Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է հարկային նոր օրենսգիրքը: ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը ելույթում նշեց, որ 18 տարի է՝ ԱԺ-ում է, և չի եղել դեպք, որ հարկային օրենսգրքում որևէ փոփոխության համար գործարար ոլորտի ներկայացուցիչները դեմ քվեարկեն: Սոցիալական ոլորտի տեսանկյունից դիտարկելով հարկային նոր օրենսգիրքը` նա հարցրեց. «Այս օրենսգրքով աղքատությունը կխորանա՞, թե՞ ոչ: Տնտեսության երեք տոկոս աճը աղքատության մեկ տոկոս նվազեցում է նշանակում»:
Հակոբ Հակոբյանի հաշվարկով աղքատության շեմին մոտ 400 հազար մարդը կհայտնվեն վտանգավոր գոտում, հետևաբար` օրենսգիրքը չի նպաստում աղքատության հետ կապված խնդրի լուծմանը` անկախ այն բանից` տնտեսությունը աճ կունենա՞, թե՞ չի ունենա:
«Եթե մեր սպառումը նվազում է, ապա մենք ինչպե՞ս ենք հարկային բեռն ավելացնում, սա ինձ համար անհասկանալի է: Ամենամեծ անհավասարության երևույթները սկսվում են սահմանին, երբ հսկիչ գին են դնում ապրանքների վրա: Եթե ուզում եք հավասար դաշտ մտցնել բոլորին, ապա անդրադարձեք նաև սահմանից: Այնպես չէ, որ դուք ինչ ասեք, մենք լսում ենք, բայց մենք ուրիշ ոչինչ չգիտենք: Ուզում ենք բյուջե շատ փող մտնի, բայց չէ՞ որ փողը պիտի վերցնեք աշխատող մարդուց: Ուզում եք` քամեք, ուզում եք` մի քամեք, բայց աշխատողից պետք է վերցնեք: Ու եթե ուզում եք, որ աշխատող մարդիկ շատ լինեն, ուրեմն այս օրենսգիրքը պետք է սահմանի հավասարություն: Բայց այս օրենսգրքով հավասարություն չի սահմանվում»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Նա նշեց, որ հաշվարկ է կատարել դիվիդենդը հարկելու մասով և պարզել, որ հարկային մուտքերը կավելանան ընդամենը 1,5 միլիարդ դրամ: «Բա արժե՞ 1,5 միլիարդի համար Հայաստանը դարձնել դիվիդենդահարկվող պետություն, իրապես չարժե»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ըստ նրա` ինչո՞ւ իշխանությունները չեն հարգում իրենց հարկատուին, չեն հարգում, որովհետև ամեն քայլի ստիպում են 50 տոկոս ավելի վճարել, տույժ ու տուգանք վճարել: