Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը ներկայացնում է քաղաքագետ Դավիթ Վանյանի նոր վիպակը, որը կոչվում է «Արջասար»։ Ավելի վաղ ներկայացրել էինք վիպակի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերը:
«Սևադայի հրամանատարությամբ՝ Ազարյան երեք եղբայրները, ովքեր՝ Արջասար էին տեղափոխվել Հայոց Գարդմանա աշխարհի Փիբ գյուղից, հետախուզական խմբի առաջին մարտիկները դարձան և իրենց հետ վերցրին մատաղ սերնդի ևս երեք հայրենակցի։ Շահումյանի շրջանը, Արծվաշենը, Ազատը, Կամոն, իրենց հայրենի գյուղը հանձնված էին թշնամուն և նրանց ինքնասիրությունն էլ խստագույնս վիրավորված էր։ Գնդապետ Համբարձումյանը նրանց զենքի գործածության առաջին անհրաժեշտության դասեր տվեց, դասախոսություններ կարդաց դիվերսիոն աշխատանքների, կամուրջների, երկաթուղային ռելսերի, բարձր լարման էլեկտրասյուների ու լարերի, հեռագրասյուների հետ աշխատելու, շարքից հանելու վերաբերյալ, քարտեզագրություն պարապեց նրանց հետ ու տեղանքում կողմնորոշվելու հիմունքներին ծանոթացրեց, ժայռամագլցման ու ալպինիզմի, բնության մեջ անտեսանելի դառնալու, ապա՝ կեղծ փաստաթղթերից օգտվելու շատ կարևոր ունակություններ փոխանցեց, ստուգեց ավագ եղբայրների՝ Սևադայի, Հրահատի ու Հակոբի ադրբեջաներենի սահուն և բոլորի՝ ռուսերենի բավարար իմացությունը, զինեց ինքնաձիգերով, նռնակներով, գիշերային տեսողության սարքերով և հրամայեց թշնամու հրամանատարական կազմից լեզու բերել, նրանց կուտակումների նպատակն ու պլանները ճշտելու համար։
Խումբը մեծ պատասխանատվությամբ մոտեցավ մարտական առաջադրանքին։ Սևադայի հոգեկան ապրումներն ու վրեժխնդիր լինելու զգացումը արտահայտվում էին նրա լռակյացությամբ։ Իր հայրենի գյուղը, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Փեփրոնյա եկեղեցիները գերեվարված էին, բնակիչներն էլ ցաքուցրիվ էին եղել Հայաստանի տարբեր տեղերում։ Նախագահի օգնությամբ նրանց հաջողվել էր ընտաիքի մյուս անդամներին հավաքել Արջասարում, բայց հոգին հատուցում էր պահանջում, վրեժխնդրություն՝ որի մի կաթիլն արժեր արժանապատվության մի ողջ զգացում։
Արջասարը նրա համար և հայրենիք էր, և ոչ, որովհետև սիրտը՝ մերթ Զագլիկի երկնքում էր, մերթ Փիփ և Շամխոր գետերի հատման տեղում գտնվող ձորալանջին, որտեղ հին բնակատեղին էր, մերթ հայրական իրենց երկհարկանի շքեղ տանը, իր ննջասենյակի սագափետուր բարձին։
Հանձնարարության դուրս գալուց երկու օր առաջ, նա խմբի բոլոր անդամներին իր տուն հրավիրեց, սեղան գցեց, խաղողի վազի վրա իր ձեռքով գառան խորոված արեց ու խաշլաման դրեց կրակին։ Առաջին բաժակը երբ լցրին, Սևադայի Մեծ Մայրը՝ իննսունն անց Հայկանուշ մայրիկը՝ Բարսամյան տոհմից, մոտեցավ, իր տաշովի բաժակը դրեց սեղանի ծայրին ու թե․
— Սևադա ջան, մի լցրու, տղա ջան։
Սևադան քրտնած օղու շշի պարունակությունը լցրեց մայրիկի ապա իր զինվորների բաժակների մեջ, ու բոլորը միասին ոտքի ելան։
— Բալենի ջան, Դուք գնալու եք հարամու հողը: Ձեր հրամանատարի հրամանը չկատարած չգաք։ Ես ինչ ծնվել եմ, թշնամին շատացել է ու մեր հողը գրավել։ Ես Ձեզ մատաղ, սուրբ կռիվ եք գնում։ Ձեզ բարձր կպահեք, որ Հայի Աստվածն էլ տեսնի, սիրտը հանգստանա։
Լռություն տիրեց։ Հարկավոր էր խոսել, բայց Սևադայի կոկորդը լցվել էր արցունքով։
—Դեհ,—ասաց նա,—Ձեզ տեսնեմ, արծիվներ ջան։
Հետախույզների խումբը «Արծիվներ» էլ կոչվեց։
27
Ենթակաները նրանից որոշում էին սպասում։ Արդեն վեց օր էր, ինչ դուրս էին եկել Արջասարից և երեք օր հետևել էին թշնամու բանակի մի ենթադրյալ սպայի, ում շարժուձևում ու հագուկապի մեջ զգացվում էր նրա բարձաստիճան լինելը։ Վերջին երեք օրվա նրա տուն դառնալու ժամն էին ճշտել, երկու թիկնապահների սովորությունները, ադրբեջանական Ալի Բեյլի գյուղի անցուդարձը։
Ամառային տոթ օր էր, և կեսգիշերին նրանք շարժվեցին տան ուղղությամբ։ Երիտասարդները երեսուն մետր շառավղով դիրքավորվեցին մուտքի ուղղությամբ, Հրահատն ու Հակոբը մոտեցան պատուհանին ու ծնկի եկան։ Տան տերը, շոգի պատճառով, պատուհանները բաց էր թողել։ Սևադան բարձրացավ եղբայրների ուսերին, ու զգուշաբար տուն մտավ, ապա օգնեց, ու Հրահատը ևս սողոսկեց ներս։ Տաս րոպե անց լեզուն, նրա սպայական կաշվե պայուսակն ու "Մակարով" տիպի ատրճանակը նրանց ձեռքերում, թիկնապահները՝ դանակահարվված, սպայի ծնողները կապված ու փակված էին սենյակներից մեկում։ Երկու ժամ սողեսող շարժվելուց հետո խումբը հասավ պայմանավորված տեղին, որտեղ Տորքը համբերությամբ սպասում էր՝ իր խմբով։
Ռազմական այս օպերացիան մեծ հույս և ուժ ներշնչեց Արջասարին։ Մարդիկ հասկացան, որ իրենց պաշտպանությունը հուսալի ձեռքերում է, իսկ գերեվարվածը՝ Հուսեին Ռզա Զադեն էր, Բաքվից շրջան գործուղված զինվորական դատախազ, որը ծնունդով Ալի Բեյլի գյուղից էր, և գիշերները կանգ էր առնում իր հայրական տանը։ Նրա տեղեկությունները ավելի կարևոր էին մայրաքաղաքի համար, ուստի, մի քանի օր անց, Երևանից՝ ազգային անվտանգության աշխատակիցները հայտնվեցին Արջասարում ու տարան նրան, իսկ մինչ այդ Գայլը նրանից կորզեց այն տեղեկությունը, որ թշնամին պատրաստվում է գրավել "Հովվասար" բարձունքը։ Այն շատ կարևոր էր և միանգամից երեք ճանապարհ էր հսկում և ջրամբարը։ Այնտեղ Գայլը ընդամենը վեց զինվոր ուներ, Երկու ականանետ և մեծ տրամաչափի մեկ գնդացիր։ Հարկավոր էր համալրել շարքերը, և ընդհանրապես ամրացնել դիրքերը։
Արցախյան ճակատը շատ կարևոր էր Հայաստանի համար, իսկ հյուսիս արևելյան ուղղության վրա միշտ մարդկային ուժի կարիք կար։ Արջ Պողոսյանի որոշումներով առաջնորդված, Տորքը զբաղվեց դիրքերի մատույցների ականապատումով։ Համբարձումը մեկնեց Ակունք՝ համալրում ապահովելու։ Գայլին հաջողվեց հետևակի զրահամեքենա ապահովել, անհրաժեշտության դեպքում՝ թիկունքից ուժեր տեղափոխելու համար, ինչը նրան սիրով տվեցին հարևան Հայկաշենի դիրքերի ընկերները։ Զինվորների քանակը արդեն մոտենում էր հիսունի։ Առջևում Արջասարի ամենակարևոր մարտն էր լինելու։
Շարունակելի»: