կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-08 15:47
Քաղաքական

Եթե ունենայինք իրավական պետություն, Սյունիքի համայնքապետերի մեղադրանքները կառաջադրվեին ՔՊ-ական մարզպետերին․ Աղվան Վարդանյան

Եթե ունենայինք իրավական պետություն, Սյունիքի համայնքապետերի մեղադրանքները կառաջադրվեին ՔՊ-ական մարզպետերին․ Աղվան Վարդանյան

Այն, որ Փաշինյանն անսահման վրեժխնդրություն, քինախնդրություն ունի բոլոր նրանց հանդեպ, ովքեր իր հասցեին մի «թթու» խոսք են ասել, և փորձելու է իր ուժային հրահանգներով զսպել, պատժել, ակնհայտ է։ Դա նրա բնույթից է բխում․ անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի նկատմամբ քրեական հետապնդումներին՝ ասուլիսում կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Սյունիքի համայնքապետերի նկատմամբ իշխանության գործողությունները Վարդանյանը երկու շերտի դասեց։

«Առաջինը՝ քինախնդրությունն ու նրանց պատժելու անհագ ցանկությունը, երկրորդը՝ պայմանավորվածությունները, բանակցությունները, Սյունիքի խնդիրը։ Սրանք քաղաքական հետապնդումներ են, որոնք ակնհայտորեն կապ չունեն ՀՔԾ-ի կամ ՔԿ-ի մեղադրանքների հետ։ Եթե մենք ունենայինք իրավական պետություն, իրավական համակարգը գործեր, այդ կարգի մեղադրանքներ կառաջադրվեին ՔՊ-ական բոլոր մարզպետերին, քաղաքապետերին»,- ասաց Աղվան Վարդանյանը։ 

Նա ակնհայտ համարեց Հայաստանում ՔՊ-ական, միակուսակցական համակարգ ձևավորելու՝ իշխանության նպատակը, որն արտահայտվում է նաև ՏԻՄ-երի ղեկավարներին փոխելով։

Աղվան Վարդանյանը խոսեց նաև իրենց խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արմեն Չարչյանի կալանավորման մասին:

«Գենետիկ ատելություն․ իր բնույթից, տեսակից ելնելով՝ ատելություն ինտելեկտուալ, ազգային, պետական մտածողություն ունեցող մարդկանց՝ էլիտայի հանդեպ․ Փաշինյանի բոլոր գործողություններն այս 3 տարվա ընթացքում դրան են ուղղված եղել։ Արմեն Չարչյանի պարագան հատուկ է՝ արտահայտվող «ես ում հետ ինչ ուզենամ՝ կանեմ» մտածողությամբ»,- ասաց Վարդանյանը:

Նա ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ Արմեն Չարչյանը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, և այս դեպքում սլաքն ուղղվել է «Հայաստան» դաշինքի դեմ։

«Արմեն Չարչյանի դեպքը եզակի է, բայց եթե լայն դիտարկենք, ուղղված է «Հայաստան» դաշինքի դեմ։ Փաշինյանի վախերն են արտահայտվում ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ։ Նա Չարչյանի օրինակով փորձում է իր վախը փոխանցել հասարակությանը»,- ասաց պատգամավորը։