կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-21 13:48
Հասարակություն

Նման գործելաոճը չի բխում իրավական պետություն կառուցելու և խնդիրները բացառապես օրենքի շրջանակներում լուծելու սկզբունքներից. Հանրային խորհուրդ

Նման գործելաոճը չի բխում իրավական պետություն կառուցելու և խնդիրները բացառապես օրենքի շրջանակներում լուծելու սկզբունքներից. Հանրային խորհուրդ

Հանրային խորհուրդը մայիսի 20-ին արտահերթ նիստ է անցկացրել՝ քննարկելու Հայաստանի դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը. տեղեկացնում են Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից:

Խորհրդի անդամները նախ անդրադարձել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչին:

Հնչել են տարբեր կարիծքներ ու դիրքորոշումներ, սակայն շատերը լուրջ մտահոգություն են հայտնել այդ երևույթի վերաբերյալ՝ նշելով, որ նման գործելաոճը չի բխում իրավական պետություն կառուցելու և խնդիրները բացառապես օրենքի շրջանակներում լուծելու սկզբունքներից։

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն, իր կարծիքը հայտնելով Փաշինյանի կոչի, ինչպես նաև դրան հաջորդող ելույթի մասին, մասնավորապես ասել է․«Ստեղծված իրավիճակը կարող է շատ վտանգավոր լինել մեր երկրի համար։ Դատական համակարգն ամբողջ աշխարհում ծառայում է օրենքին, այն պետք է անկախ լինի թե՛ գործադիր իշխանությունից, թե՛ օրենսդիր իշխանությունից և թե՛ ժողովրդի մեծ կամ փոքր հատվածների ճնշումներից՝ առաջնորդվելով միան օրենքով։ Որոշումների անհամաձայնության դեպքում կան բողոքարկման մեխանիզմներ, և ժողովուրդը չի կարող թելադրել, թե դատարանն ինչ որոշումներ կայացնի։ Այո, դատական համակարգը մեզ մոտ մտահոգիչ է, բայց այն իդեալական չի նաև ամբողջ աշխարհում, և բարեփոխումներ իհարկե պետք են։ Այս առումով Բարձրագույն դատական խորհուրդն ունի իրավական լայն լիազորություններ, և առանց վեթթինգի կամ անցումային արդարադատության իրականացման այդ խնդիրները կարելի է լուծել»։

Հանրային խորհրդի նախագահը, արտահայտելով իր տեսակետը անցումային արդարադատության վերաբերյալ, նաև նշել է, որ դրա անցկացման համար մեր երկրում չկան համապատասխան նախադրյալներ, և այն ավելի շատ բացասական հետևանքներ է թողնելու Հայաստանի միջազգային վարկանիշի վրա։

Վազգեն Մանուկյանը մտահոգություն է հայտնել վարչապետի ելույթում հնչած՝ Արցախ-Հայաստան փոխհարաբերությունների, «դավադիր պատերազմ հրահրելու», «որոշ տարածքներ հանձելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու» հայտարարությունների վերաբերյալ։

Նա վտանգավոր ու վնասակար է գնահատել նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրությունը։

Հանրային խորհուրդը քննարկում է ծավալել դատական բարեփոխումների գործընթացի իրավական լուծումների շուրջ։ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանն այս հարցերի, մասնավորապես անցումային արդարադատության և վեթթինգի վերաբերյալ ներկայացրել է ծավալուն տեղեկատվություն, որից հետո խորհրդի տարբեր անդամներ արտահայտել են իրենց տեսակետները։

Ամփոփելով քննարկումը՝ Հանրային խորհուրդը որոշել է ամենայն ուշադրությամբ հետևել ՀՀ կառավարության և Ազգային ժողովի նախաձեռնած դատական բարեփոխումների գործընթացին և Հանրային խորհրդի հարթակն օգտագործել մասնագիտական, փորձագիտական քննարկումների կազմակերպման և այդ քննարկումների արդյունքում կառավարությանը դիրքորոշում և առաջարկներ ներկայացնելու նպատակով։