կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-03 16:25
Հասարակություն

Իրավական տեսանկյունից հնարավոր չէ երկու նախագիծ ունենալ. Աղվան Վարդանյան

Իրավական տեսանկյունից հնարավոր չէ երկու նախագիծ ունենալ. Աղվան Վարդանյան

Տեւական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում սահմանադրական բարեփոխումների երկու տարբերակի մասին: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ընդգծեց` զարմանալի է, որ նաև ՀՀԿ-ական պատգամավորներն են խոսում երկու հնարավոր տարբերակի մասին: Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել այն հայեցակարգին, որն, ըստ էության, խորհրդարանական համակարգ է ենթադրում:

 

«Հանրապետության նախագահը չի հանձնարարել աշխատել երկու տարբեր նախագծերի վրա: Հանձնախումբն աշխատում է միայն մեկ նախագծի վրա, որը ենթադրում է խորհրդարանական համակարգ: Վստահ եմ՝ ունենալու ենք մեկ տարբերակ եւ դա լինելու է` անցում խորհրդարանական համակարգի»,- ընդգծեց Վարդանյանը:

 

Նա նաեւ հույս հայտնեց, որ խնդիրների, առաջացած հարցերի մասով մասնագետները Սահմանադրության տեքստում լուծումներ կգտնեն: «Ես համոզված եմ, որ աշխատանքային խումբը քաղաքական ուժերի, առաջին հերթին` ՀՅԴ-ի աջակցությամբ կգտնի իրավական ճիշտ պատասխաններ»,- ասաց Վարդանյանը եւ հավելեց, որ իրավական տեսանկյունից հնարավոր չէ երկու նախագիծ ունենալ:

 

Վարդանյանը առկա մտավախությունների հետ կապված եւս մեկ անգամ շեշտեց, որ հնարավոր է լուծումներ գտնել: Նա ընդգծեց նաեւ, որ թեեւ բոլորը կենտրոնացած են կառավարման համակարգի վրա, բայց ՀՅԴ-ի առաջարկությունները եւ հայեցակարգը վերաբերվում է բոլոր ոլորտներին: Ներկայացված հայեցակարգը, ըստ Աղվան Վարդանյանի, 80 տոկոսով համապատասխանում է ՀՅԴ-ի պատկերացումներին: