կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-30 15:58
Տնտեսական

Հանրային լսումներն ընդունվելիք նոր Հարկային օրենսգիրքը լեգիտիմացնելու համար էին կազմակերպվել. Արմեն Գրիգորյան

Հանրային լսումներն ընդունվելիք նոր Հարկային օրենսգիրքը լեգիտիմացնելու համար էին կազմակերպվել. Արմեն Գրիգորյան

ՀՅԴ անդամ, տնտեսագետ  Արմեն Գրիգորյանն այսօր խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած` Հարկային օրենսգրքի ու կից օրենքների հետ կապված լսումների ժամանակ ելույթում նախ ասաց, որ Հարկային օրենսգրքի մասին կարելի է երկար խոսել, անդրադառնալ դրա` կնճռոտ լինելուն, բարդ կառուցվածքին, կիրառման համար ոչ մատչելի և տարատեսակ հղումներին, ձևակերպումներին և այլն: «Դա վերաբերում է թե՛ գործող, թե՛ նախընթաց շրջանում կիրառված օրենսդրությանը, բայց օրենսգրքի նոր փոփոխություններով այդ հարցերը չեն լուծվելու»,- նշեց Գրիգորյանը:

Ապա, վերադառնալով հանրային քննարկման օրակարգին, մի քանի շեշտադրումներ  արեց եկամտային հարկի համահարթեցման վերաբերյալ:

«Դաշնակցության մասնագիտական ոլորտային հանձնախմբի գնահատմամբ` եկամտային հարկի համահարթեցումը չի բխում սոցիալական արդարության կոնցեպտից, դեմ է նաև կառավարության ծրագրում առկա այն ձևակերպումներին, որ մեր երկրում ներդրվում է տնտեսական ներառական կարգ: Այս մոդելը ներառական տնտեսական կարգի ճիշտ հակառակն է անելու: Բացի այդ` ասում ենք, որ հանրության կողմից տնտեսական արդյունքներ ստեղծելուց զատ, պետք է ներդնել նաև արդյունքների արդար բաշխման սկզբունքը, այն է` ով հանրությունից ավելի բարձր արդյունքներ է ստանում, նա ավելի շատ պարտականություն ունի հանրության առջև»,- ներկայացրեց ՀՅԴ-ականը:

Համահարթ հարկման մեխանիզմը հանրությանն ավելի մատչելի կերպով ներկայացնելու համար Գրիգորյանը բացատրեց` գործադրվելու է եկամտային հարկի մեկ դրուքաչափ, և բոլորը հարկվելու են նույն տոկոսադրույքով, այսինքն` բարձր աշխատավարձ ստացողն էլ է հարկվելու 23%-ով, ցածր եկամուտ ստացողն էլ:

«Բյուջեում առաջանալու է մուտքերի պակասուրդ, որը կազմում է 22 մլրդ: Այդ պակասուրդը լրացնելու համար պետությունն անընդունելի լուծում է սահմանում` ակցիզային հարկի տեսքով բարձրացնել անուղղակի հարկերը և որոշ գործառույթներ մտցնել ընդհանուր հարկման դաշտ: Կոնկրետացնելու և պատկերացնելու համար ներկայացրածս կետերը պետք է բարձրաձայնեմ այն խնդիրների մասին, որոնք կառաջանան համահարթ հարկման մեխանիզմի կիրառման հետևանքով: Նախ` բարձր եկամուտ ունեցողների չվճարած հարկերը կհավաքագրվեն բնակչությունից: Այսինքն`սովորական քաղաքացիները սպառման միջոցով կվճարեն ունևոր մարդկանց փոխարեն, ինչն էլ կխորացնի սոցիալական բևեռացումը: Այնուհետև` այս փոփոխությունները որևէ ազդեցություն չեն թողնելու մինչև 150.000 դրամ աշխատավարձ ստացողների վրա, դեռ մի բան էլ ավելի, նրանք` որպես սպառողներ, նույնպես կրելու են անուղղակի հարկերի պատճառով ավելացված հարկային բեռը: Ըստ ՊԵԿ 2017 թվականի տվյալների` մինչև 150.000 դրամ աշխատավարձ ստացող վարձու 415.976 անձ կա, որոնցից 242 հազարը` մասնավոր, 173 հազարը` հանրային հատվածում: Փաստորեն, մեր երկրում մոտ 416 հազար մարդ շատ ավելի վատ սոցիալական վիճակում կհայտնվի` իր ու իր ընտանիքի վրա չզգալով այն դրական ազդեցությունը, որի մասին անընդհատ խոսվում է:

Բացի այդ` հարկը բիզնեսից սպառման դաշտ տեղափոխելը չունի որևէ հիմնավորում սոցիալական բաղադրիչի հետ կապված, ավելին` նվազեցնելով և թուլացնելով սպառումը, գցելով գնողունակությունը` հետագայում ծանր հետևանք կլինի նաև որոշ տեսակի բիզնեսի շարունակակության վրա:

Եկամտային հարկի համահարթեցմանը զուգահեռ, վերականգնվելու է պարտադիր կուտակային համակարգի վճարման 2.5%-ը, որի վճարման պարտականությունը քաղաքացու վրայից հանվել և ծանրացել էր նույն քաղաքացիների կողմից ձևավորված բյուջեի վրա: Պարբերաբար հրապարակ են նետվում թեզեր, որ այս մեխանիզմը ժամանակավոր է գործադրվելու, իսկ դա նշանակում է հարուցել ցածր եկամուտ ունեցողների դժգոհությունը, իսկ հետագայում պրոգրեսիվ համակարգի անցման ցանկության դեպքում նույնիսկ բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների մոտ կառաջանա անարդարության զգացում: Այս ու նմանատիպ շատ ու շատ խնդիրներից խուսափելու համար առաջարկում ենք չկիրառել համահարթեցման քաղաքականությունը»,- մանրամասնեց տնտեսագետը:

Դաշնակցականն ասաց, որ իրենք առաջարկում են կատարել հետևյալ փոփոխությունները: Առաջին` վերանայել գործող պրոգրեսիվ համակարգը` հիմքում դնելով «Շատից` շատ, քչից` քիչ» սկզբունքը, երկրորդ` ներդնել նվազագույն չհարկվող եկամուտի գաղափարը, նվազագույն չհարկվող եկամուտը սահմանել նվազագույն կենսապահովման զամբյուղի չափով:

«Նվազագույն կենսապահովման զամբյուղի գաղափարի կիրառումը հետագայում վերանայել և փուլ-փուլ գնալ նրան, որ եթե ընտանիքում մեկն է աշխատում, բայց այդ ընտանիքն ունի 4 անդամ, ապա այդ զամբյուղի չափը բազմապատկել ընտանիքի անդամների թվաքանակով: Այս հարցը լուծելուց հետո մենք չենք ունենա սոցիալական ծանր վիճակում հայտնված մարդիկ: Սա հատկապես աշխատող մոդել է աղքատ խավի սոցիալական խնդիրների լուծման համար: Այս մոդելը կիրառվում է Կանադայում, Էստոնիայում, Հնդկաստանում, Մալայզիայում և մի շարք երկրներում: Հապճեպ լուծումներով մենք երբևէ չենք կարողանա ստանալ այն արդյունքը, որն ակնկալում ենք»,- ներկայացրեց նա:

Գրիգորյանն ընդգծեց նաև, որ համահարթ հարկման համակարգի գնահատականները իրարամերժ են, իրարից տարբերում են 180 աստիճանով, իսկ դա նշանակում է, որ համակարգը խնդիրներ ունի, և այս տեսքով օրենքի ընդունումն ուղղակի անթույլատրելի է, քանի որ այն առնչվում է մեր հասարակության գրեթե բոլոր շերտերին:

Անդրադառնալով օրենսդիրի տնտեսական հանձաժողովի կողմից հրավիրված հանրային լսումներին` տնտեսագետը նշեց, որ հայեցակարգային շատ հարցեր հնչեցին, բայց անհասկանալի կերպով մերժողական պատասխան ստացան: «Ավելին` դրանք մերժեցին քննարկել նույնիսկ: Այս օրենքը, ամենայն հավանականությամբ, կընդունեն, ու ես համոզում ունեմ, որ հանրային լսումները դա լեգիտիմացնելու համար են»,- ամփոփեց Գրիգորյանը: