Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարդկանց կենսամակարդակի վրա Հայաստանի գրանցած 7,6 տոկոս տնտեսական աճը ռեալ ազդեցություն չի ապահովել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Աճը ինքնին վատ չէ, բայց ի՞նչ է դա փոխում մեր կյանքում, սա է խնդիրը։ Եթե ռեալ նայենք ազդեցությունը, կտեսնենք, որ շատ բան չի փոխվել՝ հատկապես մարզերում»,-ասաց Միքայել Մելքումյանը։
Տնտեսագիտության մեջ, իհարկե, կա բնական ցիկլի տրամաբանություն՝ ներառականության համար ժամանակ է պետք, բայց կան խնդիրներ, որ չեն լուծվում կամ վատ են լուծվում՝ փաստեց տնտեսագետը։ Իբրև օրինակ բերեց այն, որ երկրում ռեալ աշխատատեղեր չեն առաջացել, այսինքն, այնպիսի աշխատատեղեր, որոնք իրապես ստեղծվեն, ոչ թե ստվերից հանվեն։ Իսկ այս նպատակի համար ներդրումներ են պետք՝ կա՛մ օտարերկրյա ներդրումներ, կա՛մ տեղում խթանված, որպեսզի գումարները դրվեն գործի մեջ ազատ և անվտանգ։
Համադրելով 2018 և 2019 թթ, նա փաստեց, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները կրկնակի նվազել են․ «Ինչի՞ հետևանքով․ օտարերկրյա ներդրողը վերլուծում է, չէ՞, համակողմանի աուդիտ է անում, խոհրդատուներ է վարձում, նայում է՝ տեսնում, որ ինչ-որ մի բան էն չի։ Ի՞նչը էն չի․ էն չի, որ այդ ներդրումային ծրագրերի և ներդրողների հետ աշխատող գործուն համակարգ չկա․ օրինակ, եթե պետք է գնաս մարզպետարան, համայնքապետարան, նախարարություն, սննդի անվտանգության տեսչություն և այլ մարմիներ, տեսնում ես, որ այդ նեգատիվ տուրիզմը, որ հերթով պիտի ման գաս՝ թե հարցերդ կլուծվի, թե չի լուծվի՝ շինթույլտվություն, լիցենզիա, փորձաքննություն, հողի նշանակության փոփոխություն, մի տեղ եթե չլուծվեց կամ ձգձգվեց, պրոբլեմ ես ունենում»։
Իրենց ԱԺ խմբակցությունն առաջարկել է, որ օրենսդրորեն մի պատուհան ստեղծվի, որից կոնկրետ ժամկետում գործարարին կա՛մ աջակցեն, կա՛մ մերժեն, կա՛մ հետաձգեն, բայց դա, ցավոք, չկա՝ ներդրողին պետության կողմից լիազոր ուղեկցող, որ այդ բոլոր խնդիրները լուծելով գնա։
«Բա կարող է դու 9 հարց լուծում ես, 10-րդը տենց էլ չի լուծվում․․․ և արդյունքն ի՞նչ է լինում»,-հռետորական հարց ուղղեց Միքայել Մելքումյանը։
Խորհրդարանն այժմ քննարկում է ապօրինի ծագման գույքը բռնագանձելու հնարավորությունը․ այս մտքին որևէ մեկը դեմ լինել չի կարող՝ նկատեց Միքայել Մելքումյանը, միայն թե խնդիրը դրա իրականացման մեթոդներն են։
«Այո, ես օրենքի քննարկման ժամանակ ասացի, որ բավական հարցեր կան, օրինակ, եթե գնում ենք մինչև 1991 թ-ի սեպտեմբեր, ապա մինչև 1993 թ-ի վերջը եղել է սովետական ռուբլի, հիմա ո՞նց է լինում այդ գույքի՝ ռուբլով գնահատումը, երկրորդ՝ 1993-95 թթ Հայաստանում տեղի են ունեցել հիմնական միջոցների համատարած վերագնահատում․ այսինքն, եթե սա արժեր X, դարձել է 10 X, արժեր 10 X, դարձել է 100 X․ սա՞ ոնց է լինում։ Ոնց որ դրամի մուտքի ժամանակ 1 դոլարը 11,8 դրամ էր, հիմա ո՞նց ենք անում այդ գնով առած դրամ-դոլարի հետ»,-հարցեր առաջադրեց Միքայել Մելքումյանը։
Եվ, ըստ նրա, ամենակրևորը․ «Սեփականության ինստիտուտի պետական գրանցումը ձևավորվել է, օրենքն էլ ընդունվել է 1998 թ-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի սկզբից։ Հիմա ո՞նց ենք անում, մինչև էդ չի եղել կադաստր՝ սեփականության իրավունքի գրանցում։ Հաջորդը, ընդունենք՝ 2000 թ-ին եղել է ամենաէժան անշարժ գույքը՝ քաղաքի կենտրոնում 3 սենյականոց բնակարանն արժեր 8-10 հազար դոլար․ հիմա ա՞յդ գնով ենք հաշվարկում, թե՞ այսօրվա․ վարչարարությունը պարզ չէ»։
Այս գործընթացի պատրվակով քաղաքական հակառակորդների դեմ «վհուկների որս» սկսելու հավանականություն կա, բայց Միքայել Մելքումյանը խորհուրդ չէր տա․ «Քաղաքական նկատառումներով չպետք է օգտագործվի այս ամենը, պետք է անպես չարվի, որ ներդրումային միջավայրը փչացնի։ Դրա վարչարարությունն էլ պարզ չէ․ ասացին՝ դատախազությունը մարմին է ստեղծում․ դա ո՞նց է արվում, ի՞նչն է հիմք ընդունվում եկամուտների հիմնավորման ընթացակարգում, ի վերջո, ինչ-որ ատյան կա՞ բողոքարկման․ այս խնդիրները հստակ չեն»։
Պետբյուջեից աննախադեպ քանակի գումարի հոսքին դեպի պետական ապարատի պարգևավճարներ Միքայել Մելքումյանը հանգիստ է վերաբերվում՝ պետք է գնահատման մեխանիզմ լինի՝ լավ աշխատանքի համար պարգևավճար, վատի համար՝ աշխատավարձից պեհել, բայց թե այժմ ի՞նչ սկզբունքով է տրվում պարգևավճարը, Մելքումյանին հայտնի չէ։
«Ուրիշ բան, որ այժմ պետական կառավարման համակարգում կան 100-120 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղեր, որորոնց համար պետք ստաժ․ համատարած մրցույթներ են լինում, որևէ մեկը չի դիմում։ Այսինքն, աշխատավարձի չափը և այն պահանջը, որը դրվում է պրոդուկտի ստեղծման որակի նկատմամբ, անհամապատասխան են»,-մտահոգություն հայտնեց Միքայել Մելքումյանը։
Տարբեր ոլոտներում լավ աշխատանքի ջանքեր նա տեսնում է, բայց կա մի ոլորտ, որտեղ, Մելքումյանի գնահատմամբ, ամեն ինչ վատ է․ դա ջրային տնտեսության ոլորտն է։
Աննա Բալյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․