կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-16 16:44
Տնտեսական

Հայաստանի հարկային նոր օրենսգիրքը և դրա հետևանքները

Հայաստանի հարկային նոր օրենսգիրքը և դրա հետևանքները

2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի հարկային նոր օրենսգիրքը: Դրա հիմնական դրույթը հարկային դրույքի հավասարեցումն է ներկայիս եկամտահարկի ստորին սահմանով: Եթե մինչև 2019-ի վերջը միայն ամենաաղքատներն էին վճարում 23 տոկոս եկամտահարկ, իսկ ամենահարուստները՝ 36 տոկոս, ապա հունվարի 1-ից հարկային դրույքը հավասարեցվում է, և բոլորը վճարելու են 23 տոկոս: Եթե մինչ այդ բոլոր փոփոխությունները քանակական բնույթ ունեին, ապա ներկայումս դարձել են որակական. վերացվում է պրոգրեսիվ սանդղակը:

Օրենքն ընդունվեց 2019-ի ամռանը. 73 խորհրդարանական կողմ քվեարկեց, 32-ը՝ դեմ, որը բավականին մեծ թիվ է, եթե հաշվի առնենք խորհրդարանի կազմը:

 

Վեճեր օրինագծի շուրջ. մեծամասնությունը դեմ էր

Բանավեճեր սկսվեցին՝ արդյո՞ք դա լավ է: Բանավեճերը բավականին սուր էին. տնտեսագետների, ֆինանսիստների և իրավաբանների մեծ մասն այն կարծիքին է, որ առաջարկվող փոփոխությունները կարող են հանգեցնել սոցիալական բացասական հետևանքների: Ինչո՞ւ եմ խոսում հենց մասնագետների մեծամասնության մասին: Բանն այն է, որ 2017-ի սկզբից կառավարությունը գործարկել է e-draft պորտալը, որտեղ տեղադրվում են բոլոր օրինագծերը, և նույնիսկ դրանց վերաբերյալ վիճակագրություն կա: Մասնավորապես՝ այս օրինագիծը կայքում դիտվել է 39606 անգամ, իսկ 730 հազար քվեարկողների 92 տոկոսը դեմ է եղել: Հարկ է նշել, որ օրինագծով անմիջականորեն շահագրգռված անձինք չկան, այս նախագիծը պետության տնտեսական կարգին է վերաբերում, և խոսքը սկզբունքների մասին է, հետևաբար ենթադրել, թե քվեարկությունը բողոքի դրսևորում է, ճիշտ չէ: Նմանապես ճիշտ չէ ենթադրել, որ կայքում քվեարկում են օրինագծերին դեմ լինելու սկզբունքով. նման բան չի եղել ինչպես նախկինում, այդպես էլ՝ ներկայումս: Մեծ մասամբ օրինագծերի քվեարկությանը մասնակցում են քիչ թվով մարդիկ և հիմնականում կողմ են քվեարկում: Սակայն աղմուկ հանած օրինագծերը աղմկահարույց են հենց նրանով, որ շատերը բողոքում են դրանց դեմ, հիմնականում՝ շահագրգիռ անձինք, սակայն տվյալ դեպքում անմիջականորեն շահագրգռված անձինք չկան, համենայն դեպս՝ չկան նրանք, ովքեր դեմ են: Շահագրգիռ կողմնակիցներ, անշուշտ, կան:

Ես ուսումնասիրել եմ կայքում հրապարակված  վերջին՝ մոտ 750 օրինագծերի ցուցակը, որն ընդգրկում է 2019-ի սկզբից մինչ օրս ժամանակահատվածը, և առանձնացրել հետևյալ վիճելի ու նշանակալի օրինագծերը:

Աղյուսակ 1. E-draft.am կայքում քվեարկությունների մեծ թիվ ունեցող օրինագծեր 

Օրինագիծ

Ամիսներ (2019)

«Կողմ»

«Դեմ»

Դիտումների թիվը

թիվը

%

թիվը

%

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրինագծում լրացումների մասին

I

159

97%

5

3%

2818

Հարկային օրենսգիրք

I-II

61

8%

665

92%

39606

Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին

II

22

8%

261

92%

8938

Կառավարության՝ 2007 թ. մարտի 7-ի №384 որոշման փոփոխությունների մասին (զինծառայողների համար բնակարանի գնման ծախսերի սահմանափակում և ճշգրտում)

II

7

7%

100

93%

4266

ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի հետ կապված հիվանդությունների կանխարգելում

III

39

27%

107

73%

2928

Կառավարության՝ 2013 թ. հոկտեմբերի 10-ի №1110 որոշման փոփոխությունների մասին (բիզնեսի վարման պարզեցում)

III-IV

93

96%

4

4%

1852

ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների մասին

VI-VII

112

49%

116

51%

2948

Դատարանների մասին սահմանադրական օրենքում փոփոխությունների մասին

VIII

96

45%

119

55%

6938

Ծնողազուրկ երեխաների խնամքի կենտրոնների փակման մասին

VIII

7

8%

81

92%

2041

Անկանխիկ գործարքների մասին

IX

14

5%

270

95%

5157

Կառավարության՝ 2018 թ. ապրիլի 12-ի №405 որոշման փոփոխությունների մասին (զորակոչային հանձնաժողովների բժիշկների վերաբերյալ)

X

241

56%

187

44%

2010

Ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին

X

19

19%

82

81%

7770

«Երեխաների քաղաք»

X

1317

93%

104

7%

7509

Սպիրտային խմիչքներ արտադրողների գործունեության պարզեցման մասին

X

52

100

0

0%

870

Ամենուր բժշկական ապահովագրություն ներդնելու մասին

XI-XII

8635

44%

11143

56%

32714

Բարձրագույն կրթության և գիտության մասին

XII

394

55%

319

45%

5717

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սրանք համարյա բոլոր այն օրինագծերն են, որոնք հանրային ուշադրության են արժանացել: Հատկանշական է, որ որոշ դեպքերում քվեարկողների թիվը մոտ է դիտումների թվին, ինչը կասկածի տեղիք է տալիս, սակայն դա մի կողմ թողնենք: Հարկային նոր օրենսգիրքը քննարկվել է հունվար-փետրվար ամիսներին (ի դեպ, այդ ժամանակից սկսած, դրանում բազմաթիվ փոփոխություններ են արվել), ընդունվել է ամռանը: Վերջին տարվա բոլոր օրինագծերից այն ամենաշատ դիտումներն է ունեցել՝ մոտ 40 հազար, և համենայն դեպս, գերակշիռ մեծամասնությունը դեմ է քվեարկել:

 

Վեճեր օրինագծի շուրջ. փաստարկներ

Կողմնակիցների դիրքորոշումը մի քանի տարրեր է պարունակում: Դրանց մի մասը կապ ունի գործարարության հետ,  խոսվում է բիզնեսի արդյունավետության բարձրացման և հարկային վարչարարության պարզեցման մասին: Բացի այդ` պրոգրեսիվ սանդղակը ընկերությանը և աշխատակցին իրական աշխատավարձի չափը թաքցնելու և, ըստ այդմ, հարկային բեռը նվազեցնելու մոտիվացիա է տալիս: Բարձր աշխատավարձ ստացող աշխատակիցները  հիմա բարձր հարկեր են վճարում, սակայն հարկային դրույքի նվազեցումից հետո նրանց կողմից վճարվող հարկերը կնվազեն, համապատասխանաբար՝ կբարձրանա աշխատավարձի նետտոն:

Կողմնակիցների կարծիքով՝ ռեֆորմը կարող է բարձրացնել տնտեսական աճի տեմպերը, սակայն չի հանգեցնի անհավասարության աճի: Ըստ նրանց՝ հատկապես մեծ արդյունավետություն է նկատվում այն երկրներում, որտեղ ինստիտուտները վատ են զարգացած: Նրանք նաև ակնարկում են, որ համահարթ հարկային սանղդակի ներդրումը հիմնավորված է միջազգային փորձով, սակայն այդ մասին լրջորեն խոսելը դժվար է, քանի որ իրականում նման փորձ ունեն ոչ բոլոր երկրները, իսկ զարգացած երկրներից ոչ մեկն այս համակարգը չի կիրառում:

Ստորև ներկայացված է համահարթ հարկային սանդղակի՝ աշխարհի երկրներում ու տարածաշրջաններում տարածվածության քարտեզը (այն հաճախ կիրառվում է այս կամ այն պետության իրավասության տակ գտնվող առանձին կղզիներում): Մուգ կանաչով նշված են համահարթ հարկային սանդղակ կիրառող երկրները, բաց կանաչով՝ զրոյական եկամտահարկ ունեցողները:

Գրաֆիկ 1. Քարտեզ, որում ներկայացված են այն երկրները, որոնք կիրառում են համահարթ հարկային սանդղակը (ներառյալ զրոյական եկամտահարկը)

Իրականում խոսել այն մասին, որ նման օրինագծի ընդունման արդյունքում կավելանա կամ կնվազի անհավասարությունը, անիմաստ է, քանի որ այս առիթով որևէ բանավեճ չի եղել: Իրական կամ պոտենցիալ հակառակորդների կարծիքները սկզբունքորեն այնքան էլ չեն հետաքրքրել, հետևաբար՝ օրինագծի ընդունման վրա ազդել չէին կարող: Իշխանությունը որոշեց ընդունել օրենքը և ընդունեց՝ առանց հանրային քննարկումների. դրանք ընթանում էին օրենքի ընդունման գործընթացին զուգահեռ: Սա նորություն չէ, նախորդ իշխանությունն էլ էր սովորաբար այդպես վարվում, սակայն այս դեպքում կարևոր է արձանագրել փաստը:

Աշխատավարձերի բաշխումը և անհավասարության աճը

 Հեղափոխական փոփոխությունների շրջանում հասարակությունը սպասում էր եկամուտների աճ, սոցիալական արդարություն, օրենքի առջև հավասարություն, սոցիալական մոբիլություն և շրջակա միջավայրի պաշտպանություն: Դեռևս 2018-ին գրել եմ, որ իրականում նման հնարավորություններ չկան և չեն լինի, քանի որ «ձախ» հարցմանը տրվում է «աջ» պատասխան, և արդյունքում կլինի շերտավորման աճ ու սոցիալական դարվինիզմի քաղաքականություն: Լավ թարմ օրինակ՝ Հայաստանի փոքր քաղաքներում հիվանդանոցների փակումը: Տե՛ս՝ «Նոր հայկական կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ ակնարկ»:

Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ասել է, թե ցածր աշխատավարձով աշխատատեղերի մասին խոսակցությունն անիմաստ է, հարկավոր է խոսել  ոչ թե 80-100 հազար դրամ, այլ 400, 500, 800 հազար և ավելի դրամ աշխատավարձով աշխատատեղերի մասին: Բայց ինչպե՞ս վարվել, եթե գործնականում նրա խոսքերն անիրագործելի են և՛ ներկայումս, և՛ երկարաժամկետ հեռանկարում (10-15 տարի):

Հայաստանում աշխատանքի արտադրողականությունն այնքան էլ բարձր չէ, որ ապահովվի նման աշխատավարձերի վճարում, իսկ գործարքային (տրանսակցիոն) ծախքերը, ընդհակառակը, բարձր են և հանգեցնում են աշխատակիցների վրա ծախսերի, մասնավորապես՝ աշխատավարձերի նվազմանը:

Հայաստանը, ինչպես և ամբողջ ԵԱՏՄ-ն, «մայրցամաքային» տնտեսություն ունի, և դա որոշակի սահմանափակումներ է ստեղծում, հատկապես՝ ներկայիս փուլում:

Մենք չունենք աշխատավարձերի բաշխման վերաբերյալ ադեկվատ տվյալներ: ՀՀ վիճակագրական ծառայությունը, կարծես, հատուկ է վերցնել միջակայքեր, որոնցով աշխատավարձերի իրական կառուցվածքը վերականգնելը շատ դժվար կլինի: Բայց անհնար չէ: 2018-ին հրապարակվել են աշխատավարձերի կառուցվածքի մասին հետևյալ տվյալները:

Գրաֆիկ 2. Աշխատավարձերի բաշխումը Հայաստանում 2017-ի վերջին

Վերջերս ֆինանսների նախարարությունը «Օրբելի» կենտրոնին  է ներկայացրել այլ տվյալներ աշխատավարձերի կառուցվածքի մասին: Դա որոշ ճշգրտումներ անելու հնարավորություն կտա ստորին մասում, մասնավորապես՝ բաժանելու ամենամեծ բլոկը մինչև 165 հազարի: Նաև բաժանել ենք մյուս բլոկները՝ առանձին ուշադրություն դարձնելով կողմնորոշիչ ցուցչին, որը դիտարկել է կառավարության ղեկավարը: Բոլոր աշխատավարձերը մինչև հարկերի վճարումը ցածր են, այսինքն՝ հարկավոր է հաշվի առնել, որ նետտո-աշխատավարձերը ցածր են: Հորիզոնական սանդղակը աշխատավարձի չափն է՝ 1000 դրամ միավորով (1000 դրամ = 1.2 դոլար), ուղղահայացը՝ հաճախականությունը: Հաճախականությունը ես ցույց չեմ տալիս, քանի որ տոկոսային տվյալներ չունեմ, միայն միջակայքային տվյալներն են (գրաֆիկում, համապատասխանաբար, միջակայքերի մեջտեղը): Ի դեպ, մեթոդոլոգիայի փոփոխության պատճառով 2017-ի և 2019-ի աշխատավարձերը նույնն են, ինչը հեշտացրել է մեր աշխատանքը:

Գրաֆիկ 3. Աշխատավարձերի բաշխումը 2019-ին (գնահատական)

Իրականում, եթե ավելի մանրամասն տվյալներ ունենայինք, գրաֆիկը միջին արժեքի շրջանում ավելի  սահուն կլիներ, իսկ մոդի շրջանի գագաթնակետը՝ ավելի ցածր, սակայն դա այնքան էլ սկզբունքային չէ, իսկ առանց լիարժեք տվյալների՝ բաշխման վերակառուցում անել չեմ ցանկանում: Ամեն դեպքում՝ փոփոխությունները մեծ չեն լինի, սակայն, տվյալներն այս ձևով ներկայացնելով, արդեն ստանում ենք ավելի ադեկվատ պատկեր, թե որքան է հասարակությունը շահելու հարկային օրենսգրքի փոփոխությունից:

Վարչապետի աշխակազմին կից «Օրբելի» վերլուծական կենտրոնի աշխատակից Մանե Միքայելյանը պատրաստել է աղյուսակ, համաձայն որի՝ երկարաժամկետ հեռանկարում կշահեն բոլորը, թեև ոմանք՝ նույնիսկ ավելի շատ:

Աղյուսակ 2. Վճարվող հարկերի չափերի փոփոխությունը՝ ըստ ընթացիկ աշխատավարձի չափի

Եվ դա ճիշտ է: Հարկավոր է հաշվի առնել, իհարկե, ևս մի քանի հանգամանքներ: Նախ՝ կավելանան կենսաթոշակային հիմնադրամին սոցիալական վճարումները՝ 2,5-ից  մինչև 5 տոկոս: Սակայն եթե նախկինում ենթադրվում էր, որ աճը կլինի 2020-ից և անմիջապես,  ապա հիմա՝ 2021-ից ու հետզհետե: Պետությունն իր ծախսը կրճատում է 7,5 տոկոսից մինչև 5 տոկոս: Նաև ավելանում են մի շարք կողմնակի հարկեր, մասնավորապես՝ որոշ ապրանքների ակցիզային հարկերը, առաջին հերթին՝ սպիրտային խմիչքների և ծխախոտի, նաև՝ վառելանյութի: Ավելանում է ներմուծվող արտադրանքի համար հարկը (ԵԱՏՄ շրջանակներում), ինչը կհանգեցնի որոշակի գնաճի: Էկոնոմիկայի նախարարությունն այդ գնաճը գնահատել է որպես համեստ՝ մոտ 0,5 տոկոս, իսկ թե իրականում ինչքան կլինի, դժվար է ասել, սակայն դա էլ կլինի հունվարի 1-ից և փոփոխությունների փաթեթի մասն է: Փոփոխության կենթարկվեն նաև մի շարք այլ հարկեր, օրինակ՝ կավելանան գույքահարկը, շքեղության հարկը և այլն: 2022-ից ակցիզային և ներմուծման հարկերը կրկին կավելանան:

Նշենք, որ անուղղակի հարկերի աճը, ուղղակիների կրճատման պայմաններում, սովորաբար հանգեցնում է կառավարության հաշվետվողականության նվազմանը, քանի որ մարդիկ համարում են, որ քիչ են հարկ վճարում, թեև իրականում նման բան տեղի չի ունենում: Ավտորիտար կառավարությունները հաճախ են դիմում նման միջոցների, օրինակ՝ Ռուսաստանում, որտեղ ընդհանուր հարկային դրույքը բավականին մեծ է, սակայն եկամտահարկը՝ ընդհակառակը, շատ ցածր:

Որոշեցի գրաֆիկորեն ներկայացնել նաև աշխատավարձերի փոփոխությունը, որպեսզի տեսանելի լինի փոփոխությունների չափը նոր համակարգին անցնելուց հետո:

Գրաֆիկ 4. Աշխատակիցների մաքուր եկամուտի փոփոխությունը ռեֆորմից հետո

Այսպիսով՝ այսօրվա դրությամբ զբաղվածների 14,5 տոկոսը ստանում է նվազագույնի չափով և դրանից ցածր աշխատավարձ, նրանց մաքուր եկամուտը 2023-ին կնվազի 6 տոկոսով, մինչդեռ 2,5 մլն դրամ ստացողներինը կաճի մոտ 11 տոկոսով: Փաստորեն, այս կատեգորիաների միջև ճեղքվածքը, որ ներկայումս 42,66 անգամ է, 2023-ին կկազմի 50.27 անգամ: Աճը բավականին զգալի է: Եթե դիտարկենք ավելի իրական բաշխումը, կարելի է սահմանափակվել 330 հազար դրամ ամսականով, որը կբացառի շատ ստացողներին՝ ընդամենը 4,7 տոկոսը:

Գրաֆիկ 5. Աշխատակիցների մաքուր եկամուտի փոփոխությունը ռեֆորմից հետո (բացառելով ամենաբարձր աշխատավարձերը)

Այստեղ տեսնում ենք այդ փոփոխությունները: Դրանք թվում են աննշան, սակայն, եթե բացառենք ամենահարուստներին, անհավասարությունն աճում է: Հարկերի և բոլոր սոցիալական ծախսերի վճարումից հետո, փոփոխությունները կունենան հետևյալ տեսքը:

 Աղյուսակ 3. Ռեֆորմի արդյունքում մաքուր եկամուտի դինամիկան հարկերի և այլ ծախսերի վճարումից  հետո

 

2019

2020

2023

Նետտո-աշխատավարձ

55,000 (ներկայիս նվազագույնը)

38,865

36,462

36,551

68,000 (ապագայի նվազագույնը)

48,524

46,021

46,126

80,000

57,440

54,844

54,965

102,000 (մոդ)

73,786

71,021

71,169

121,000 (մեդիան)

87,903

84,992

85,164

175,000 (միջին)

126,775

124,698

124,938

250,000

178,750

179,846

180,180

330,000 (համեմատաբար բարձր՝սահմանագիծ, որից ցածր է աշխատավարձերի 95,3 տոկոսը)

234,190

238,671

239,105

500,000 (լավ՝ ըստ վարչապետի, որից ցածր է աշխատավարձերի 98,2 տոկոսը)

352,000

363,673

364,320

1,000,000 (շատ բարձր, որից հետո տարբերությունները դառնում են զգալի)

698,500

731,325

732,600

Հարաբերակցությունը (անգամ)

Շատ բարձր/մեդիանային

7.95

8.60

8.60

Համեմատաբար բարձր / ապագա նվազագույն

4.83

5.19

5.18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսպիսով՝ չնայած նոր համակարգին դանդաղ անցմանը, անհավասարությունը, միևնույն է, աճում է և բավականին զգալիորեն: Ընդ որում ՝ հարկ է հիշել, որ նվազագույն աշխավարձը բարձրացվել է մինչև 68 հազար դրամ, ինչն ուղղակիորեն կհանգեցնի աշխատակիցների 10-11 տոկոսի աշխատավարձերի բարձրացմանը, նաև՝ կողմնակիորեն այն աշխատավարձերի, որոնք հաշվարկվում են նվազագույնի հիման վրա: Այնպես որ՝ վերջնական արդյունքը լրացուցիչ կմեղմվի այդ միջոցառմամբ: Սակայն շատ բարձր համարվող աշխատավարձի հարաբերակցությունը ներկայիս մեդիանայինին, միևնույն է, կբարձրանա և զգալիորեն: Թե ինչպե՞ս կփոխվի աշխատավարձերի կառուցվածքը, հիմա հաշվարկելը վաղ է, առավել ևս, որ տվյալներն անբավարար են:

Սակայն կարելի է հիշել Վրաստանի օրինակը, որտեղ  եկամտահարկի համահարթ դրույքին անցնելը հանգեցրեց անհավասարության մեծացման, որը մինչ օրս էլ բավականին բարձր է և գերազանցում է Հայաստանի այդ ցուցանիշը: Հայաստանում 2008-ից մինչև 2018-ը անհավասարակության մակարդակը մեծացավ, իհարկե, ոչ 60 տոկոսով, ինչպես գրում էր Րաֆֆի Էլիոթն իր հոդվածում, այլ ընդամենը 6 տոկոսով, սակայն 2017-2018 թթ., օրինակ, այն նվազեց, այսինքն՝ պրոգրեսիվ սանդղակն աշխատում է, պարզապես  որոշ պատճառներով, այդ թվում՝ սուբյեկտիվ, ոչ այնքան արդյունավետ: Այդ  արդյունքի ցուցադրման համար դիտարկենք սպառման Gini  ինդեքսի դինամիկան երկու երկրներում, որտեղ հարաբերական տարբերությունը փոփոխվել է  մոտ 5 կետով:

Աղյուսակ 4. Gini  ինդեքսի դինամիկան Վրաստանում և Հայաստանում

 

2004

2017

2004-2017

Վրաստան

36,18

37,94

+1,76

Հայաստան

37,51

33,62

-3,89

Տարբերություն

-1,33

+4,32

+5,65

Աղբյուրը՝ PovCalNet տվյալների բազա. որքան մեծ է Gini-ն, այնքան բարձր է անհավասարության մակարդակը

Այնպես որ՝ համոզվեցինք, որ անհավասարությունն աճում է, և դա անխուսափելի է: Սակայն կարծիք կա, որ դա այնքան էլ էական չէ կամ նույնիսկ կնպաստի տնտեսական աճին: Դրա մասին կխոսենք առանձին:

Հարկային ռեֆորմի շահառուները

Մենք արդեն քննարկեցինք աշխատավարձերի բաշխումը և տեսանք, որ մեծամասնության համար փոփոխություններն այնքան էլ զգալի չեն լինի, սակայն ոմանց համար, այնուամենայնիվ, կլինեն շատ զգալի:

Հարց է ծագում՝ ո՞րն է տվյալ օրենքի քաղաքատնտեսությունը: Ովքե՞ր են դրա շահառուները:

Իրապես նկատելի տարբերությունը սկսվում է 2000 դոլար և ավելի բարձր աշխատավարձերից: 5000 դոլար աշխատավարձերի դեպքում տարբերությունը ամսական 500 դոլարի է մոտենում: Միևնույն ժամանակ, 1000 դոլար աշխատավարձ ստացողները հարկերի հաշվին ամսական կտնտեսեն մոտ 40 դոլար: Հանուն դրա՝ ոչ ոք նման գործ չէր ձեռնարկի:

«Օրբելի» կենտրոնի կայքում հրապարակված հոդվածում բերվում է հետևյալ բաշխումը՝ աշխատողների 0.3 տոկոսը ստանում, է 2 մլն դրամ և ավելի աշխատավարձ: Հաշվի առնելով, որ գրանցված աշխատողների թիվը 600 հազար է, նրանց թիվը, ովքեր ստանում են 4.170 դոլար և ավելի բրուտտո, ընդամենը 1800 մարդ է, իսկ 825 հազար և ավելի ստացողների թիվը՝ մոտ 4600 մարդ: Սրանք մեծ թվեր չեն:

 Ովքե՞ր են նրանք: Նախ՝ ձեռնարկությունների ղեկավարությունը, թոփ մենեջերները: 2017-ին կառավարիչների միջին աշխատավարձը 418 հազար էր, սակայն որոշ սեկտորներում գերազանցում էր 1 մլն դրամը: Իսկ եթե դիտարկենք սեկտորներով, դասավորությունն այսպիսին է (աշխատավարձերի բաշխումը` 2017-ի վերջին, զբաղվածների թիվը` 2019-ին):

Աղյուսակ 5. Հայաստանում ամենաբարձր աշխատավարձերը ստացող աշխատակիցների բաշխումը՝ ըստ զբաղվածության սեկտորների

 

Բարձր վարձատրվող աշխատակիցների մոտավոր թիվը

Բարձր վարձատրվողների թվում սեկտորի բաժինը

Գրանցված աշխատակիցների թվում սեկտորի բաժինը

Տեղեկատվություն և կապ (առաջին հերթին՝ IT)

1,620

35.0%

4.0%

Ֆինանսներ և ապահովագրություն

750

16.2%

3.6%

Առևտուր և ավտոմեքենաների վերանորոգում

400

8.6%

16.7%

Լեռնահանքային արդյունաբերություն

350

7.6%

1.7%

Վերամշակող արդյունաբերություն

290

6.3%

12.0%

Պրոֆեսիոնալ, գիտական և տեխնիկական գործունեություն

250

5.4%

3.4%

Առողջապահություն

230

5.0%

7.6%

Պետական կառավարում, պաշտպանություն, վարչարարություն

200

4.3%

8.4%

Այլ սեկտորներ

540

11.6%

42.6%

Համախմբված սեկտորներ

Տեղեկատվություն և կապ, ֆինանսներ և ապահովագրություն, լեռնահանքային արդյունաբերություն

2,720

58.7%

9.3%

Մյուս բոլոր սեկտորները՝ ներառյալ պետական կառավարումը, կրթությունը, առողջապահությունը, առևտուրը և այլն

1,910

41.3%

90.7%

Տեսնում ենք, որ բարձր աշխատավարձերը չափազանց անհամաչափ են բաշխված, և միայն ոչ մեծ հասարակական խմբեր ունեն աշխատավարձերի` նման բարձր մակարդակ: Մասնավորապես՝ նրանք IT ոլորտի` ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագետներն են, հետահաղորդակցության և լեռնահանքային արդյունաբերության մենեջերները, նաև` ֆինանսիստները: 2019-ին գաղտնի կերպով բարձրացվել են նաև պետական կառավարման համակարգի բարձրագույն օղակի աշխատավարձերը, կրկնակի բարձրացել են պատգամավորների, նախարարների, նրանց տեղակալների և, հնարավոր է, վարչապետի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարների աշխատավարձերը, ընդհանուր առմամբ՝ մոտ 200 մարդու, ինչը, աղյուսակ-4-ում բերված տվյալների ֆոնին, շատ զգալի թիվ է:

Այսպիսով՝ ռեֆորմի շահառուներն են՝ IT և ֆինանսների ոլորտի ներկայացուցիչները, լեռնահանքային արդյունաբերության թոփ մենեջերները և պետական բյուրոկրատիայի վերին էշելոնները: Ընդ որում՝ վերջինիս դեպքում ի հայտ է գալիս շահերի կոնֆլիկտ՝ հաշվի առնելով, որ աշխատավարձերը բարձրացվել են ռեֆորմի նախագծի մշակումից հետո: Եվ ոչ միայն դրա պատճառով, օրինակ՝  IT սեկտորը ոգևորությամբ ընդունեց հեղափոխությունը, և հիմա օրինաչափ է, որ պատասխան վճարն է ստանում: Եվ դա տրամաբանական է. ժողովրդավարությունների մեծ մասում այդպիսի կանոն գործում է՝ եթե ինչ-որ մեկն աջակցում է հաղթած թեկնածուին, նրանք էլ ապագայում առավելագույն  աջակցություն են ստանում: Սակայն այդ փաստը, այնուամենայնիվ, հարկավոր է արձանագրել: Ինչ վերաբերում է ֆինանսական սեկտորին, ապա այն հեղափոխության կողմնակից չէր (թեև եռանդուն հակառակորդ էլ չէր), սակայն բոլոր սեկտորներից ամենամեծ լոբբիստական պոտենցիալ ունեցողն է, հատկապես` հարկային օրենսդրության մեջ, և կրկին զարմանալի չէ, որ ռեֆորմի շահառուներից է:

 Ի դեպ, չեմ ցանկանում ասել, որ պետական սեկտորում, այդ թվում՝ բարձրագույն դիրքերում, հարկավոր չէ բարձրացնել աշխատավարձերը: Հնարավոր է, որ նույնիսկ անհրաժեշտ է, և դա հարկավոր է քննարկել: Սակայն, միանշանակ, պետք չէր դա անել գաղտնիաբար: Իսկ բացատրությունները, թե այդպես է արվել «իներցիայով», քննադատությանը չեն դիմանում, նաև՝ այն պատճառով, որ դա ճիշտ չէ. 2013-ին բարձրացումն ամբողջ պետական սեկտորում հավասարաչափ էր և արվել է հրապարակավ: Հարկավոր էր որոշակի հավասարակշռություն պահպանել այդ հարցում՝ ավելացնելով պետական սեկտորի մյուս ներկայացուցիչների աշխատավարձերն ավելի մեծ գումարով:

Ամփոփում 

Այսպիսով՝ հարկային ռեֆորմը, որի հիմնական մասը եկամտահարկի համահարթեցումն է, կհանգեցնի անհավասարության աճի: Այդ փոփոխության պարամետրերը ներկայացված են աղյուսակ-3-ում: Եկամտահարկի դրույքի հավասարեցման և միաժամանակ կողմնակի հարկերի բարձրացման պատճառով հասարակության ամենաանապահով շերտերը ոչ միայն ավելին չեն ստանա, այլև նրանց մաքուր եկամուտը կնվազի, մինչդեռ ամենաապահովներինը կաճի:

Անհավասարության աճը կտրուկ չի լինի, սակայն զգալի կլինի և իրեն զգացնել կտա արդեն 2020-ի վերջին, հետագայում շերտավորումը կավելանա: Այսպիսով՝ դարձյալ իրագործվում է Մարքսի հռետորական «բանաձևը»՝ հարուստները դառնում են ավելի հարուստ, աղքատները՝ ավելի աղքատ:

Միևնույն ժամանակ, Հայաստանի աշխատաշուկայի առանձնահատկությունների պատճառով փոփոխությունները կզգան ոչ բոլորը, այլ միայն վարձու աշխատողները՝ մոտ 600 հազար մարդ: Նրանցից ռեֆորմի իրական շահառու կդառնա մինչև 5 հազար մարդ, որոնցից մոտ 200-ի (պատգամավորներ և կառավարության անդամներ) աշխատավարձերը բարձրացվել են կառավարության գաղտնի հրամանագրով 2019-ին, իսկ մյուսների թվում գերակշռում են IT, ֆինանսների սեկտորների ներկայացուցիչները և լեռնահանքային արդյունաբերության թոփ մենեջերները: Նրանց աշխատավարձերի բարձրացումը խթանում է սպառումը, սակայն դա պրեմիում-սպառում է, համարյա բացառապես ապահովված արտահանմամբ, մինչդեռ այլընտրանքային սցենարով այդ գումարները կուղղվեին բյուջե, որից էլ կծախսվեին սոցիալական սեկտորի, բանակի և ճանապարհաշինարարության ֆինանսավորման վրա:

Հարկ է հաշվի առնել, որ, բացի վճարվող աշխատավարձերից, կան նաև այլ եկամուտներ՝ ինքնազբաղվածների, փաստաբանների, ազատ մասնագիտությունների տեր անձանց, օտարերկրյա շուկաներում աշխատողների և գործարարների: Դա առանձին պատմություն է, թեև այսօր կառավարությունը փորձում է նրանց էլ հարկային դաշտ բերել: Սակայն տվյալ պահին փոխված օրենսդրությունը ուղղակիորեն նրանց վրա չի տարածվում:

Փոքր բիզնեսի համար պայմանները բարելավվում են՝ հարկերը միջինը կրճատվում են 5 անգամ: Ընդհանրապես, ռեֆորմն ուղղված է բիզնեսի պայմանների բարելավվմանը, հարկային վարչարարության հեշտացմանը և ստվերային տնտեսության կրճատմանը, նաև՝ տնտեսական աճի տեմպերի մեծացմանը: Բոլոր այդ արդյունքներին ռեֆորմը կհասնի, թեև և՛ տնտեսական աճի, և՛ ստվերային հատվածի վրա նրա ազդեցությունը էական չի լինի:

Միաժամանակ, հաշվի առնելով անհավասարության աճը, մեկ սերունդ անց ռեֆորմի դրական ազդեցությունը կսպառվի, իսկ անհավասարության աճը և, որպես հետևանք, անվստահությունը, անկայունությունը, պահպանության վրա ծախսերի ավելացումը, նաև աղքատ խավի կրթական մակարդակի նվազումը կհանգեցնեն աճի տեմպերի դանդաղեցմանը, ինչը ներկայումս տեղի է ունենում Վրաստանում:

Ռեֆորմը կհանգեցնի աշխատաշուկայի ճկունությանը և, որպես հետևանք, երկարաժամկետ հեռանկարում գործազրկության նվազմանը, սակայն ցածր վարձատրվողների և բարձր վարձատրվողների միջև կստեղծվի «ապակե առաստաղ»: Կնվազի համերաշխությունը, հարուստները կարհամարհեն աղքատներին և կձգտեն անջրպետվել նրանցից, իսկ աղքատները կատեն հարուստներին և կձգտեն վերաբաշխել նրանց ունեցվածքը իրենց օգտին՝ համարելով, որ այն անարդարացի է ձեռք բերվել հարուստների կողմից: Այդ ամենն առկա է նաև այսօր: Դրանից ազատվել չի ստացվի նաև ապագայում:

Հրանտ Միքայելյան

Թարգմանությունը kavkaz-uzel.eu-ից՝ yerkir.am