կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-08 11:41
Քաղաքական

2018-ին գործողության մեջ կմտնի նոր հարկային օրենսգիրքը

2018-ին գործողության մեջ կմտնի նոր հարկային օրենսգիրքը

Այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց ՀՀ հարկային օրենսգրքի նախագծին հավանություն տալու մասին հարցը սահմանված կարգով ԱԺ-ին ներկայացնելու որոշման նախագիծը:

«Օրենսգիրք ընդունում են այն երկրները որտեղ կանխատեսելի ու կայուն է հարկային դաշտը: Հայաստանի հարկային դաշտը համապատասխանում է այդ չափանիշներին, և մենք կարծում ենք՝ կարելի է ընդունել հարկային օրենսգիրք: Հարկային օրենսգրքի ընդունումը չպետք է խոչընդոտի պետական բյուջեի եկամուտների աճին, այլ պետք է նպաստի երկրի մրցունակության և ներդրումային գրավչության գործոններին»,- ասաց Պավել Սաֆարյանը՝ հավելելով, որ օրենսգիրքը բաղկացած է լինելու չորս մասից, այն գործողության մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից, ԱԺ կուղարկվի 2016-ին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ հարկային օրենսգրքի կազմումը ֆինանսների նախարարության տարիների տքնաջան աշխատանքի արդյունքն է: Ըստ վարչապետի` ֆինանսների նախարարը ներկայացրել է իր տեսլականը՝ հարկերի հավաքման, հաշվառման պրակտիկայի առումով, տնտեսագիտական այն սահմանները, որոնցով պետք է կրճատել հարկային արտոնությունները և առավել հասցեական սուբսիդավորում իրականացնել պետական բյուջեից:

«Այսօրվանից այս օրենսգիրքը պետք է լայնորեն քննարկվի, մանրակրկիտ պետք է քննարկվեն բոլոր առաջարկությունները և պատասխան տրվի բոլոր առաջարկներին ու մտահոգություններին: Հանձնարարում եմ նախարարներին` մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել ժամանակացույց և սկսել ակտիվորեն քննարկել այս օրենսգիրքը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: