կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-20 20:10
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օտարերկրյա ֆիրմաները գիտական մշակումների ոլորտում փող չեն դնում Հայաստանում․ Միքայել Մելքումյան

Քաղաքական հեղափոխությունից հետո մենք առայժմ չենք կարողանում գնահատել այն մարտահրավերները, որ դնում ենք կրթության համակարգի առջև, այդ թվում՝ բարձրագույն կրթության՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ «Կրթության ոլորտի բարեփոխումներ․ առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ։

«Դնում ես խնդիր, բայց չես գնահատում՝ այդ համակարգը իր ռեսուրսով, մասնագետներով, պայմաններով, բյուջետային ֆինանսավորման իր ծավալով ընդունա՞կ է այդ խնդիրները իրականացնել, թե՞ ընդունակ չէ»,-ասաց Միքայել Մելքումյանը։

Իբրև վառ օրինակ հիշեցրեց կառավարության նիստերից մեկում վարչապետի միտքը, որ նախարարություններից պետական փաստթղթեր են գալիս, որոնք դպրոցական մակարդակի են։

Միքայել Մելքումյանի համոզմամբ՝ դա չի կարող լինել միայն ցածր աշխատավարձի հետևանք, քանի որ այդ մասնագետները բուհերում գիտելիք են ստանում, հաճախ՝ կարմիր դիպլոմներ և, մտնելով նախարարություն, չեն կարող ասել՝ ցածր աշխատավարձ եմ ստանում, ուրեմն՝ թաքցնեմ իմ գիտելիքը։

Նա արձանագրեց, որ դեռ պետք է գնահատել՝ այն հեղափոխական հարցադրումները, որ բուհական համակարգի առջև դնում  են, կարո՞ղ են իրականություն դառնալ, թե՞ ոչ։

Բացի այդ, առաջարկեց, որ ընկերությունները գան դեպի բուհեր, բուհերն էլ գնան դեպի ընկերություններ և, ասենք, մագիստրոսական ծրագրեր անցկացնեն բուհերում, որպեսզի բուհը մոտենա աշխատաշուկային։

«Պատկերացրեք՝ մտնում եք մի բուհ և մի հարկի վրա գրված է՝ «Գազպրոմ Արմենիա», ՀԷՑ, «Վիոլիա ջուր», «Գրանդ տոբակո»»,-ասաց նա։

Մելքումյանը նկատեց, որ եթե օտարերկրյա ֆիրմաները գիտական մշակումների ոլորտում փող ներդնեն Հայաստանում, նշանակում է՝ Հայաստանում ներուժ կա։

Միայն թե, մենք այս ոլորտում ունենք փողերի արտահոսք, ոչ թե ներհոսք դեպի գիտական մշակումների փուլ՝ մտահոգություն հայտնեց Միքայել Մելքումյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյությում․