կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-25 10:58
Քաղաքական

Այս Հարկային օրենսգիրքը չի լուծում կարևորագույն հարցը, դեմ ենք քվեարկելու օրինագծի փաթեթին. ԼՀԿ

Այս Հարկային օրենսգիրքը չի լուծում կարևորագույն հարցը, դեմ ենք քվեարկելու օրինագծի փաթեթին. ԼՀԿ

Խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի Հարկային օրենսգրքի փաթեթին: ԱԺ արտահերթ նիստում այս մասին հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

Ըստ նրա` իրենց խմբակցությունը ներկայացրել է ավելի քան մեկ տասնյակ առաջարկներ հարկային քաղաքականության ռազմավարության սկզբունքների վերաբերյալ, որից ամենակարևորը վառելիքի հարկային բեռի ավելացման անթույլատրելիությունն է, մինչդեռ կառավարությունը և քաղաքական մեծամասնության իրենց գործընկները, ցավոք, չընդունեցին այս սկզբունքները։

«Առաջիկա տարիներին տարեկան 3%–ով ավելանալու է ակցիզային հարկը բենզինի, սեղմված բնական գազի և դիզելային վառելիքի համար՝ իր սոցիալական և տնտեսական հետևանքով»,- ասաց Խաչատրյանը` նշելով, որ ավելի քան մեկ տասնյակ առաջարկներ են ներկայացրել նախագծի առկա դրույթների և նույնքան էլ նոր դրույթներ ավելացնելու համար: «Ընդունվել է միայն երեքը, այն էլ՝ մասնակիորեն»,- պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է ներդրումային միջավայրին, ապա պատգամավորը,  համեմատելով Վրաստանի և Հայաստանի հարկային քաղաքականությունը, ներկայացրեց` Վրաստանում ԱԱՀ–ն 18% է, Հայաստանում՝ 20%, եկամտային հարկը Վրաստանում 20% է, Հայաստանում՝ երեք տարի հետո նոր այդքան կլինի։

Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ ավելի քան տասը գործոն են համեմատել և եկել այն համոզման, որ դրանց գերակշռող մասում Վրաստանը շատ ավելի շահեկան վիճակում է, քան Հայաստանը:

«Ամենակարևորն այն է, որ այս Հարկային օրենսգիրքը չի լուծում կարևորագույն հարցը` չի ձևավորում այնպիսի ներդրումային միջավայր, որի պարագայում ներդրողը միանշանակ որոշում կկայացնի հօգուտ Հայաստանում ներդրումների կատարման։ Մեզ պետք  է նոր Հարկային օրենսգիրք, սա է պատճառը, որ մենք դեմ ենք այս օրինագծին»,- եզրափակեց ԼՀԿ ներկայացուցիչը: