Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում այսօր այն պահն է հասունացել, որ պետք է ավելի հանրային և բաց քննարկել այն հարցերը, որոնք ակումբի անդամները նպատակահարմար են գտնում. լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ խոսելով «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքի մասին:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ օրակարգային երեք հարց կա՝ անվտանգության խնդիրները արցախյան բանակցությունների ներկայիս վիճակում, մեր հասարակության շրջանում տիրող մթնոլորտը և դատական համակարգի, դատական իշխանության այսօրվա վիճակը:
«Քննարկվելու է այն, թե ինչպես անել, որ թույլ չտանք դատական համակարգը ևս դառնա այս իշխանությունների կցորդը»,- պարզաբանեց Աղվան Վարդանյանը՝ ընդգծելով, որ բիրտ ճնշումներ կան դատական համակարգի վրա, և դատավորների աշխատանքը միջնադար է հիշեցնում:
Նրա համոզմամբ՝ Հայաստանն իրավական պետություն չէ:
«Ես այսօր տեսնում եմ, որ Հայաստանում իշխանությունից դուրս կան առնվազն 5-6 տարբեր ուժային կենտրոններ, որոնց մտահոգությունները նույնն են: Կկարողանա՞ն նրանք գտնել այն ոսկե միջինը, ընդհանուր, միասնական օրակարգը: Կարծում եմ՝ այսօր, իրոք, անհրաժեշտ է հստակ օրակարգեր ձևավորել, որոնց շուրջ հասարակությունը կհամախմբվի»,- ընդգծեց Վարդանյանը:
Նախկին պատգամավորն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, այդ թվում՝ Արցախի խնդրի շուրջ ընթացող բանակցություններին: Նա ասաց, որ իրականում այս 1.5 տարվա ընթացքում տարբեր հակասական հայտարարություններ է լսել:
«Այն, ինչ հիմա կատարվում է բանակցային փուլում, մտահոգիչ է. բանակցություններն այսօր փակուղում են»,- նշեց Աղվան Վարդանյանը և, խոսքը եզրափակելով, ասաց, որ խնդիր է դառնում նաև այն, որ մեկ տարի առաջվա հայտարարություններն ու ներկայիս հայտարարությունները հակասում են իրար: Նրա կարծիքով՝ այս խնդիրը կարող է մեծացնել պատերազմի վտանգը: