ Սակայն Դուք գիտեք նաև, որ մենք, մեր Երկրի Հյուսիս Արևելյան դարպասներն ենք, սահմանակցում ենք հարևան թշնամի պետության երկու շրջանների հետ։ Ուրեմն՝ նա ով տիրապետեց բարձունքներին, նա տիրապետելու է ճանապարհներին, արոտավայրերին, հովիտներին։ Այդ բարձունքները թվով յոթն են։ Ես երեք արու զավակ ունեմ։ Նրանցից առայժմ երկուսն են այստեղ։ Հանձնարարում եմ Ձեզ, Տորք և Գայլ՝ զենքերը հանել, հաշվառել, կարգի բերել, ջոկատներ կազմել և վաղվանից՝ զբաղեցնել այդ բարձունքները։ Այսօրվանից սկսում ենք ապրել ռազմական ժամանակների օրենքով։ Առանց գյուղի համայնքի ժողովի ոչ ոք իրավունք չունի բնակավայրը փոխելու նպատակով լքել Արջասարը, բացի նրացից, ով կզորակոչվի, կամ կմասնակցի պաշտպանական միջոցառումների՝ Հայաստանում, Արցախում կամ հայաշատ մեկ այլ վայրում։ Եթե հարկ լինի, բոլորս միասին կորոշենք յուրաքանչյուրիս ճակատագիրը, ինչպես մենք դա արել ենք մինչև այսօր։ Եթե առարկություններ չկան, անցնում ենք կատարմանը։

Աստված բոլորիս պահապան։

Պատրույգը ավարտեց ծափահարությունների ներքո։ Երեք շաբաթ անց հիմնովին գյուղ վերադարձավ գնդապետ Արջ Պողոսյանը, ով արդեն պատկառելի տարիքի պաշտոնաթող սպա էր։ Բացեց իր տան դռները ու սեղանին դրեց տարածաշրջանի մանրամասն տեղագրված քարտեզները, որ Մոսկվայից էր բերել։։ Պողսե Արամի թոռ Արջ Պողոսյանի տունը դարձավ ռազմական շտաբ, նա էլ՝ Հյուսիս-արևելյան պաշտպանական գծի առաջին հրամանատարը։

Տավուշի դարպասները ամուր ու վստահելի ձեռքերում էին։

23

Արջ Պողոսյանին իր հայրենիքի հետ կապող ամենազորեղ խարիսխը հայրենասիրությունն էր։ Սակայն եղբոր՝ Գայլի հետ գործած մեղքը, երբ երկուսով, երկու կրակոցով շանսատակ արեցին, իրենց այն օրերի ռայկոմի քարտուղար, կաշվե բաճկոնավոր Փանոսյանին ու նրա օգնական Ղասաբ Շամիրին, մի ճակատագրական հոգեբանական բարդ հանգույց էր, որ կապում էր նրան իր հայրենիքի յուրաքանչյուր ծառին, ձորակին, աղբյուրին։

—Ով մահացու, գիտակցված մեղք չի գործել, չի կրակել մեկ ուրիշ մարդու, թեկուզ թշնամու ճակատին, չի կարող տառապանքի իրական չափը հասկանալ,— մտածում էր Արջը,— Այդ մեղքը կապարի ծանրությամբ քաշում է ետ, տանում է դժոխքի ուղղությամբ, ու կռիվ է սկսվում կենդանի մարդու ու նրա հոգու միջև, մահացու կռիվ։

Նա երբեք այդ մասին եղբոր հետ չխոսեց, ու ամեն անգամ նրա աչքերի մեջ կարդում էր նրա նույնանուն տառապանքը։ Հիմա, ծերացած ու հայրենիք վերադարձած, նա կռացել էր իր քարտեզների վրա, ու պաշտպանական միջոցառումների պլան էր մշակում։ Ծխախոտը ծխախոտի ետևից էր ծխում։ Իրեն փոխարինող էր պետք։ Գայլն էր։ Լավ հրամանատար էր, կտրուկ, բայց իմաստուն։ Մարդկանց լավ էր ճանաչում։ Որոշում կայացնել գիտեր։ Սակայն բացի ճակատային գիծը, թիկունքն էր կարևոր, Արջասարը։ Իսկ Արջասարին պատերազմական ժամանակների նախագահ էր պետք։ Պատրույգը ուժեղ էր, բայց մայր էր, որի զավակները արդեն սահմանում կանգնած էին։ Երկար մտածելուց հետո նա վերցրեց հեռախոսը ու զանգեց եղբորը՝ Գայլին․

— Քննարկելու բան կա, արի։

Կես ժամ էլ չէր անցել, երբ Գայլ Համբաձումյանը հայտնվեց եղբոր տանը։

— Այ Արջ, արի մեր տուն, մի տեղ կապրենք, այ մարդ,— ասաց նա,— այսպես կարելի՞ է։

— Կարելի է, եղբայր, դու լսի ինչ եմ ասում, Աստված ինձ արու զավակ չտվեց, քո որդիների վրա է մեր սահմանի պաշտպանությունը, բայց ես ուզում եմ Համբարձումիդ բերել ու նշանակել տալ գյուղխորհրդի նախագահ, որովհետև առանց ամուր թիկունքի ճակատ լինել չի կարող։

— Բայց նա դեռ մի տարի ունի ծառայելու։ Այդ ինչպե՞ս ես բերելու։

— Նամակ գրենք, թող արձակուրդ խնդրի ու գա, մնացածը բարդ չի,— պատասխանեց Արջը։

— Դու, գնդապետ մարդ, իմ որդուն առաջարկում ես դասալի՞ք դառնալ։

— Եղբայր, էս խորհրդային երկիրը իր վերջին շնչում է, քո որդին էլ էս երկրի վերջին զորակոչիկն է։ Նա եթե տուն գա ու չվերադառնա, նրան հարցնող չի լինելու, հավատա ինձ։ Իսկ այստեղ նրա կարիքը կա։ Եվ հետո, մեր հիմնական ցավը սահմանն ու թշնամին չեն լինելու, այլ այն տեսակը, ռևանշիստների այն բանակը, որոնք «Համազգային» անվան տակ եկել են իշխանության։ Նայիր ովքեր են Ակուքում տնօրինում՝ բռնաբարության հոդվածով չորս տարի նստած դուրս եկած Ռազմիկ Թաթոսյանը, ամբողջ կյանքը սրան - նրան քծնած, ստորացած, գործուղումից առաջ այս կամ այն հարուստի թաշկինակ արդուկող Մադաթենց Հովիկը, միլպետ Մուրազենց տանը շաքար կոտրող Յուրիկը։ Դու նայիր միլպետն ով է։ Երեկ կոմունիստ էր, հիմա կաշին փոխած մի սրիկա շան լակոտ։ Էլ չեմ ասում դատախազ դատավորի մասին։ Մենք՝ մեր ժամանակ այս կարգի մարդկանց անգամ բարև չէինք տալիս։ Իսկ սրանք հիմա իշխանություն են, թալանով զբաղվող իշխանություն։ Ճշգրիտ սարքավորում լինի թե հաստոց, կոպեկներով վաճառվում են որպես մետաղի ջարդոն, կամ հայտնվում են Պարսկաստանում ու Պակիստանում։

Արջը վառեց ծխախոտը, խորը շունչ քաշեց ու շարունակեց։

—Սա վարակ է, որ եկել, պետություն է դարձել։ Որպեսզի այդ վարակը Արջասար չմտնի, հրամանատարը Գայլը պետք է լինի, Նախագահը՝ Համբարձումը։ Տորքն էլ մեր տոհմի գործերը կառնի իր ուսերին։ Որքան հասկանում եմ՝ Պատրույգի երազն էլ սա է ասում,— դադար տվեց, ապա շարունակեց,— միասին եթե չեղան, այդ վարակի դեմ տանուլ կտանք, սիրելի եղբայր, իսկ դու գիտես, թե ինչ քրտինքով է կառուցվել Արջասարը։ Կդատարկվի, եթե մեկ սխալ թույլ տանք։ Պատերազմ է։ Մարդկանց ձգել, ձգած պահել է պետք։ Իսկ դա կարող են անել մեր տղաները։

— Դե բեր գրենք,— ասաց Գայլը և թուղթն ու գրիչը վերցրեց ձեռքը։

Արջը սկսեց թելադրել, Գայլն էլ գլխով հավանություն տալով՝ գրել․

12․սեպտեմբերի 1989թ․

Բարև սիրելի որդի և եղբորորդի։ Մենք երկուսով ենք գրում այս նամակը, ես և հայրդ։ Դու խելացի մարդ ես, գիտես թե ինչ կա չկա աշխարհում ու մեր երկրի շուրջ։ Ավել պակաս չգրելու համար, մտածիր, թե ի՞նչ է հարկավոր, որպեսզի կարողանաս օրինական արձակուրդ գալ, ու մեզ ասա այդ մասին։ Սպասում ենք նամակիդ։

Եղբայրներ՝ Արջ Պողոսյան և Գայլ Համբարձումյան

24

Համազգային շարժման Ակունքի կազմակերպության ակտիվ անդամներ Ռազմիկ Թաթոսյանն ու Մադաթենց Հովիկը, տասնհինգ - քսան հոգուց կազմված ջոկատներ էին հավաքել, և հանուն համազգային շահի՝ բռնագրավում էին գործկոմի, շրջկոմի, հիմնարկ - ձեռնարկությունների, կոլտնտեսությունների՝ ՈւԱԶ, Վոլգա մեքենաներն ու, որպես ապագա կուսակցական կամ ռազմական շտաբի գրասենյակներ, կամ որևէ այլ պատրվակով, հասարակական նշանակության շինությունները։ Խորհրդային շրջանի կառուցած գործարանները սնանկ էին ճանաչվում ու վաճառվում մի քանի հազար ամերիկյան դոլարի դիմաց։

Երկրում՝ շունը տիրոջը չէր ճանաչում։ Հասարակ մարդիկ՝ փոխանակ ազգային ազատագրական պայքարի հերոսական էջերով ոգևորված լինելու, վախեցած էին ու իրենք իրենց հոգու խորքերում՝ թաքնված։ Կարեն անունով մի՝ այսպես կոչված, ազատամարտիկ, Ակունք ավանի փողոցում ծեծի էր ենթարկել գյուղից եկած մի ծերունու լոկ այն պատճառով, որ հանդգնել էր նրանց մեքենայի առջևով փողոցն անցնել։ Այս ազատամարտիկ կոչեցյալները, պետության ու համազգային շարժման անունով բռնագրավել էին անգամ շտապ օգնության մեքենաները։ Այնպիսի տպավորություն էր, որ կոմունիստների իշխանության յոթանասուն տարիների ընթացում որևէ բանի չհասածները ազգային դրոշի շահարկմամբ, հասարակությունից իրենց անձնական վրեժն էին լուծում։

Եւ ահա, ինչպես կանխատեսում էր գնդապետ Պողոսյանը, ռևանշիստները համատեղ երկու ջոկատով մտան Արջասար ու, առանց քննարկումների՝ կոպիտ, աններողություն, տարան գյուղխորհրդի նախագահի ծառայողական մեքենան ու նաև կոլտնտեսության ԳԱԶ 66 մակնիշի՝ լեռնային պայմաններում անփոխարինելի ամենագնաց բեռնատարը։ Նախագահ Հովհաննիսյանը տղամարդկանց հավաքեց ու խնդրեց պատասխան չտալ, մինչև որ հրամանատարը որոշում չկայացնի։ Հրամանատարն էլ հեռագիր էր ստացել Համբարձում Հովհաննիսյանից, որ գալիս է, և կլինի երկու օրից․

— Երկու օր կսպասենք, հետո տղաները որոշում կկայացնեն, հանգիստ եղիր,— ասաց նա Աշոտին։

Կարծես չարն ու բարին կատաղի ընդհարվել էին իրար։ Հասարակությունը, վախից ոզնիացած, վրեժխնդրության ու արդարադատության կարիք ուներ, որովհետև հոգնել էր ազգային գաղափարների շահարկումով իշխանության եկած խառնիճաղանչից։ Քսանիննը գյուղ, շրջկենտրոնի հետ մեկտեղ սպասում էին դեպքերի զարգացմանը, երազելով տեսնել Սանասարի տոհմի հաղթանակը իշխանության եկած քաղաքական թափթփուկների նկատմամբ։

25

Համբարձումի վերադարձն ու եղբայրների ձիերին հեծելը մեկ եղավ։ Տասնյոթ ձիավոր կանգնեցին նրանց կողքին՝ բոլորն էլ զինված կարաբիններով, երբ Թաթոսյանի ու Հովոյի ջոկատներում հիմնականում տասնվեց միլիմետրանոց որսորդական երկփող հրացաններ էին։

Դրանցից յուրաքանչյուրի դիմաց արջասարցիները, 1957-58 թվականներին, նախագահ Գայլի գաղտնի հրամանով, երկու, երբեմն երեք կով էին տվել Ադրբեջանի Շամխորի շրջանի միլպետին, 25-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի զենքի պահեստներից, յուղը վրան՝ 50 հատ Սիմոնովի ինքնալիցքավորվող կարաբին հանելու համար։

Պատրույգն ու Աշոտը դուրս եկան փողոց ու անձամբ Ակունք ճանապարհեցին նրանց, նախօրոք տալով իրենց ծնողական համաձայնությունը․

— Եթե օձին բնում չխեղդես, վաղ թե ուշ մահացու կծելու է, — ասաց Աշոտը,— գնացեք, զարկեք դրանց, ինչքան էլ խորը թաքնված լինեն իրենց հորերում։ Ցույց տվեք Արջասարի տեղը։

Ակունք շրջկենտրոնը վերջին ձիավորին տեսել էր 1971-ին։ Հայտնի հովիվ, սոցիալիստական աշխատանքի հերոս Մակարի Ցագանն էր, որ սարում ծնված թոռանը հասցրել էր շրջկենտրոնի հիվանդանոց։ Հիմա, գրեթե երկու տասնամյակ անց, երկու տասնյակ ձիավոր մտան շրջկենտրոն, բաժանվեցին երկու մասի, հարձակվեցին երկու ջոկատների շտաբների վրա, գերեվարեցին Թաթոսյանին ու Հովոյին, ետ վերադարձրին իրենց ու հիվանդանոցի մեքենաները։ Այս երկու ազգային կոչվող գործիչներին բերցին Խնձորագետի ափից քիչ հեռու՝ կաշվեբաճկոնավորների դատաստանի տեղը, մեքենաներից դուրս հանեցին ու գցեցին հատակին։

— Արձակեք սրանց ձեռքերը, տղերք,— ասաց Գայլը։

Երկու երիտասարդ կատարեցին նրա հրամանը։

— Դուք գիտե՞ք սա ինչ տեղ է։

Լռությունն էր։

— Էս ծառի տակ Ձեր նման ստահակների, արդեն մի անգամ, մեր պապերը սատկացրել են։ Չե՞ք լսել կարմիր ռայկոմականի մասին պատմությունը։

— Ես լսել եմ,— դողացնելով ասաց Հովոն։ Մադաթենց Շամիրն ինձ պապի եղբայր է գալիս։

— Դե լսիր այ շան լակոտ, մի անգամ էլ որևէ անմեղ մարդու քթից արյուն եթե եկավ, եկուսիդ էլ շանսատակ եմ անելու, հենց այս տեղում։ Քո պապի դիակը տարել են Աղսու։ Քեզ էլ կտանեն,— ապա շրջվեց դեպի իր զինվորները․

— Հանեք սրանց վերևի շորերը ու կոշիկները։ Թող ոտաբոբիկ գնան տուն։

Այդպես էլ արեցին։ Հիմա Ակունքում այս երկուսին ոչ ոք չի էլ հիշում, բացառությամբ այն բանի, որ եթե պատմության մեջ անուններն ասելիս՝ տեղը չեն բերում, պատմողն ասում է․

— Այ մարդ, դե՝ Ոտաբոբիկ Հովոյի մասին է խոսքը։

Շարունակելի

Դավիթ Վանյան

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Վտանգավոր գոտում լքված՝ սուրբ Խորանաշատ վանքը»։