Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ը ներկայացնում է քաղաքագետ Դավիթ Վանյանի նոր վիպակը, որը կոչվում է «Արջասար»։ Ավելի վաղ ներկայացրել էինք վիպակի առաջին, երկրորդ և երրորդ մասերը:
«Հիմնադիր եղբայրներն արդեն ծեր էին։ Ամեն օր կեսօրին դուրս էին գալիս գյուղի Խաչքարի հրապարակ, ձեռնափայտերը առաջնորդող գավազանի պես ամուր պահած բռունցքներում, նստում էին հաստաբուն կաղնու տակ դրված նստարանին, գրպաններից հանում տերողորմյա - համրիչները չխկացնում, հաշվում թե աղոթում էին, մի խոսքով՝ կարգավորում էին ժամանակը։ Յուրաքանչյուր գյուղացի, յուրաքանչյուր փոքրիկ ու մեծ, մոտենում էին, բարևում, ասես նրանց օրհնանքը ստանում ու անցնում։ Մակիչը, որ Ավագն էր, պատասխանում էր նրանց բարեմաղթանքներին, փոքրիկներին՝ գրպանից կոնֆետ տալիս, երբեմն էլ նայում էր եղբայրների կողմը, երբ հիվանդ էր լինում, նրանք էին պատասխանում։
Մի օր մի մարդ եկավ, լայնաթիկունք ու մեծ։ Նույն 1968 թվականն էր, ակումբի շինարարության տարին։ Օրը մի անգամ Ակունքից ավտոբուս էր գալիս։ Էս մարդը ավտոբուսից իջավ ու քայլեց դեպի ծերունիների նստատեղին։ Երբ մոտեցավ, խոնարհվեց ծերունիներին ու ոչինչ չասեց։ Լուռ նայում էր նրանց դեմքերին, ու ժպտում էր, անբացատրելի գեղեցկության ժպտում։ Մակիչը նայեց ուղիղ աչքերի մեջ, ապա կարծես նրա հայացքի միջով իր մեկ դար ապրած կյանքի ժապավենը տեսավ, ապա ասաց․
— Համբարձում, դու փոքր ես չես հիշի, Եղիա, մի վերև մտիկ տուր, էս մարդու դեմքին նայիր, էս մեր ողորմած Սանասար պապի տեսիլքն է, թե ի՞նքն է։
Եղիան գլուխը բարձրացրեց ու զարմացած հարցրեց․
— Ո՞վ ես, իրական ե՞ս, թե՞ տեսիլք;
Մարդը անհասկանալի մի քանի բան ասեց, ապա տեսավ որ իր լեզուն հասկանալի չէ, թուրքերենի անցավ ու ասեց․
— Աբումուսլիմով Ռահիմն եմ, Դերբենդից եմ եկել, բարուրի մեջ ինձ գողացել են, ես էս գյուղից եմ, հայրս, Մուսլիմը մեռնելուց առաջ պատմեց ու մեղքից ազատված Ալլահի մոտ գնաց։
Եղիայի ծնկները դողացին։ Իր կորած որդին էր։ Իր Արմենակ որդուն հիշեց, որ ետ չեկավ պատերազմից, էն օրը հիշեց, ոնց երեք եղբայրներ Դերբենտ հասան, բարուր բերեցին, հետո իմացան, որ իրենցը չի։ Եղբայրները, որ թուրքերեն լավ էին հասկանում, գավազաններից բռնեցին ու վեր կացան տեղից։ Եղիան գրկեց իր որդուն, կրծքին սեղմեց ու թուրքերենով ասաց․
— Դու իմ տղան ես, ես քո հայրն եմ, Մակունց Եղիան, գնանք մորդ տես, որ մեռնելու իրավունք ունենա։
Արուսը էն տեսավ, որ չորս մարդ են մոտ գալիս։ Արուսի սիրտը ճմլվեց, ասեց՝ Արմենակս է, իմ Արմենակը, իմ գողացված Արմենակը։ Ասեց ու ուշքից գնաց, վեր ընկավ իր տան բակում։ Պատրույգին կանչեցին, եկավ, սպիրտ մոտեցրեց, Արուս տատին վեր կացրեց։ Արուսը գրկեց իր որդուն ու անընդհատ մի բան էր ասում․
— Դու Ռահիմը չես, դու իմ Արմենակն ես, Սանասար պապի ծոռ Արմենակը, նրա պատկերով քաշած Արմենակն ես, դու իմ Արմենակն ես։
Ռահիմ Աբումուսլիմովը ծանոթացավ բոլորի հետ, աչքերի արտահայտությունիից զգացվեց, որ շատ սիրեց իր եղբայր Արտեմին ու ծնողներին, հորեղբայրներին ու բարեկամներին, մնաց երեք օր ու գնաց իր ճակատի գիրը կատարելու, իր դաղստանյան ընտանիքին տեր լինելու։
17
Գյուղի դպրոցի բացումն էր, սեպտեմբերի մեկը։ Երևանից կարդացած տնօրեն էին ուղարկել, ակնոցավոր, երիտասարդ Աշոտ Հովհաննիսյանին, ով իր երեսուն տարիների համար բավական փորձառու մանկավարժ էր, հիմա առաջին անգամ պիտի տնօրինություն աներ։ Դպրոցի առջև հավաքվել էին բալիկներն ու ծնողները։ Տասնութ առաջին դասարանցի իրենց այգիներից քաղած վարդի փնջերով շարք էին կանգնել։ Ուսուցիչներն էլ շարվել էին նանց դիմաց ու սպասում էին, որ տնօրենը բացման խոսք ասի։
— Սիրելի Արջասարցիներ, սիրելի աշակերտներ և ծնողներ,— չէր հասցրել մտքերը զարգացնի Հովհաննիսյանը, կարմիր ձիուն հեծած հայտնվեց նախագահ Պատրույգ Համբարձումյանը, թռավ, իջավ ձիուց, ու եկավ կանգնեց ուսուցիչների արանքում։ Աշոտի լեզուն կապ ընկավ։ Նրա երևակայության մեջ ապրող երկնային դիցուհիներից մեկն էր եկել իր դպրոցի բացմանը։ Սկզբից լռություն տիրեց, հետո մարդիկ նրա տեսքից սկսեցին ծիծաղել; Իրավիճակը փրկեց Պատրույգը, ով առաջ եկավ ու Աշոտի փոխարեն բացման խոսք ասեց, ապա Հովհաննիսյանը իրեն հավաքեց ու ասաց․
— Ընկեր նախագահ, ես Ձեր մասին լսել էի, չէի տեսել։ ԻՆձ համար մեծ պատիվ է Ձեր դպրոցում աշխատելը։
Այդ մեծ պատիվը վեր ածվեց մեծ սիրո, ու վերջապես, մի օր, Աշոտ Հովհաննիսյանը բաց թողած պատուհանով մտավ Պատրույգի երկրորդ հարկի ննջասենյակ ու մնաց։ Բոլորին սիրելի Պատրույգ Համբարձումյանը ամուսնացավ։ Առջևում «Զարգացած սոցիալիզմի» տարիներն էին ու Արջասարի անհողդողդ հանգստությունը։
Իսկ երկու տարի անց Արջասարի մշակույթի տան բացումն էր։ Կարևոր մարդիկ էին եկել, հավաքվել։ Խորհրդային պետությունը աշխարհից կտրված լեռների փեշերին թառած գյուղում ակումբ էր շինել, բացում էր անում։ Էլ շրջկոմի քարտուղուղար ու հրահանգիչ, էլ մշկույթի բաժնի վարիչներ ու փողկապավոր տարբեր գործիչներ։ Երևանից բանաստեղծ էր եկել, առաջին շարքում նստել, ծնկի ծերին էլ մի քանի գիրք դրել։ Մոսկվայից եկել էր գեներալ Արջ Պողոսյանի դուստրը, նյարդաբան Անուշ Պողոսյանը, ով իր աչքերի խորիմաստությամբ մատնում էր, որ ծագումով Արջասարից է, իսկ գեղեցկությամբ չէր զիջում քրոջը՝ Պատրույգին։ Առաջին պատվավոր շարքում նստել էին հիմնադիր եղբայրները՝ Մակիչը, Եղին, ու Համբարձումը։ Դահլիճում էին Գայլն ու Արտեմը՝ իրենց կանանցով։ Մայրաքաղաքից եկած երգիչների մեջ էր նաև պատերազմից չվերադարձած Արմենակի թոռ՝ Սերոբը, ով առաջինը պիտի երգեր Արջասարի բեմից։
Բեմին դրված ամբիոնին մոտեցավ դպրոցի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը․
—Սիրելի ընկերներ,— ասաց նա,— եկեք հիշենք Հովհաննես Թումանյանի Թմկաբերդի առումը պոեմը, որտեղ մեծ բանաստեղծը այսպիսի տողեր ունի․
Ուր ահեղ կռվով չի մտնիլ արքան,
Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ,
Եվ ահա մի օր ծեր թափառական,
Մի աղքատ աշուղ մտավ Թմկաբերդ։
— Այսօրվանից, սիրելի ընկերներ, օտար սազանդարները Արջասարում անելիք չունեն, որովհետև այստեղ հնչելու է մեր երգը, մեր հազարամյա դուդուկի ձայնը, մեր Թումանյանն ու Իսահակյանը, մեր ազգային պարը։ Այսօրվանից մենք հզոր ենք և անխոցելի մշակութային ինտերվենցիայի դեմ։
Այսքանը։
Արջասարը կամաց-կամաց դառնում էր խորհրդային ու կոմունիստական։ Հետո հյուրերը խոսեցին, բայց նրանց ասածից ոչինչ չի հիշվում, իսկ մշակութային ինտերվենցիայի վերաբերյալ Աշոտի սկզբնաճառը հիշում են բոլորը։ Ակումբի ճակատին սպիտակով կարմիրի վրա գրեցին՝ Ուժեղ մշակույթ, անհաղթ ժողովուրդ։ Սերոբին տնօրեն նշանակեցին ու թևակոխեցին «Զարգացած սոցիալիզմի» դարաշրջան։
18
1971-ի վերջին ծնվեցին Աշոտի և Պատրույգի զույգ տղաները։ Փոխադարձ համաձայնությամբ առաջնեկին տվեցին հոր՝ Հովհաննիսյան, իսկ տաս րոպե ուշ աշխարհ եկած երկրորդ արու զավակին՝ մոր, Համբարձումյան ազգանունները, համապատասխանաբար՝ Տորք և Գայլ անուններով։ Այդ օրը մեծ քեֆ արեցին, սակայն սա վերջին ծնունդն էր, որին ներկա էին գրեթե հեքիաթային հիմնադիրները։ Առաջինը կյանքից հեռացավ Մակիչը՝ այգում, ծառի տակ նստած մնաց, շուրթերին, իրենից մեկ ամիս առաջ հեռացած կնոջ՝ Նարգիզի անունը։ Եղին ու Համբարձումը էն աշխարհ գնացին իրար ետևից, մեկ տարի անց։ Այդ տարի էր, որ գյուղում, մարդկանց տներում հեռախոսներ հայտնվեցին, որոնցով միանում էին արտաքին աշխարհին Արմենակ Եղիազարյանի դուստր, Վասիլ Դարբինյանի հարս՝ կոմուտատորի Վարսիկի միջոցով։ Վասիլն ու Արմենակը միասին էին զոհվել։ Նրանց զավակներն էլ իրենց ճակատագրերը մեկտեղել էին ամուսնությամբ, ու հիմա երեք զավակի տեր Վասիլի տղա Արշոն ու Վարսիկը գյուղում մեծ հարգանք վայելող ընտանիք էին դարձել։
Համբարձումի մահվան օրը գնչուների թափառախումբ մտավ գյուղ։ Նրանց առաջնորդը մի ծեր գնչու էր, Դրագոմիր Ալմազովը, դեռևս պատերազմից առաջ, ինչ որ կախարդական ձևով Կարպատներից Հայաստանում հայտնված բնության որդի։ Ասում էին, որ հունգարական զինվորները վերացրել էին նրա ընտանիքը՝ հինգ զավակների հետ։ Այսպիսի թափառախմբերը գնալով պակասում էին, և սա վերջիններից էր։ Պատկառելի ծերունին անձամբ ներկայացավ Պատրույգ Համբարձումյանին, ցավակցեց նրան՝ նրա պապիկի մահվան կապակցությամբ, ապա հետևյալը ասաց․
— Ես քո պապիկների ընկերն եմ, նրանիցից փոքր ինչ փոքր։ Ես եմ նրանց Դաղստան տարել՝ բարուրում գողացված Արմենակին ետ բերելու։ Ես եմ Ռահիմին Ձեր տան ճամփան ցույց տվել, երբ իմացել եմ նրա ով լինելը։ Ծեր եմ արդեն։ Այստեղ կանգ առնելու ժամանակ չունեմ։ Ուզում եմ անցնել Կովկասը, գնալ հայրենի կողմերի վրա, այնտեղ մեռնել։ Ժամանակս քիչ է, թե չէ կսպասեի մի տարի ևս։ Մահվան հոտը արդեն մի ամիս է առնում եմ։ Մենք մեր ընտանիքում մի ծծկեր մանչ ունենք, յոթ օրական։ Մայրը մահացավ երկու օր առաջ։ Ծանր ծնունդ էր։ Առանց մայրական կաթի չի դիմանա։ Տեսնում եմ, կրծքով կերակրում ես, աղջիկս։ Մեր տղային քո բալիկներին կաթնեղբայր արա։ Աստված մեծ է, դու էլ, տեսնում եմ, պահապան աստղ ունես գլխավերևիդ։ Դու դեռ եկեղեցի ես այստեղ կանգնեցնելու,— այս ասելով նա ցույց տվեց Վանական Տավուշեցու խաչքարի ուղղությունը,— դա գրված է քո ճակատին։
Դրագոմիրը սպասում էր պատասխանի․
— Ես նրան ինչպե՞ս պիտի դաստիարակեմ, որպես հայ ու եղբայր իմ զավակների՞ն, թե՞ մի օր ետ եք գալու նրա ետևից։
— Դաստիարակիր որպես Հայ։ Ավելի լավ ժողովուրդ չեմ տեսել աշխարհի վրա։ Հիսուն տարի է, չափում եմ Կովկասն ու Անդրկովկասը, մի հայ ինձ չոռ չի ասել։ Բայց իմացիր, առաջնորդի տոհմից է նա։ Աստված ինձ այս տարիքիս վերջապես հայր լինելու պատվին արժանացրեց։ Սակայն իմ ձիերը արդեն սլացել են։
Այս ասելով նա շրջվեց դեպի ձիակառքը, մի փոքրիկ բարուր հանեց, հանձնեց Պատրույգին, մի փաթաված թաշկինակ տվեց, համբուրեց նրա ճակատը, շրջվեց դեպի մարդկանց բազմությունը, ձեռքը դրեց կրծքին, խոնարհվեց ու անհետացավ։ Պատրույգը բացեց բարուրը, ժպտաց ու առանց վարանելու, գյուղացիների աչքի առջև սկսեց կերակրել սոված փոքրիկին։
Համբարձում Համբարձումյանի մահվան օրը գյուղում մի նոր Համբարձում հայտնվեց, գնչուական առաջնորդի արյունով։
19
Արջասարը մեծանում էր։ Գոմերում կառուցված անանսնապահական ֆերման կաթի ու մսի արտադրության հնգամյակային լավագույն ցուցանիշներն էր տալիս հանրապետությունում, իսկ կթվորուհիները ամեն տարի ներկայացվում էին պարգևատրման: Արջասարցիները պտղատու այգիներ էին գցել Խնձորագետի ցածրադիր հովտում, ու երազում էին պահածոների փոքրիկ գործարանի մասին։ Անտառում այնքան բարիք կար, որ միայն հավաքել էր պետք։ Նախագահ Պատրույգ Համբարձումյանը ներկայացվել էր ՍՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավորության թեկնածության, և ինչպես կարգն էր սովետական երկրում, արդեն համարվում էր ընտրված։
Գիտատեխնիկական առաջընթացը սև-սպիտակ հեռուստացույցների ձևով արդեն ներխուժել էր Արջասար, իսկ հեռախոսային կապն ու Վարսիկի կոմուտատորը ամրապնդեց այդ առաջընթացը։
Պատրույգի և Աշոտի ընտանիքում սեր էր ու ծնողական պարտականությունների շարան։ Նրանք երեք արու զավակ էին մեծացնում, ու միաժամանակ չէին մոռանում իրենց նախագահական և մանկավարժական պարտականությունների մասին։ Սոնան ուներ, չուներ, մի Պատրույգ ուներ աշխարհի տակ, ամեն ինչով օգնում էր նրա ընտանիքին։ Իսկ Պատրույգը որոշել էր համաձայնություն տալ ու պատգամավոր դառնալ, գնալ Մոսկվա, զբաղվել մեծ գործերով։ Բայց երազ տեսավ։ Երազում տատիկն էր, Արեգնազը, վարսերը ճերմակ, ինքը Խնձորագետի դիմացի ափին մի քար կա՝ նստած վրան, խոսում էր իր հետ հեռվից, բայց ջերմ․
— Դու քո նախագահի աշխատանքներից հրաժարվիր, տուր ամուսնուդ, որովհետև պինդ է և իմաստուն։ Շրջազգեստ հագիր ու գյուղին մայրություն արա։ Եթե չէ, ավազի պես կմանրանա, կմաղվի Արջասարը, որովհետև առջևում բարդ ժամանակներ են։ Վաղը մատաղ կանես, աքլոր կմորթես, յոթ տեղ կբաժանես, սակայն Գայլին ոտքերը կտաս, որ ուժեղ լինի, եթե հարկ լինի, գնա երկրի պաշտպանությանը։ Տորքին սիրտը կտաս, որ Համբարձումի տունը ամուր լինի, իսկ գնչու Համբարձումին թևերը տուր, ու իր պատմությունը պատմիր, ու մատաղի արյունով խաչ արա ճակատին, որ հոգին ճախրել սովորի, իրերին վերևից նայել, առանց զգացմունք որոշում կայացնել։ Երբ տասնվեցը բոլորի Խաչքարի խնամքը տուր իրեն, ու իմացիր, որ քեզ հետ, քո կողքին է լինելու, անգամ եկեղեցու շինարարությանը։ Բայց նա հեռանալ կուզենա։ Բաց թող։ Կգնա ու քո տված կաթի ուժով ետ կգա ու Արջասարին սյուն կդառնա։
Հիշիր, աղջիկ ջան, գտնովի բարուրը ճակատագրի փոփոխության հնարավորություն է գտնողների համար։ Այդպես ինձ իմ ծնողներն են գտել, և այդպես քեզ բաժին է ընկել Դրագոմիրի ձագը։ Տեր կանգնիր բոլորին, դու կարող ես։
Պատրույգը վեր կացավ, ուսերին բրդյա մի շալ գցեց, մի թուղթ հանեց դարակից ու գրեց այն ամենը,ինչ հերթականությամբ հիշում էր։ Ապա հանեց երկրորդ թուղթը, և աշխատանքից հեռանալու դիմում գրեց։ Երրորդը՝ նամակ էր շրջկոմի քարտուղարին, որտեղ ծնողական պարտականություններով պայմանավորելով իր դիմումը, առաջարկեց ամուսնու թեկնածությունը։ Այդպես էլ եղավ։ Հարգելով նրա հեղինակությունը, լավ ճանաչելով ամուսնուն, վայելելով Արջասարցիների աջակցությունը, Աշոտ Հովհաննիսյանին նշանակեցին Արջասարի գյուղական խորհրդի նախագահ։
Համբարձումը գյուղից հեռացավ 1986-ին և վերադարձավ ու զորակոչվեց բանակ 1988-ին, երբ ավագ եղբայրները արդեն մեկ տարի ծառայում էին Խորհրդային բանակում։ Առջևում Արցախյան Ազատամարտն էր ու միջակության դիկտատուրան։
20
Ավագ սերնդից Արուսն էր մնացել որպես գյուղի պահապան մեծ մայր։ Ապրում էր հին տան մեջ։ Արտեմը բակում նորն էր կառուցել, ու մայրն էլ իրենց հետ էր ապրում, սակայն ծոռներից մեկը միջանցքի պատին մի կիսամերկ դերասանուհու լուսանկարով օրացույց էր փակցրել, ու Արուս մայրիկը կողքով անցնել չէր կարողանում, ոչ էլ լեզուն պտտվում էր՝ տղային բացատրել։ Տարիներն անցնում էին, լուսանկարները ու տարեթվերը փոխվում, սակայն ոչ բովանդակությունն էր փոխվում, ոչ էլ Արուսը վերադարձավ տղայի տուն։ Ու այդպես ոչ ոք էլ չհասկացավ, թե ինչու ծեր կինը հրաժարվեց որդու տանը ապրել։ Իսկ Արտեմը ամոթից կարմրում էր, երբ գյուղացիները պատահած հարցնում էին, թե ինչու մայրը տանից դուրս եկավ։
Արթնանում էր աքլորականչի հետ, հագնվում, բացում պահարանը, իր ձեռքով քաշած թթի օղուց մի տաշովի 150 գրամանոց բաժակ լցնում էր կիսով չափ, նայում երկնքին, հիշում իր Արմենակին, լեզգիստանից հայտնված իր Ռահիմ որդուն, որը երբեմն երազ էր թվում, ապա իր տան սյուն հանդիսացող անոտք Արտեմին, ու անձայն դիմում էր Աստծուն, խնդրում էր Արմենակի չապրածը թոռների թոռներին բաշխի, ու խմում էր այդ մի բաժակը։ Սա Արուս տատի աղոթքն էր ու երկարակեցության գաղտնիքը։ Ըստ տեգորորդի՝ Արջ Պողոսյանի, արխիվներում հայտնաբերած եկեղեցական մատյանի գրառումի, նա ծնվել էր 1888-ին, Ելիզավետպոլում, կամ հայկական Ուտիքի Գանձակ քաղաքում, Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա՝ Տեր Համազասպ Մարգարյանի ընտանիքում։ Հարյուր տարեկան էր նա։ Դուրս էր գալիս, նստում էր թթենու տակ ու աչքը ուղղում դարպասներին։ Ամեն ներս մտնողի հենց տեսնում էր, ասում էր․
— Արտե՜մ, Արմենակն է՞։
— Չէ՜, Մայրիկ,— պատասխանում էր Արտեմը։
— Ռահիմն է՞։
— Չէ՜ Մայրիկ, մեր Նոքարենց Արտաշի թոռն է։
Ու դադարում էր հարց տալ մեկ դար ապրած Արուս մայրիկը։ Ավագ ծոռները երբեմն իբրև թե կատակ էին անում, գալիս էին գրկում ծեր կնոջը ու ներկայանում որպես Ռահիմ, կամ Արմենակ, հետո սիրում էին ու ծիծաղում վրան։ Միայն Աստված գիտեր, որ Արուսը հասկանում է ամեն ինչ, բայց այդ խաղը, երբ իր ծոռ-տղաներին հերթով գրկում էր, իրեն դուր էր գալիս։
Արտեմը կանխազգաց մոր մահը, Պատրույգն էլ երազ էր տեսել։ Նա նախագահ Հովհաննիսյանին խնդրեց, ռուսերենով մի նամակ գրել Ռահիմին, թե սիրտս վատ բան է զգում, արի մայրիկին հրաժեշտ տուր, ու նաև, հարյուրամյակ է՝ կնշենք։ Մոսկվայից Արջ Պողոսյանը եկավ ընտանիքով։ Ռահիմը եկավ ավագ թոռների հետ, նրանցից մեկի մեքենայով։ Ամբողջ Արջասարը հավաքվել էր նրա հարյուրամյակին։ Իր հարյուրամյակի օրը Արուս մայրիկը Աստծուն շնորհակալություն ասաց ու հրաժեշտ տվեց էս աշխարհին իր տղաների ձեռքերի վրա։ Այդ օրը Արջասարի բնակիչները մի դարաշրջան դրեցին հողի մեջ։ Այդ օրը Ռահիմը երբ տեսավ օրացույցը, հասկացավ մայրիկի տանից դուրս գալու պատճառը ու ասաց Արտեմին։ Արտեմը շատ հուզվեց, որ ժամանակները սկսել էին արժեզրկվել, իսկ ինքը նրբազգաց չէր եղել ու պոկեց պատից՝ անմեղ թվացող օրացույցը։ Արժեզրկումն ամենուր էր։ Հետագա երեսուն տարիներին որքան շատ էին հերոսներն ու նահատակները, այնքան շատ էին ապաշնորհ ու ընչաքաղց ղեկավարները։
Շարունակելի»