Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Չերնոգորիա, Ալբանիան և Իսլանդիան միացել են Թուրքիայի դեմ Եվրամիության պատժամիջոցներին։ Պատժամիջոցների պատճառը Կիպրոսի ջրային տարածքներում և տնտեսական գոտում Թուրքիայի կողմից իրականացվող ապօրինի որոնողակա, հորատման աշխատանքներն են։ Այս մասին, ըստ «ՏԱՍՍ» գործակալության, նշված է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ. հայտնում է Yerkir.am-ը։
«Թեկնածու-երկրներ (ԵՄ անդամագրության համար) Հյուսիսային Մակեդոնիան, Չերնոգորիան և Ալբանիան, ԵՄ տնտեսական գոտում գտնվող Իսլանդիան, ինչպես նաև Հայաստանը միացել են ԵՄ որոշմանը։ Նրանք կապահովեն, որ իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանի ԵՄ որոշմանը։ ԵՄ-ն ողջունում է դա», - նշում է Բորելը։
ԵՄ-ն դեռևս փետրվարի վերջին ընդլայնել էր Թուրքիայի դեմ պատժամիջոցները։
Կիպրոսի ջրային տարածքում հայտնաբերվել էին բնական գազի խոշոր պաշարներ։ Ի պատասխան Թուրքիայի գործողությունների՝ դեռ 2019 թ. սեպտեմբերին Կիպրոսը ֆրանսիական Total և իտալական Eni ընկերությունների հետ համաձայնության էին եկել Կիպրոսի ջրերի 7-րդ սեկտորում համատեղ աշխատանքների շուրջ, սակայն Թուրքիան հոկտեմբերին այնտեղ ուղարկեց սեփական հորատող նավը՝ ռազմանավերի ուղեկցությամբ։
Թուրքիան Կիպրոսի ջրեր է ուղարկել երկու հորատող նավ՝ Ֆաթիհ և Յավուզ, և մեկ սեյսմիկ աշխատանքների իրականացնող Բարբարոսա Հայրեդդին Փաշա նավը։ Ի դեպ՝ նավերի անունները պատահական չեն ընտրված. Ֆաթիհը (նվաճող)՝ Կոստանդնուպոլիսը գրաված Մեհմեդ Ֆաթիհ սուլթանի, Յավուզը (Ահեղ) Մեքքան, Մեդինան և Եգիպտոսը գրաված սուլթանի՝ Սելիմ Յավուզի, իսկ սեյսմիկ աշխատանքներ տանող նավը Օսմանյան կայսրության հայտնի ծովային հրամանատար, ծովահեն Հայրեդդին փաշայի պատվին է անվանակոչվել։
Թուրքիան հայտարարում է, որ այդ ջրային տարածքներում իրավունքներ ունեն նաև կիպրոսցի թուրքերը և իր գործողություններն արդարացնում է նրանով, որ հայտարարում է միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հետ կնքված պայմանագրի մասին, որով էլ «իրավունք» է ստանում գործունեություն ծավալել այդ տարածքներում։