Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հայաստանը նշում է Սահմանադրության օրը։ Երկրի մայրն օրենքն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի ՀՀ հանրաքվեով: 2005 և 2015 թվականներին Սահմանադրությունը հանրաքվեներով փոփոխության է ենթարկվել։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «մեզ պետք է նոր Սահմանադրություն»։ Միաժամանակ տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ այսօր բարձրաձայնում են, որ հենց իշխանության ներկայացուցիչների կողմից ոտնահարվում է ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ օրենքները։
«Այս խորհրդանշական օրով արձանագրում ենք, որ երկրում ունենք սահմանադրական կարգի տապալված իրավիճակ, սահմանադրական կարգի տապալումը մի դրվագով չի դրսևորվել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Նա նշեց, որ այս ճգանաժամային իրավիճակը մի սահմանադրաիրավական նորմի խախտմամբ չէ, օրինակները բազմաթիվ են վերջին 6 տարիների ընթացքում. սկսած 2018 թվականից դատարանների շրջափակման միջադեպից, որը տեղի ունեցավ երկրի գործադիր իշխանության ղեկավարի հրահանգմամբ, ավարտված, այսպես կոչված, սահմանազատման հակաիրավական գործընթացով, տարածքների հանձնման խայտառակ գործընթացով, որը, ըստ ՀՀ Սահմանադրության, կարող էր իրականացվել հանրաքվեի արդյունքում։
«Սահմանադիրը Հայաստանի տարածքի փոփոխության հարցերի վերաբերյալ որոշման կայացումը լիազորել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացուն։
Կրկին սևը սպիտակի վրա գրված սահմանադրական պահանջն արհամարհելով՝ հանձնվում են հայկական տարածքներ»,- ասաց Գ.Մելոյանը։
Սահմանադրագետն ընդգծեց՝ նորմալ չէ, որ օրենքները խախտվում են բարձրաստիճան պաշտոնյաների, իշխանության ներկայացուցիչների կողմից. «Հաճախ պրակտիկայում ու մարդկանց մոտ մանիպուլյատիվ տպավորություն ու շփոթ է ստեղծվում, որ այս թերացումների պատճառը ոչ ճշգրիտ ու ոչ ամբողջական Սահմանադրության տեքստն է, մինչդեռ Սահմանադրության տեքստն ու օրենքները խելագարության կանխավարկածով չեն գրվում, ստեղծված են բնականոն պայմաններում իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով։ Բնավ նորմալ չէ, իրավական պետությունը իր ժողովրդավար տարրով ստեղծված է նրա համար, որ նման իրավիճակներ չստեղծվեն, որ կոնկրետ անձինք, պաշտոնյաներ պաշտոնի գալով՝ չկարողանան ամենաթողության միջավայր ձևավորել։
Պրակտիկ դաշտում ունենք իրավիճակ. խորհրդարանն իր աննախադեպ մեծամասնությամբ դարձել է գործադիր իշխանության սպասարկուն։ Այստեղ արձանագրվում է իշխանության երկու թևերի միահյուսում, իսկ դա արդեն հատուկ է ավտորիտար պետական ռեժիմ ունեցող պետություններին։
Այս իրավիճակը նորմալ չէ, դրա համար նախատեսված են լուծումներ, ուղղակի լուծումը իրավապահ մարմինների հարթությունում է գտնվում. երբ մեկ պաշտոնյա իրեն թույլ է տալիս խախտել Սահմանադրության, օրենքների պահանջները, պարտականությունները, պետք է գործեր հարուցել, այդ մարդուն պատասխանատվության կանչել, դրա հիմքով էլ դադարեցնել նրանց լիազորությունները»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրության օրվա առիթով հղած ուղերձին, մասնավորապես որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն, քանի որ գործող Սահմանադրությունը «քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում, ... Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության և այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին», Գոհար Մելոյանն ասաց.
«Բավականին վտանգավոր պրոցես է, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում Ադրբեջանի պահանջներին ու շահին զուգահեռ գործընթացները կյանքի կոչելուց։ Օրեր առաջ ունեցանք Ադրբեջանի հերթական հրապարակած փաստաթուղթը, Ադրբեջանի վերնախավի պարբերաբար բնույթ կրող հայտարարությունները առ պահանջ մեր սահմանադրական փոփոխությունների, Փաշինյանն էլ հունվարից օրակարգ է դարձրել նոր Սահմանադրության ընդունումը։ Իսկ այդտեղ ուղղակիորեն վտանգ է թաքնված՝ Անկախության հռչակագրից հրաժարում։ Իսկ Անկախության հռչակագրից հրաժարումը ուղղակիորեն հարված է հասցնելու մեր պետության իրավական տարրերին, իրավահենությանը, դրանից հետո անմիջապես Ադրբեջանը աշխարհի համար բարձրացնելու է Հայաստանի՝ որպես իրավական պետություն գոյության հարցը։
Գալիս ենք հետևության, որ Նիկոլ Փաշինյանը սպասարկելով Ադրբեջանի պահանջը, ի կատար ածելով Ադրբեջանի սպառնալիքները՝ հերթական խաղաքարտն է զոհում, քամուն տալիս՝ այս անգամ արդեն վտանգի տակ դնելով Հայաստանի երրորդ հանրապետության գոյության իրավական հենքը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությամբ։