Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց հարկային նոր օրենսգիրքը: Վարման կարգով ելույթ ունեցան մի շարք պատգամավորներ: Այսպես՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ ազդեցության գնահատականները փաստաթղթում բացակայում են, այսինքն` օրենքի խախտմամբ է այն դրվում քվեարկությամբ: Պատգամավորն առաջարկեց հանել այն քվեարկությունից, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ որևէ օրենքի խախտում չկա:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն լուրջ մտահոգություններ ունի` այս տեսքով նախագիծը ընդունելու հետ կապված: «Մենք պատրաստում ենք առաջարկությունների փաթեթ, որը կներկայացնենք հեղինակներին՝ ակնկալելով, որ այդ փաթեթը լրջորեն կուսումնասիրվի: Հույս ունենք, որ այդ առաջարկությունները նկատի կունենան հեղինակները: Այս պահին մենք ձեռնպահ ենք քվեարկում` մեր հետագա քվեարկությունը կապելով այդ առաջարկությունների փաթեթի հետ, թե ինչպես կարձագանքեն հեղինակները»,- ասաց նա:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ լուրջ սկզբունքային մտահոգություններ ունեն` հարկային նոր օրենսգրքի հետ կապված, և այնպես էլ չէ, որ հիմա առաջին ընթերցմամբ աշխատեն, բայց հետո փոփոխեն: «Մի երկու ստորակետ կարող եք փոփոխել, բայց մենք ընդունում ենք մի օրենսգիրք, որը 90 միլիարդով ավելացնելու է հարկային բեռը հարկ վճարողների վրա, ուստի պետք է սկզբից փոփոխել, նոր ընդունել»,- ասաց նա:
Ստեփան Մարգարյանը նշեց, որ «Համախմբում» նախաձեռնության մեջ մտնող չորս պատգամավորների անունից հայտարարում է, որ դեմ են օրենսգրքին, առաջարկում են հետաձգել այն:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նույնպես դեմ արտահայտվեց հարկային նոր օրենսգրքին:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ անընդունելի են համարում այդ հարկային օրենսգիրքը և դեմ են քվեարկելու:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ հարկային նոր օրենսգիրքը պետք է հետ կանչել, հակառակ դեպքում` դեմ են քվեարկելու:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ առաջարկեց բոլորին քվեարկել, անցկացնել առաջին ընթերցմամբ, որից հետո կմեկնարկի քննարկումների շարք, կլինեն առաջարկություններ, և կընդունվի այնպիսի հարկային օրենսգիրք, որը բոլորի սրտով կլինի:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ արտահայտվեց, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը` կողմ, ԲՀԿ խմբակցության պտգամավոր Տիգրան Ուրիխանյանը` նույնպես դեմ:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ խմբակցության այն պատգամավորները, ովքեր նաև կուսակցության անդամ են, ձեռնպահ են քվեարկելու, իսկ ինքը չի մասնակցելու քվեարկությանը:
Նախագիծը դրվեց քվեարկության, կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ` 21 և ձեռնպահ` 18:
Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: