ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել ենք Արցախում քննչական կոմիտեի ձևավորման վերաբերյալ մի շարք հարցեր: Հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ քննչական կոմիտեի ձևավորումը ևս մեկ քայլ է ԱՀ-ն պետականաշինության, ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու գործում:
«Քննչական կոմիտե ունենալը շատ կարևոր է յուրաքանչյուր քրեական գործի շրջանակներում օբյեկտիվ քննություն ապահովելու համար: Վստահեցնում եմ, որ ունենալու ենք պրոֆեսիոնալ քննչական կոմիտե, որը ինքնուրույն, իր լիազորությունների շրջանակում արտագերատեսչական սկզբունքով կատարելու է նախաքննություններ»,-մասնավորապես ասել է Հ. Գրիգորյանը:
Հանդիպմանը մասնակցած ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ ԱՀ-ում քննչական կոմիտե ունենալն անհրաժեշտ է:
«Մոտ երեք ամիս առաջ հանրապետության նախագահը հանձնարարել է, որ մշակվի քննչական կոմիտեի մասին օրենք և դրան համապատասխան օրենքներում կատարվեն մի շարք փոփոխություններ: Դրանք առաջին հերթին ուղղված կլինեն մարդու իրավունքներին և ազատությունների պաշտպանությանը: Ստեղծելով քննչական կոմիտե՝ մենք կունենաք արտագերատեսչական մի մարմին, որը ինքնուրույն դերակատարությունը կունենա: Բոլոր քննիչները, որոնք կան տարբեր գերատեչություններում, այսուհետ կաշխատեն կոմիտեի կազմում: Նրանք հնարավորություն կունենան այդ քննությունն ավելի անկողմնակալ իրականացնելու: Արդեն պատրաստ է քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծը: Այն մշակելու ժամանակ մենք խորհրդակցել ենք ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների հետ: Նաև շուրջ 20 օրենքներում կատարում ենք փոփոխություններ: Օրենքն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով: Նախատեսվում է օրենքն ուժի մեջ մտցնել հուլիսի 1-ից»,-ավելացրել է Ա. Դանիելյանը: